Tert.am-ը գրում է.
“ԱՐԱՐԱՏ”-“ԲԱՆԱՆՑ” 41 խաղ, +12=12-17, 44:57
30 հոկտեմբերի, ժ.18:00, Երևան, “Հրազդան” մարզադաշտ
Նախորդ մրցաշրջանում այս թիմերի միջև կայացած հանդիպումները բախտորոշ նշանակություն ունեին բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար մղվող պայքարում: “Արարատին” ի վերջո հաջողվեց շրջանցել “Բանանցին” ու խուսափել վերջին հորիզոնականից: “Բանանցն” էլ թեև եզրափակեց աղյուսակը, սակայն պահպանեց տեղը բարձրագույն խմբում, քանի որ առաջնության մասնակցությունից հրաժարվեց Դիլիջանի “Իմպուլսը”:
Ընթացիկ մրցաշրջանում 2 թիմերն էլ առաջադիմել են: Դա հատկապես վերաբերում է “Արարատին”, որը 20 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Առաջին շրջանի ավարտական խաղում “Փյունիկին” հաղթելուց հետո “Արարատը” ստանձնեց առաջատարի դերն ու տուրից տուր ամրապնդեց դիրքերը: Արարատցիներն արդեն 4 միավորով առաջ են անցել “Փյունիկից”, վերջին 7 հանդիպումներում անպարտելի են` տոնելով 4 անընդմեջ հաղթանակ:
2-րդ տուրում “Ուլիսին” հաղթելուց հետո “Բանանցի” ֆուտբոլիստներին ոչ մի կերպ չէր հաջողվում նոր հաղթանակ տանել: Եվ միայն 10-րդ տուրում “Բանանցին” վերջապես հաջողվեց հաղթանակած թողնել խաղադաշտը` առավելության հասնելով երկրի չեմպիոն “Շիրակի” նկատմամբ: Այդ հաղթանակի շնորհիվ ”Բանանցը” մոտեցավ այն թիմերի խմբին, որոնք պայքարում են մրցանակային տեղերի համար:
Հայաստանի առաջնություններում “Բանանցը” որոշ առավելություն ունի “Արարատի” նկատմամբ: Սակայն մրցակիցների ֆուտբոլային դիմակայության սկզբում առավելությունն “Արարատի” կողմն էր: 1992-1994թթ. կայացած 6 հանդիպումներից 3-ում հաղթել էին արարատցիները, 3 խաղ ավարտվել էր ոչ-ոքի: 1994թ. առաջնությունից հետո “Բանանցը” լուծարվեց: 7 տարի անց կրկին կազմավորվելով, “Բանանցի” ֆուտբոլիստները դարձյալ 2 հանդիպումներում էլ զիջեցին “Արարատին” միևնույն 0:1 հաշվով: Եվ միայն թիմերի 9-րդ հանդիպման ժամանակ` 2002թ. առաջին շրջանի խաղում “Բանանցին” վերջապես հաջողվեց առաջնությունում առաջին անգամ հաղթել արարատցիներին` 2:1: Հետաքրքիր է, որ այդ խաղում “Բանանցին” հաղթանակ պարգևած Տիգրան Եսայանն ու Կարեն Նավոյանը ժամանակին հանդես են եկել նաև “Արարատում”, իսկ ներկայումս մարզում են “Արարատ-2-ը”:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ