Lragir.am-ը գրում է.

Կարծես թե հաստատվում են տեղեկությունները, որ ՌԴ նախագահ Պուտինը դեկտեմբերի սկզբներին ժամանելու է Հայաստան: Այս այցը խիստ անհրաժեշտ է Սերժ Սարգսյանին, սեպտեմբերի 3-ի խայտառակությունից հետո:

Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը գնաց սեփական իշխանությունը պահպանելու նպատակով: Ներկայում արդեն բոլորին է հասկանալի, որ մինչ այդ Ռուսաստանի քարոզչության եւ նրա հայաստանյան «մասնաճյուղերի» ստեղծած «անվտանգության» ֆոնը՝ Ղարաբաղի կորստի սպառնալիքը, ընդամենը բլեֆ էր: Գլխավոր խնդիրն այն էր, որ Հայաստանում կազմ ու պատրաստ էր արդեն «5-րդ շարասյունը», որը Ռուսաստանի աջակցությամբ պետք է հեղաշրջում աներ, եթե Սերժ Սարգսյանը ստորագրեր Եվրամիության հետ ասոցիացիան:

Սերժ Սարգսյանն այսպիսով լուծեց սեփական իշխանության խնդիրը: Սեպտեմբերի 3-ից հետո նկատելի է, որ Հայաստանում այդ «շարասյունն» անցել է ընդհատակ: Գլխավոր խնդիրը՝ Հայաստանի ինքնուրույնության բացառումը եւ միջազգային մեկուսացումը, արդեն լուծված է:

Այս պայմաններում, ո՞րն է Պուտինի այցի իմաստը: Պուտինի համար այս այցն իսկապես որեւէ իմաստ չունի, համենայնդեպս առաջին հայացքից: Սեպտեմբերի 3-ից հետո ձնագունդը գլորվում է արագ ու Ռուսաստանին ձեռնտու հունով, Հայաստանն ամեն օր նվաստացվում ու մեկուսանում է, որի գագաթնակետը Մինսկում տեղի ունեցած Մաքսային միության վեհաժողովն էր: Այնտեղ Հայաստանին հասկացրին, որ նրան չեն սպասում «կլուբում», եւ Հայաստանը կարող է ընդամենը հավակնել «կցորդի» դերին, որի հաշվին մյուս պետությունները լուծելու են իրենց խնդիրները:

Այս իրադարձությունները Հայաստանի տարբեր շրջանակներում առիթ են տվել խոսակցությունների, ըստ որոնց Սերժ Սարգսյանը նման վերաբերմունքից հետո կարող է նաեւ 180 աստիճանով փոխել իր դիրքորոշումը եւ նոյեմբերի վերջին ստորագրել Ասոցացման համաձայնագիրը:

Ինչ որ տրամաբանություն սրանում իհարկե կա, եթե ելնենք այն կանխավարկածից, որ Հայաստանը պետություն է, ունի պետական-քաղաքական համարժեք էլիտա եւ հանրային որակյալ մեծամասնություն, որը նվիրված է անկախ պետականության կառուցման իդեալներին:

Սակայն պարզ է, որ նման բան չկա՝ Հայաստանում ժամանակի ընթացքում հանրային-պետական կյանքի բոլոր ոլորտներն ուզուրպացրել են տարբեր խմբավորումներ, քաղաքական կուսակցությունների ցուցանակի ներքո, որոնց միակ խնդիրը սեփական դիրքերի պահպանումն է ամեն գնով, այդ թվում՝ պետականությունը հանձնելու: Դրան մենք ականատես եղանք սեպտեմբերի 3-ի նախօրեին: Ոչ մի այսպես ասած քաղաքական ուժ Հայաստանում չընդդիմացավ այս ընթացքին:

Այս իրավիճակում, Սերժ Սարգսյանին խիստ անհրաժեշտ է, որ Պուտինը գա Հայաստան, որով կամրագրի սեպտեմբերի 3-ից հետո ստեղծված իրավիճակը: Պուտինն իր այցով Հայաստանում պետք է «իշխանափոխություն» անի՝ նա Սերժ Սարգսյանին պետք է նշանակի «տեղապահ»: Մինչ այդ, Սերժ Սարգսյանը չուներ իշխանություն Հայաստանի իշխանական-օլիգարխիկ համակարգի տրամաբանությամբ: Նա այսպես ասած «ասողը» չէր: «Ասողը» Պուտինն է, որը Հայաստանի քրեականացված համակարգին պետք է ներկայացնի իր «տեղապահին»: Բոլորը հավատարմության երդում են տվել Պուտինին, մնում է նշանակել տեղապահին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել