1in.am-ը գրում է.

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն այսօր հայտարարեց, թե ոչ ինքը, ոչ էլ իր տղան խնդիր չունեն: Յ. Վարդանյանը եկել էր  խորհրդարան՝ մասնակցելու բյուջետային քննարկումներին: Իր նախարարությանը վերաբերող ծախսերի քննարկումն ավարտելուց հետո նա հենց ամբիոնի մոտից այսպիսի հայտարարություն արեց.

 «Այս վերջին մեկ շաբաթվա մեջ իմ շուրջ, իմ տղայի հետ կապված բոլորը խոսակցությունների մասին նախ ես բոլորիդ ասեմ, որ բացարձակապես որևիցե խնդիր չունեմ. չունի ոչ տղաս, ոչ էլ ես: Ու այդ հարցերով թող ընդհանրապես ինձ չդիմեն»:

 Այս հայտարարությունից հետո Յ. Վարդանյանը պատգամավորներին խնդրեց իրեն ուղեկցող տալ, որ կարողանա խուսափել լրագրողների հարցերից: Եվ նրան լրագրողների ճիրաններից փրկելու պարտականությունը ստանձնեց ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի աշխատակից Քնարիկ Ցականյանը՝ երգչուհի Նանայի մայրը: Իսկ Յ. Վարդանյանը դահլիճից դուրս գալով՝ բջջային հեռախոսով փակեց իր բերանը: «Ընդեղ բերանս կապեցին և ուղարկեցին ստեղ: Ես ձեզ ասեցի, որ որևիցե խնդիր չունեմ՝ ոչ անձնապես, ոչ տղայիս հետ կապված, ոչ էլ առավել ևս՝ այն, ինչի մասին որ ընդհանրապես խոսում են»,- ասաց նա:

 - Այսինքն՝ ձեր տղան թմրանյութ չի՞ տեղափոխել, և նրան անօրինակա՞ն են կալանավորել:

 - Անօրինական որ լիներ՝ ընդեղ չէր լինի:

 - Այսինքն՝ թմրաբիզնեսով չի՞ զբաղվել:

 - Դա ձեր կարծիքն է, որ զբաղվում է:

 - Իսկ ինչո՞ւ է կալանավորված:

 - Որովհետև պետք է, որ կալանավորվի:

 Եվ երգչուհի Նանայի մայրը Յ. Վարդանյանի թևն ընկած՝ նրան փախցրեց լրագրողների «ճիրանից»: Այնուհետև լրագրողների վրա հարձակվեց սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմի նորանշանակ ղեկավար Մհեր Անանյանը, թե՝ ինչու են իր նախարարին հարցեր տալիս:

 Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասի և  215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը» և «թմրամիջոցների մաքսանենգությունը»: Դավիթ Վարդանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել հոկտեմբերի 15-ին՝ Սյունիքի մարզի քննչական բաժնում: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նրան նախ բռնել են Իրանում, ապա իմանալով, որ նախարարի տղա է, խուսափել են սկանդալից և ուղարկել են Հայաստան: Եվ այժմ նա գտնվում է Ազգային անվտանգության մեկուսարանում՝ «ԿԳԲ-ի պադվալում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել