Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը Tert.am –ի հետ զրույցում անդրադառնում է պատգամավորական աշխատավարձերի բարձրացմանը և դրա վերաբերյալ մեկնաբանություններին, թե ճիշտ չէ պատգամավորի աշխատավարձը բարձրացնելը, քանի որ այդ գումարը կարելի է ավելի արդյունավետ օգտագործել։ Հովհաննես Սահակյանն ասում է, որ այն պատգամավորները, ովքեր այդքան մտահոգ են, որ նման հարցադրումներ են անում, շատ օգտակար կլինի, որ իրենց աշխատավարձի ավելացված մասը փոխանցեն մանկատներին, ծերանոցներին։


- Պարո՛ն Սահակյան, երկրում սոցիալական լարված իրավիճակ է, աղքատության պաշտոնական ցուցանիշը բավական բարձր է՝ 35%, ըստ փորձագիտական աղբյուրների՝ շատ ավելի բարձր: Փաստը մնում է փաստ, որ կառավարությունը մի ձեռքով բարձրացնում է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, մյուս ձեռքով կտրում աղքատ գործազուրկների նպաստը: Չե՞ք կարծում, որ սա այն դեպքն է, երբ պոպուլիզմը մի քիչ չէր խանգարի Հանրապետական կուսակցությանը:

- Նախ՝ ասեմ, որ Հանրապետականը պոպուլիզմի հետ կապված, իհարկե, «խնդիրներ» ունի, այսինքն՝ պոպուլիզմով չի կարող զբաղվել և չի զբաղվում այն պարզ պատճառով, որ իշխանություն է: Եթե «պոպուլիզմ» բառը վերծանենք, դա ընդամենը՝ ժողովրդահաճո, ականջ շոյող ինչ-որ նախադասություններ, բառակապակցություններ են: Իսկ մենք ռեալ գործ անելով՝ գիտենք նաև ռեալ կարողություններն ու հնարավորությունները, թե ինչ կարող ենք անել, ինչքան բարձրացնել կամ խնդիրներն ինչ չափով կարող ենք լուծել:

-Լավ, էսպես ասեմ՝ առողջ պոպուլիզմը…

- Սխալ է նաև այդ գործազրկության նպաստները բերել և կապել բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին օրենքի հետ՝ մեկ պարզ պատճառով: Գործազրկության նպաստը չի կտրվում, չի վերացվում, այլ ընդամենը խթանում են, ուղղորդում են, որպեսզի այն անձինք, ովքեր այս կամ այն պատճառով գործազուրկ են, կարողանան գտնել աշխատանք, աշխատանքով ապահովեն իրենց ապրուստը, կյանքը, կենսագործունեությունը: Դրանք տարբեր բաներ են, և պետք է նշեմ, որ «Բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին» օրենքով միայն պատգամավորին և նախարարի աշխատավարձերը չեն բարձրանում. 165 հազար պետծառայողներ աշխատավարձերի բարձրացում են ունենալու: Եվ այստեղ, եթե չեմ սխալվում, չնչին տոկոս է կազմում բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը: Իհարկե, հասկանում ենք, որ կան մարդիկ, քաղաքական թիմեր, ովքեր ոչ միայն պոպուլիզմով են զբաղվում, այլև՝ փորձում են իրենց քաղաքական թիմի խաթարված անունը, հեղինակությունը վերականգնել: Դա, կարծում եմ՝ այնքան էլ ճիշտ չէ:

- Պարո՛ն Սահակյան, Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ պատգամավորներ կան, ովքեր տուն են պահում աշխատավարձով: Այսուհանդերձ, որքան տեղյակ եմ՝ թե՛ ՀՀԿ, և թե՛ ԲՀԿ խմբակցություններում ո՛չ գործարար պատգամավորները ծրարներով գումար են ստանում իրենց քաղաքական վերնախավերի կողմից:

- Ես չգիտեմ՝ ինչի մասին է Ձեր հարցադրումը, ինչի՞ են փոխանցում, և ո՞ր քաղաքական թիմում է էդ ծրարներով գումար փոխանցելու ավանդույթը, բայց մեր խմբակցությունում կան պատգամավորներ՝ ես, նաև իմ մի շարք գործընկերները, ովքեր աշխատավարձով են ապրում: Եվ շատ ընդունելի է և՛ Էդմոն Մարուքյանի շեշտադրումը, և՛ Արծվիկ Մինասյանի, և՛ իմ մյուս գործընկերների, որ եթե ընդամենը փորձես որպես մեծամասնական պատգամավոր կապ ապահովել ընտրատարածքիդ հետ, վառելիքի գումարը կարող է չհերիքել: Եվ հայտնի է, որ ԱԺ պատգամավորին իր գործունեության համար հավելյալ ներկայացուցչական ծախսերի համար առանձին տողով ֆինանսավորում չկա: Եվ դրա համար է, որ երբ մեր աշխատակազմի ղեկավարը ներկայացնում էր ԱԺ բյուջեի հոդվածները, հարցադրում արեցի, թե՝ մենք ունե՞նք ներկայացուցչական, ներքին գործուղումների համար նախատեսված գումար, և արդյոք դա բավարա՞ր է, որպեսզի մենք կարողանանք իրականացնել մեր գործունեությունը և ԱԺ վերահսկողական ֆունկցիան:

- Այստեղ Ձեզ ընդհատեմ: Խոսում եք ներքին գործուղումների մասին, մինչդեռ հայտնի է, որ պատգամավորները, որպես կանոն, արտերկիր գործուղումների են մեկնում, և կան այնպիսիք, որոնք այսօր թռչում են Մոսկվա, վաղը՝ Բրյուսել, մյուս օրը՝ Ստրասբուրգ: Գուցե պակասեցվեն արտաքի՞ն գործուղումների համար ներկայացուցչական ծախսերը:

- Համաձայն չեմ, քանի որ աշխարհը մի փոքր վերափոխվել է, և ընկալումներն էլ փոխվել են: Մենք տեսնում ենք, որ խորհրդարանական դիվանագիտությունն օրեցօր ավելի ընդլայնվում է: Այսինքն՝ արտաքին աշխարհի հետ հարաբերությունները, այլ երկրների խորհրդարանների հետ կապերը շատ դինամիկ աճ են ապրում: Պետք է հասցնել աշխատանք տանել և՛ որպես պատգամավոր, և ՛ բարեկամական խմբերում, որովհետև շատ հաճախ հենց այդ խմբերում են խնդիրներ լուծվում՝ հաստատված արդյունավետ հարաբերությունների առումով: Եվ այս համատեքստում շատ կարևոր է, որպեսզի կարողանաս Եվրապարլամենտում ունենալ քո թիմը, կարողանաս ԱՊՀ երկրներում ունենալ թիմ, ինչը միայն հեռախոսազանգերով կամ նամակագրական կապերով, ինտերնետային փոստով չես կարող ապահովել: Կան մի շարք միջոցառումներ՝ սկսած Եվրանեսթից մինչև այլ խորհրդարանական վեհաժողովներ, որոնց պարտավոր ես մասնակցել՝ համաձայն գրված կամ չգրված օրենքների, և հատկացվող գումարը ոչ միայն քիչ է, այլև, կարելի է ասել, ծիծաղելի է և չի էլ բավականացնում: Եվ դա քո անձնական կապերի համար չէ: Դրա համար, ինչպես ԱԺ աշխատակազմի ղեկավարը նշեց, որոշակի գումարներ ուղղվում են տնտեսումների և ծախսերը մի տողից մի տող տեղափոխելու արդյունքում: Ասեմ նաև, որ մենք շատ ենք խոսում այլ երկրների լոբբիների մասին, բայց չենք կարողանում ազնիվ լինել և ասել, որ տարբեր երկրների ուժեղ լոբբին ոչ թե միայն այդ պատգամավորների, իրենց արտաքին քաղաքականությունը մշակող և իրականացնող երկրների մտավոր ունակություններով է պայմանավորված, այլ շատ դեպքերում նաև՝ ֆինանսական կարողություններով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել