«Եւ Նա ասաց նրանց. «Ո՛վ անմիտ եւ թուլասիրտ մարդիկ,
որ դժուարանում էք հաւատալ այն ամենին, որ ասացին
մարգարէները: Չէ՞ որ Քրիստոս պէտք է նոյն այդ
չարչարանքները կրէր եւ այնպէս մտնէր Իր փառքի մէջ»»
(Ղուկաս ԻԴ 25-26):
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգոյն Սրբոյ, ամէն:
Մենք փառք ենք տալիս Տիրոջը, ով Իր ներկայությամբ լույս է սփռում մարդկանց սրտերում:
Քիչ առաջ մենք լսեցինք ավետարանական պատմությունը Էմավուսի ճանապարհին կատարված հրաշքի մասին: Այն պատմում է, թե ինչպես Տեր Հիսուս Իր Հարությունից ժամեր անց հայտնվեց Իր աշակերտներին և խոսեց նրանց հետ: Ճամփորդներն այնքան ընկճված էին, որ նույնիսկ չճանաչեցին իրենց Վարդապետին: Բայց Տերն Իր խոսքերով և ներկայությամբ փարատեց նրանց կասկածները` փոխանցելով նրանց հույսի և հավատքի ավելի խորը զգացումը և գիտակցումը` Աստծո փրկարար զորության:
Նրանք վերադարձան Երուսաղեմ և կիսեցին իրենց ուրախությունը Քրիստոսի հետևորդների հետ՝ այդպես փարատելով անհավատությունը և վհատությունը այն փոքրիկ խմբի, որը շուտով պիտի դառնար Եկեղեցին: Վերնատունը Երուսաղեմում, և համախմբված աշակերտերը ներկայացնում են Քրիստոսի Սուրբ Եկեղեցին իր ամբողջական ու փառավոր միության մեջ: Դա իրականացումն է հարուցյալ Տիրոջ խոսքերի. «Ոչ թէ դուք Ինձ ընտրեցիք, այլ Ես ձեզ ընտրեցի եւ ձեզ կարգեցի, որ դուք գնաք եւ պտղաբեր լինէք, եւ ձեր պտուղը մնայ, եւ ինչ էլ որ Իմ անունով Հօրիցս խնդրէք, ձեզ տայ: …Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց» (Հովհ. ԺԵ 16-17):
2000 տարի հետո մենք յուրաքանչյուրս նույնպես ուրույն ճանապարհով շարունակում ենք այդ առաքելությունը: Մեր Տիրոջ այս խոսքերը՝ հիշված Սուրբ Հովհաննես Ավետարանչի կողմից, անտարակույս, նույն հնչողությունն ունեն այս հավաքի համար: Այսօր մենք նմանապես միատեղ և միասիրտ ենք՝ հավաքված որպես ճշմարիտ Որթատունկի ճյուղեր: Մեզանից յուրաքանչյուրը տարբեր է և յուրահատուկ, բայց մենք շիվերն ենք միևնույն արմատի: Մեզ միավորում են մեր ընդհանուր հավատքը առ Քրիստոս, մեր իրական սերը Աստծո հանդեպ: Միության այս օրինակն է, որ էկումենիկ շարժման բոլոր մասնակիցները նախ և առաջ կոչված են ցուցաբերելու: Մենք պետք է ձգտենք հոգևոր միության, հավատքի և ծառայության միության, ողջ աշխարհում վկայության միության հանուն Հիսուս Քրիստոսի և Նրա Սուրբ Եկեղեցու:
Այդ վկայությունը նշանակում է խոսել Քրիստոսի անունով և գործել Նրա ներկայությամբ` պարզասրտությամբ և առանց երկմտության: Անշուշտ, մեր խոսքն ու գործը պետք է լինեն կշռադատված, սթափ և պատասխանատու, նույնիսկ, որոշ պարագաներում նրբազգաց: Այսուհանդերձ, սահմանափակել կամ ստվերել մեր միության Սկզբնաղբյուրին, նշանակում է` «բարձունքի լույսը գրվանի տակ դնել»: Դա նշանակում է թաքցնել լուսավորության միակ աղբյուրը, որը կարող է ճեղքել աշխարհի խավարը և հստակություն հաղորդել մարդկության տեսիլքին:
* * *
Ճշմարտություն է, որ նախա-Աստվածաշնչյան հեթանոս մշակույթներն այնքան էլ չէին հոգում աշխարհի աղքատների մասին: Սակայն ժամանակակից հասարակությունը նույնպես շատ քիչ ուշադրություն է հատկացնում մեզ շրջապատող աղքատությանը` լինի դա նյութական, թե հոգևոր:
Հակառակ այս իրողությանը՝ Հիսուսն օրհնեց աղքատներին: Հիսուսն Իր կարճատև կյանքն ու ծառայությունն ընծայեց, որպեսզի սփոփի հոգով աղքատներին և կանխի մարդկության նյութական և հոգևոր աղքատացումը: Հիսուս էր, որ լինելով լրումն օրինաց և մարգարեից, առանցքային մտահոգություն դարձրեց այս արժեքները մարդկության համար և դարձրեց չափորոշիչ մեր մարդկայնության:
Մեր Տերը նույնպես հստակեցրեց, որ աղքատության խնդրի և մարդկային բոլոր ախտերի ապաքինումը պետք է բխի հենց Քրիստոսի անձից, Քրիստոսի իշխանության մեր ճանաչումից, Նրա զոհաբերության և Հարության երախտապարտ ընդունումից և Նրա` «հետևիր ինձ» սիրալիր հրավերին, մեր ողջ սրտով արձագանքումից:
Այս հասկացությամբ մեր Տերը հաստատեց Եկեղեցին՝ լինելու միջոցը Քրիստոսի մերձավորության այս աշխարհում: Եվ այդ առումով համաժողովի թեման առավել արդիական է այսօր, քան երբևէ. «Կյանքի Աստված, առաջնորդի´ր մեզ արդարության և խաղաղության` նախ և առաջ զորացնելով Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելությունը»:
Այսօր աշխարհի ամենամեծ խնդիրներից գերագույնը նախ և առաջ մարդու հեռանալն է Աստծուց, հաճախ կամավոր հեռանալը, հպարտ դիմադրությունը սիրող և արդար Գերագույն Էակի գաղափարի հանդեպ: Այս դիմադրությունը և հեռացումն Աստծուց ոչ այլ ինչ է, քան թողտվություն՝ արհամարհելու մարդու իրավունքը և ընդունելի համարելու նպատակին հասնելու ցանկացած միջոց:
Քրիստոնեությունը մեզ այլ ուղի է ուսուցանում. առաջնորդում է մեզ այլ ճանապարհով`Էմավուսի ճանապարհով: Այդ հրաշքը հիշեցնում է մեզ, որ նույնիսկ ակնհայտ պարտության ժամանակ Քրիստոս մեզ հետ է: Նա հեռու չէ, այլ հավերժորեն մոտ է: Նա մեզ հետ է նույնիսկ այն ժամանակ, երբ մենք չենք ճանաչում Նրան: Նա սատարում է մեզ, սնուցում է մեր հոգիները և բացում մեր միտքը: Եվ այսպես գործելով՝ Քրիստոս ոգեշնչում է մեզ` այլոց հետ կիսելու մեր ունեցածը մեծահոգությամբ, եղբայրության ոգով և հույսով:
Քրիստոսի միջոցով մենք քաջալերվում ենք հոգալու այլոց մասին, հարգելու մեր նմանին առանց բացառության՝ արժանապատվորեն և սրբությամբ: Սա է Քրիստոսի Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը, որը չի կարող իրագործվել որևէ վարչական կառույցի կողմից կամ փոխարինվել տեխնոլոգիայով: Ինչպես որ այս հավաքի խորագիրն է առաջարկում, այդ առաքելությունը զորացնելը առաջին և ամենագլխավոր քայլն է այն ճամփորդության, որը տանում է դեպի աշխարհ, որտեղ խաղաղությունն ու արդարությունն են իշխում: Եվ այնտեղ հասնելու համար մենք պետք է ամենայն խոնարհությամբ կամք դրսևորենք` առաջնորդվելու Կենարար Աստծո կողմից:
* * *
Նա մեզ առաջնորդում է դեպի բազմաշերտ աշխարհ՝ «բազմաթիվ օթևաններով հարկ», որտեղ կյանքի տարբեր ուղիներ ընտրած մարդիկ կարող են գտնել իրենց իրական օթևանը: Այդ տան հիմքը և հիմնարար արժեքները հստակ են:
Հիմնարար արժեքների մեջ առաջինը բարոյականությունն է: Բարոյականության մասին շատ կարելի է խոսել, բայց ամենակարևորն այն է, որ այն ուսուցանվում է օրինակով, և այդ օրինակը պետք է գա Եկեղեցուց: Մենք, որպես Եկեղեցու առաջնորդներ, պետք է բարոյական արժեքների օրինակ տանք, որոնք մենք ցանկանում ենք տեսնել աշխարհում և մեր շուրջը:
Որպես Եկեղեցի՝ մեր քարոզչությունը պետք է լինի Քրիստոսի սիրո և կարեկցանքի դրսևորման օրինակը: Այն խտրականություն կամ պայմաններ չպետք է դնի, այլ պետք է ողջունի բոլորին սիրո ոգով: Մենք չենք կարող երաշխավորել արդյունքը, որ այն ամբողջությամբ կբուժի մեր հասարակությունների վերքերը, բայց այն մեր հասարակություններին կօժտի այդ վերքերը բժշկելու հոգևոր միջոցներով:
Երկրորդ հիմնարար արժեքը կրթությունն է: Կրթությունը ջամբում է հարգանք մարդու նկատմամբ, սերմանում մարդկանց մեջ փոխըմբռնում և փոխգործակցություն: Այն ապահովում է նախապես անհասանելի հնարավորություններ և դրանով վերացնում բաժանումը դասերի, էթնիկ խմբերի, կրոնական և սոցիալական խավերի միջև: Ճշմարիտ կրթությունը թույլ է տալիս մարդկանց` դուրս գալու մարդկության բարգավաճ կյանքի հավերժական թշնամիների` սնահավատության, դաժանության, ատելության, նախապաշարմունքի մութ քարանձավից:
Ժամանակին կրթությունը հասու էր քչերին: Բայց 20-րդ դարը համընդհանուր կրթությամբ վերափոխում բերեց աշխարհի մեծ մասում: Սա իրապես նշանակալի շրջադարձ էր, որն արտահայտում է մարդկանց հավասարության քրիստոնեական բարոյական ըմբռնումը և ճշմարտությունը գիտակցելու նրանց աստվածատուր կարողությունը:
Այսօր մենք չպետք է թույլ տանք, որ Եկեղեցին հեռու լինի ժամանակակից կրթական հաստատություններից: Մենք պետք է բարձր պահենք Եկեղեցու ինքնությունը՝ որպես ամենամեծ կրթական հաստատություն մարդկության պատմության զարգացման ընթացքում: Մենք պետք է ներկա գտնվենք կրթության բոլոր հարթակներում, իրազեկ լինենք մարդկային հարցադրումների մեծ դաշտում: Մենք պետք է ուղղորդենք գիտության, հատկապես բարձր տեխնոլոգիաների բոլոր ձեռքբերումները դեպի մարդու բարօրություն, ինչը կբարձրացնի և կհարստացնի մարդային կյանքը և ոչ թե կվնասի կամ կքանդի այն:
Երրորդ արժեքը, որը սերտորեն կապված է բարոյականությանը և կրթությանը, ընտանիքի հիմնարար հաստատությունն է: Այսօր մենք անհանգստացած ենք ոչ միայն տեսնելով, որ ընտանիքը զրկված է հասարակական աջակցությունից, այլ նաև` ընտանիքի գաղափարի աղավաղումով: Աստվածաշնչյան ժառանգության և 2000 տարվա քրիստոնեական քաղաքակրթության ըմբռնումը շատ պարզ է: Կնոջ և տղամարդու միությունը, սերունդների փոխշաղկապվածությունը, որ ներառում է երեխաներին, ծնողներին և ավագ ծնողներին. այս է մարդկության մեջ ճշմարիտ բազմազանության արտահայտությունը: Ընտանիքը խորն իմաստով իրականացնում է մեր այն հույսը, որ իրենց զանազանությամբ մարդիկ կարող են միանալ սիրո բեղմնավոր միությամբ:
Մեր հավատքը ընտանիքը որպես «դպրոց» է հռչակում, որն ուսուցանում է մարդու ամբողջականության մասին: Կուզեինք ավելացնել նաև, որ այս ընկալումը համահունչ է տարբեր քաղաքակրթություններում և ավանդական կրոններում ընդունված պատկերացումներին:
Իհարկե, որպես քրիստոնյաներ, մենք բացառիկ դեր ունենք ընտանեկան կյանքի զորացման մեջ, քանզի դա մեզ դնում է Աստծո հետ երկխոսության խորը հարաբերության մեջ: Ի՞նչ է Սուրբ Ընտանիքը այն մարդու համար, ով երբեք ականատես չի եղել ավանդական ընտանիքին: Ինչպե՞ս մենք կհասկանանք Մանուկ Հիսուսի հրաշքը, եթե երեխայի ծնունդը ավելի բեռ է համարվում, քան` օրհնություն հույսի: Ո՞րն է «Հայր մեր» աղոթքի իմաստը հասարակության մեջ, որտեղ հայրությունն արժեզրկվում է:
Զոհաբերության այս տեսակը, որը հաճախ ընտանեկան կյանքի մի մասն է, ամբողջապես համապատասխանում է քրիստոնեության կոչին` զոհաբերվել դիմացինի համար և հոգ տանել թույլերի մասին: Երբ ընտանիքն անկում է ապրում, Եկեղեցին նույնպես թուլանում է: Հետևաբար, մենք կենսական կարևոր դեր ունենք ուժեղ, բարի և սիրող ընտանիքներ ձևավորելու և պաշտպանելու գործում:
Եվ վերջինը` ի՞նչ կարող ենք ասել խաղաղության արժեքի մասին: Խաղաղությունը մեր աշխարհում դեռ մնում է որպես երևակայական իրողություն: Մենք հավատում ենք, որ այս իրողությունը 21-րդ դարի ամենաահավոր և ապաբարոյական անակնկալն է: Քրիստոնեական 3-րդ հազարամյակի համար մենք բոլորս ունեցել ենք ավելի դրական, ավելի հուսալի ակնկալիքներ աշխարհից, քան այն, ինչ մենք հիմա տեսնում ենք մեր շուրջը:
Հատկապես ցավալի են քաղաքացիական խռովությունները, աճող բռնությունները և շարունակվող պատերազմները Մերձավոր Արևելքում, հատկապես`Սիրիայում և Եգիպտոսում: Վստահաբար մեր սրտերը բոլոր այն մարդկանց հետ են, ովքեր տուժում են անօրինականություններից և բռնություններից: Մենք աղոթում ենք բոլոր ընտանիքների համար` անկախ նրանց էթնիկ, կրոնական և ռասսայական պատկանելիությունից, և աղոթում ենք Աստծուն ռազմական հակամարտությունների շուտափույթ դադարի համար, որպեսզի գերիշխեն բանականությունն ու երկխոսությունը:
Որպես Եկեղեցու անդամներ, մենք խորապես ազդվում ենք մեր եղբայրների և քույրերի անասելի տառապանքներից: Վերջին տարիներին մենք ավելի հաճախ ենք տեսնում, թե ինչպես ծայրահեղականների կողմից երբեմն նաև իշխանությունների անտարբերությամբ դավանանքի պատճառով բռնություններ են կիրառվում քրիստոնյաների նկատմամբ: Առաքյալների ժամանակներից սկսած այս քրիստոնյա համայնքները, նրանց մեջ` նաև հայերը, ապրել են ստեղծագործ կյանքով և խաղաղության մեջ ողջ Մերձավոր Արևելքում` նպաստելով տարածաշրջանի երկրների զարգացմանը: Քրիստոնյաները պատմականորեն խաղաղություն կերտողի դեր են ստանձնել ողջ տարածաշրջանում: Եվ այսօր նրանց հանդեպ վերաբերմունքը արդարության քննություն է իրենց երկրներում, ցուցանիշ, թե արդյո՞ք մարդու հիմնարար իրավունքները հարգվում են տեղական իշխանությունների և բնակչության մեծամասնության կողմից: Բռնություններին զոհ գնացող քրիստոնյաները ողջ Մերձավոր Արևելքում մեր օրերի մարտիրոսության վկաներն են: Դա մեր և մեր երկրների, ինչպես նաև այս համագումարի համընդհանուր խնդիրն է՝ միավորել մեր խոսքն ու գործը՝ կանխելու նման բռնությունները և նպաստելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
Այս իրականությունը առանձնակի ուժգնությամբ է առնչվում մեզ` որպես հայ քրիստոնյայի: Մեր քրիստոնյա եղբայրների տառապանքները շատ ծանոթ են մեր ժողովրդին: 2015 թ.-ին Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և աշխարհի տարբեր երկրներում մեր ժողովուրդը հիշատակելու է իր պատմության ամենամեծ ողբերգության` Հայոց Ցեղասպանության 100-ամյակը, որը ոճրագործվել է Օսմանյան Թուրքիայի կողմից: 1915 թվականից չորս սերունդներ են անցել, սակայն այդ արհավիրքի հիշողությունը մնում է կենդանի, և արդարության փնտրտուքը, թեկուզև միայն պաշտոնական ճանաչման պարզ գործողության միջոցով, չի դադարելու:
Սա պիտի հիշեցում լինի, որ այսօր աշխարհում տեղ գտնող դաժանությունը և դժբախտությունը ստվեր են գցելու 22-րդ դարի վրա և դրանից հետո: Մենք երախտապարտությամբ ենք նշում, որ ԵՀԽ-ն, մեր քույր Եկեղեցիները և ավելի քան 20 երկրներ պաշտոնապես ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: Բայց պատկերացրեք՝ ինչպիսի ցավից և դժբախտությունից կարող էին խուսափել ոչ միայն մեր ժողովուրդը, այլ նաև Եվրոպայում, Աֆրիկայում և այլ մայրցամաքներում ավելի ուշ տեղի ունեցած ցեղասպանությունների զոհերը, եթե աշխարհը ձեռնարկեր կանխելու մեկ դար առաջ` 1915 թ. իրականացված ոճրագործությունը:
Որպես Եկեղեցիներ, մենք պետք է բողոքենք այն բոլոր հանցագործությունների դեմ, որոնք այսօր տեղի են ունենում աշխարհի աչքի առաջ: Եվ մենք պետք է համարձակ խոսենք մարդու իրավունքների համընդհանուր ուսմունքի մասին, անկախ այն բանից, թե այն ներառում է կյանքի համար պայքարը Սիրայում և Եգիպտոսում, թե այն պայքար է ինքնորոշման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Մենք պետք է հաստատենք միաձայն, որ այս հիմնական իրավունքների խախտումը չի հանդուրժվելու աշխարհի ոչ մի ծայրում, քանի որ առանց արդարության և մարդու իրավունքների հաստատման, այն խաղաղությունը, որը մենք փնտրում ենք, կլինի ժամանակավոր և փխրուն:
* * *
Մնայուն արժեքները, որոնք մենք ընդգծել ենք այստեղ, քրիստոնեության 2000 տարվա պատմության պտուղներն են: Նրանք այն ժառանգության մասն են, որը մենք, որպես Եկեղեցի, ժառանգել ենք: Դրանց խթանումը մարդկային հասարակության մեջ այն առաքելության մասն է, որին մենք կոչված ենք: Մենք պետք է իրականացնենք այդ առաքելությունը մեծագույն խոնարհությամբ: Բայց մենք նաև պետք է մեծապես վստահ լինենք, որ մարդկային այդ արժեքները միշտ գտել են իրենց ամենաբարձր դրսևորումները ի Քրիստոս Հիսուս և Նրա հիմնադրած շարժման մեջ:
Այսօր աշխարհում ամենուր ականտես ենք լինում խառնաշփոթի և ցավի տարբեր դրսևորումների: Հատկապես դժվարին պահերին ենք պատկերացնում, որ հազիվ ենք տեսնում Քրիստոսին: Բայց այստեղ նորից Էմավուսի հրաշքը ուսուցանում և մխիթարում է մեզ: Էմավուսի ճամփորդները ևս շփոթված և հուսալքված էին: Նրանք ևս չճանաչեցին Տիրոջը: Բայց երբ հարուցյալ Փրկիչը մոտեցավ նրանց, նրանց ուղեկիցը դարձավ ու փարատեց նրանց մտահոգությունները, Նրա բառերն ու ներկայությունը աշխարհը իմաստավորեցին:
Սա մի պատգամ է, որ մենք պետք է ընդունենք որպես Եկեղեցի, որպես Քրիստոսի մարմին երկրի վրա: Մեր ձգտումը՝ նպաստելու խաղաղությանը և արդարությանը և յուրաքանչյուր մարդկային բարիքի, սկսվում է մեր ժողովուրդների` Քրիստոսի հետ իր ճանապարհին հանդիպումով: Մենք պետք է մոտենանք նրանց կարեկցությամբ, ուղեկից դառնանք նրանց, օգնենք նրանց տանելու իրենց բեռը: Այս վեհ նպատակը հետապնդելիս մենք պետք է մեր ոտքերը ամուր դնենք գետնին՝ նայելով մեր ժողովրդի աչքերի մեջ, խոսելով նրանց հետ Հիսուս Քրիստոսի անունից, գործելով նրանց մեջ Հիսուս Քրիստոսի ներկայության համոզումով:
Այսօր Մեր սիրտը ուրախությամբ և մխիթարությամբ է լցվում, որ միացել ենք այս համաժողովի աղոթքին՝ խնդրելով Աստծուն, որ զորացնի Քրիստոսի Սբ. Եկեղեցու այս հուսալի առաքելությունը: Թող այս ոգին միշտ պարուրի մեր սրտերը և թող այն առաջնորդի մեզ դեպի ճշմարիտ խաղաղություն և արդարություն մեր Տեր և աշխարհի Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով:
Շնորհակալություն ևս մեկ անգամ այս համաժողովին դիմելու հրավերի համար, ի Քրիստոս եղբայրական սիրո ջերմ մթնոլորտում:
Թող Տիրոջ շնորհը, սերը և խաղաղությունը ձեզ հետ, մեր ժողովուրդների հետ լինեն: Ամեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/frvahram.melikyan/posts/615240708539212?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել