Emedia.am-ը գրում է.
Հարավային Կովկասի երեք պետություններում ավարտվեց 2012-13 թվականների ընտրական շրջանը։ Տարածաշրջանի արդյունքներն ու սպասվող մոտակա զարգացումներն ամփոփեցինք Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի հետ։
–Պարոն Մինասյան, տարածաշրջանի երեք պետություններում՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան ավարտվեցին նախագահական ընտրությունները։ Ինչպե՞ս կամփոփեիք դրանց արդյուքններն ու ի՞նչ փոփոխություններ, ըստ Ձեզ, դրանք կբերեն տարածշրանին։
–Կարծում եմ Ադրբեջանի դեպքում ամեն ինչ պարզ է, որևէ առանձնահատուկ փոփոխություններ չեն լինելու։ Միայն այն փաստը, որ մի երկրի նախագահ արդեն երրորդ անգամ է ընտրվում, արդեն ամեն ինչի մասին խոսում է։ Հայաստանի ընտրությունները դեռ մնում են փաստացի բաց, եթե չխոսենք անցկացման առանձնահատկությունների մասին,ապա ամենակարևորն այն է, որ Հայաստանի գործող նախագահը վերջին անգամ է ընտրվում ու կավարտի իր պաշտոնավարման ժամկետը։ Դա է ՀՀ ընտրությունների գլխավոր արդյունքը։ Վրաստանի դեպքում երկու կարևոր հանգամանք կա, առաջինն այն է, որ փաստացի անցած տարվանից Վրաստանը համարվում է խորհրդարանական երկիր և այս նախագահական ընտրությունները մի քիչ տարբերվում են իրենց նշանակությամբ, որովհետև իրականում իշխանափոխությունը Վրաստանում տեղի է ունեցել մի տարի առաջ, բայց մեկ տարի ձգձգվեց։ Վրաստանի ընտրությունների քաղաքական նշանակությունը մի փոքր տարբերվում է Ադրբեջանոի ու Հայաստանի դեպքերից, քանի որ երկու դեպքում էլ բարձրագույն պետական պաշտոնյան վերընտրվեց, իսկ Վրաստանում, չնայած, որ պաշտոնյան նույնն է, բայց ինքը չէր լինելու գլխավոր դերակատարը։ Սահմանադրական առանձնահատկությունների առումով անցած տարվա խորհրդարանական ընտրությունները Վրաստանի համար ավելի կարևոր էին, քան այս նախագահական ընտրությունները։
–Չի կարելի չանդրադառնալ նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած նախագահական ընտրություններին, հատկապես, եթե հաշվի առնենք, որ բավական մեծ տարբերություն կա նախկին իշխանությունների ու ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության մեջ։ Այս փոփոխություններն ինչի՞ կհանգեցնեն։
–Ի տարբերություն Հարավային Կովկասի ընտրություններին, այն ընտրությունները, որ տեղի են ունեցել Իրանում, իսկապես, միգուցե ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ նշանակություն կունենան։ Չնայած որ դեռ այդքան էլ երկար ժամանակ չի անցել, բայց այն հանգամանքը, որ, թվում է, թե Իրանի ու ԱՄՆ–ի միջև առնվազն հեռանկարային հույսեր կան երկխոսության, արդեն իսկ բավական կարևոր դեր կխաղա։ Ինձ թվում է, որ դա կախված կլինի նրանից, թե արդյոք Իրանի նոր նախագահն ի վիճակի կլինի վճռական լինել իր այդ քաղաքականության մեջ, թե՞ վերջին պահին Իրանի գլխավոր այաթոլայի կողմից իր գործողությունները կվերահսկվեն, արդյոք նա իսկապես ազատ կլինի՞, թե՞ համաձայնեցրել է իր գործողությունները երկրի հոգևոր առաջնորդների հետ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ