1in.am-ը գրում է.

Կահիրեում ձերբակալվել է ազատության մեջ մնացած «Մուսուլման եղբայրների» վերջին առաջնորդներից մեկը՝ «Ազատություն և արդարություն» կուսակցության փոխնախագահ Իսամ Արյանը: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ հղում անելով Եգիպտոսի ներքին գործերի նախարարի օգնական Ահմեդ Հելմիին: 

Վերջին մի քանի ամիսներին՝ «Մուսուլման եղբայրների» ղեկավարների ձերբակալություններից հետո, Իսամ Արյանը եղել է բողոքի ցույցերի անցկացման հարցում իսլամիստական ասոցիացիայի կողմնակիցների գլխավոր քաջալերողը: Նա իր խոսքը հղել է տեսաուղերձների միջոցով, որոնք հեռարձակվել են կատարական Al Jazeera հեռուստաալիքով՝ փոխանցում է RIA Novosti-ն:

Հաղորդվում է, որ ձերբակալության ժամանակ Արյանը դիմակայություն չի ցուցաբերել: Իսլամիստ քաղաքական գործչին, ում ներկայիս եգիպտական իշխանությունները մեղադրում են բռնության կոչեր հնչեցնելու մեջ, փնտրել են ավելի քան 3 ամիս: Երկրի 8 նահանգներում նրա որոնումներով զբաղվել են հատուկ ծառայությունների հարյուրավոր աշխատակիցներ:

Երկու ամիս առաջ ՆԳՆ-ն հայտնել էր Արյանի ձերբակալության մասին, սակայն տեղեկությունը Twitter միկրոբլոգների ցանցում հերքվել էր շարժման ներկայացուցչի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել