Armsport.am-ը գրում է.
ՀՖՖ-ի շտաբ-գրասենյակում, ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիս տվեց:
- Պարոն Հայրապետյան, Դուք ժամանակին ավելի հաճախ էիք մամուլի ասուլիսներ տալիս...
- Դուք ճիշտ եք նկատել: Ցավոք սրտի, այսօրվա լրատվամիջոցները չեն ծառայում հասարակությանը, այլ ուղղակի ծառայում են որոշ մարդկանց շահերին: Ամեն մեկը բացել է լրատվամիջոց եւ աղավաղում է, ինչպես որ ցանկանում է: Իհարկե, խոսքը բոլորին չի վերաբերվում: Ժամանակին ես ասացի, որ թմրանյութ օգտագործողներին ծեծում եմ: Վերցրել էին միայն «ծեծել» բառը եւ տեսանյութ սարքել... Հիմնական պատճառը դա է:
-Ինչպե՞ս կգնահատեք նախորդ ընտրական փուլը եւ ի՞նչ կասեք նոր մարզչի փնտրտուքի վերաբերյալ:
- Մենք մեր առջև խնդիր էինք դրել՝ նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր, բայց դա չի ստացվել: Համարում եմ ընտրական փուլը ձախողված: Ես ափսոսում եմ, որ գլխավոր մարզիչը հեռանում է: Ես շատ կցանկանայի աշխատել Վարդան Մինասյանի հետ, քանի որ շատ լավ գիտեմ նրա կարողությունները, նրա նվիրվածությունն աշխատանքին: Ափսոսում եմ, որ ինձ չհաջողվեց համոզել նրան, որպեսզի մնա թիմում: Ես դեռ կփորձեմ նրան համոզել, որպեսզի մնա: Վարդան Մինասյանի պայմանագիրը լրանում է այսօր: Այսօր 14:00-ին գործկոմի նիստ է, որի ժամանակ նա հանդես կգա հաշվետվությամբ: Երկու անգամ համոզել եմ, բայց նա մերժել է: Ես սրտանց ցանկանում եմ, որ նա մնա: Ես ներսից գիտեմ, թե նա ինչ պոտենցիալ ունի: Նա բարձրակարգ, միջազգային մակարդակի մարզիչ է: Ես հպարտանում եմ, որ մենք ունենք նման մարզիչ:
Բանակցություններ ընթանում են մի քանի մարզիչների հետ: Չեմ ցանկանում եմ անուններ տալ: Եթե հստակ տեղեկություն լինի, ապա անմիջապես կհրապարակեմ: Ժամկետներ ասել չեմ կարող:
- Վարդան Մինասյանը հայտարարել է, որ նոր մարզիչը կլինի իսպանացի կամ իտալացի: Կնդրեի՝ հստակեցնել:
- Վարդան Մինասյանն ինձ էլ է խորհուրդ տվել, որ գլխավոր մարզիչը լինի իտալացի կամ իսպանացի, քանի որ մեր խաղացողների որակները նման են այդ երկրների խաղացողներին: Դա չի նշանակում, որ միայն իտալացի կամ իսպանացի է լինելու հավաքականի գլխավոր մարզիչը: Չի բացառվում, որ լինի գերմանացի… Հիմա չկառչեք, ասեք, թե իմ մականունի հետ եմ կապում (ծիծաղում է): Հնարավոր է՝ լինի նաեւ արգենտինացի…
- Ի՞նչ խաղեր են սպասվում հավաքականին:
- Խաղերի մասին տեղեկություն կլինի, երբ տեղի ունենա վիճակահանությունը:
- Հնարավո՞ր է, որ հայազգի մարզիչ գլխավորի ազգային թիմը:
- Ես սրտանց ցանկանում էի այդ դերում տեսնել Միշել Տեր-Զաքարյանին, բայց նա կտրուկ հրաժարվեց, քանի որ պայմանագիր ունի: 2008 թվականին էլ հրավիրել եմ, բայց կրկին հրաժարվել է: Նա հայ է, ունի հայի մտածելակերպ, բայց հրաժարվեց: Հայ ուրիշ մարզիչ ես չեմ տեսնում… Եթե մենք լուրջ խնդիրներ ենք դնելու, ապա պետք է բարձր որակների մարզիչ:
- Եվրո-2016-ի ընտրական փուլում, ի՞նչ խնդիր է դրվելու Հայաստանի հավաքականի առջև:
-Եթե այս մահվան խմբում խնդիր էր դրված դուրս գալ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, ապա, բնականաբար ,Եվրոպայի առաջնության ընտրական փուլում էլ խնդիրը եզրափակիչ փուլ դուրս գալն է:
- Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ անցկացնելու ցանկություն է հայտնել նաեւ Հայաստանը: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հնարավորությունները:
- Դա կախված է մեզանից, թե որքանով ենք պատրաստ դրան: 150 էջանոց փաստաթուղթ են տվել մեզ, որը պետք է ուսումնասիրենք: Կախված է նաեւ ՈւԵՖԱ-ի գործկոմի բարի կամքից: Դժվար է, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ ստացվի:
- Ինչպե՞ս կմենաբանեք երիտասարդական հավաքականի մարզչի փոփոխությունը: Արդյո՞ք մարզչական խնդրով էին պայմանավորված երիտասարդականի անհաջող ելույթները:
- Միգուցե, սուբյեկտիվ կարծիք է, բայց՝ այո, ես գտնում եմ, որ մարզչի խնդիր էր:
- Մյուս հավաքականներու՞մ էլ սպասենք մարզչական փոփոխություններ:
- 19 տարեկանների մարզիչը արդեն տեղափոխվել է երիտասարդական հավաքական: 17 տարեկանների մարզիչը նորմալ է աշխատել: Այդ տարիքային հավաքականից որեւէ սպասելիքներ չունեինք: Այնտեղ մարզչական խնդիր չկա: Վաղուց գիտեինք, որ այդ տարիքային խմբերում պոտենցիալը շատ ցածր է: Այդ հավաքականում ես 2-3՝ ապագա ունեցող ֆուտբոլիստ եմ տեսնում: Իսկ, ահա, 1999 թվականի ծնվածների քանակը բավական շատ է եւ կարող ենք ունենալ որակ եւ արդյունքներ:
- Տեղյակ ենք, որ ֆեդերացիան մշտապես արտասահմանում որոնում է հայազգի ֆուտբոլիստների: Կա՞ն նոր խաղացողներ, որոնք առաջիկայում կարող են հրավեր ստանալ:
- Բազմաթիվ անգամ նշել եմ, որ դա ֆեդերացիայի սուրբ գործն է: Դա շարունակական պրոցես է: Մենք փորձելու ենք ընդգրկել բոլոր այն ֆուտբոլիստներին, ովքեր իրենց որակներով համապատասխանում են: Իսկ նոր խաղացողների մասին հնարավոր կլինի խոսել, երբ մարզչի հարցը լուծենք:
- Լուրեր են տարածվել, որ Վարդան Մինասյանը կարող է աշխատել Ղազախստանում:
- Կարծում եմ, որ այդ հարցը պետք է ուղղել Վարդան Մինասյանին: Վարդանն՝ ինքը պետք է որոշի: Ես սրտանց կուզենամ, որ նա մնա Հայաստանում, աշխատի Բարձրագույն խմբի թիմերից մեկում, օգուտ տա հայկական ֆուտբոլին: Իհարկե, Ղազախստանում աշխատելը նրան օգուտ կտա, քանի որ ավելի բարձրակարգ առաջնությունում կաշխատի:
- Վերջերս հայտնի դարձավ, որ որոշ ակումբներ ֆինանսական խնդիրներ ունեն: Ֆեդերացիան ամեն տարի ստուգումներ է անցկացնում: Ինչպիսի՞ ֆինանսական վիճակում են հայկական ակումբները:
- Բացառությամբ մի քանի ակումբների, մնացածի վիճակը վատ է: «Բանանց», «Փյունիկ», «Գանձասար» եւ «Շիրակ»… Մնացած ակումբների վիճակը վատ է:
- Եթե հավաքականը գլխավորի արտասահմանցի, նա բնակվելո՞ւ է Հայաստանում:
- Մենք ընտրելու ենք մարզչի, այլ ոչ թե տուրիստի: Բացի այդ, պետք է խորհրդակցեմ ազգային սպորտի ղեկավարների հետ, որ հետո չբարկանան…