1in.am-ը գրում է.
Չորեքշաբթի երեկոյան Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոն կժամանի Մոսկվա, որտեղ կմասնակցի երկկողմ համագործակցության հարցերով ռուս-ֆրանսիական հանձնաժողովի 18-րդ նիստին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախարարների կաբինետի մամլո ծառայությանը:
Վարչապետի այցի պաշտոնական ծրագիրը սկսվում է հինգշաբթի: Նախատեսվում է Էյրոյի հանդիպումը Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Նոյեմբերի 1-ին վարչապետը կմասնակցի ռուս-ֆրանսիական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին: Ակնկալվում է, որ հանդիպման ավարտից հետո կստորագրվեն մի շարք փաստաթղթեր՝ ուղղված տարբեր ոլորտներում ռուս-ֆրանսիական համագործակցության ընդլայնմանը, առևտրային պայմանագրերի կնքմանը:
Ֆրանսիայի կառավարության ղեկավարին Ռուսաստան այցի ընթացքում կուղեկցեն Ֆրանսիայի գիտության և կրթության, գյուղատնտեսության, տրանսպորտի, փոքր ձեռնարկությունների, ինովացիայի և թվային էկոնոմիկայի հարցերով նախարարները: