«Եթե ռուսաստանյան Առաջին ալիքը կիրակնօրյա վերլուծական հաղորդման մեջ ինչ-որ բան է ասում, դա չի կարող պատահական լինել։ Առավել ևս՝ չի կարող լինել որևէ հաղորդավարի նախաձեռնությունը կամ անձնական կարծիքը։ Այնպես որ՝ Իրադա Զեյնալովայի ազգային պատկանելությունը որևէ կապ չունի։ Մյուս կողմից՝ այդ հաղորդման մեջ հնչած գնահատականից պետք չէ ազգային ողբերգություն սարքել։ Այո, այն պաշտոնյան Կրեմլում, որը պատասխանատու է հեռուստատեսությունների հասարակական-քաղաքական հաղորդումների համար, ցուցում է տվել՝ անել մեր հասցեին այս ակնարկը (Մաքսային միություն չեք մտնի մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի)՝ ադրբեջանցիներին հաճոյանալու և մեզ՝ մեր տեղը ցույց տալու համար։ Նման «զախոդներ» էին անում նաև Լուկաշենկոն և Նազարբաևը։
Բայց Հայաստանին Մաքսային միություն մտնել չպարտադրելը, տվյալ դեպքում, այսպես ասած, վերջին րոպեին խփած «հեղինակության գոլն է»՝ խոշոր հաշվով պարտության պարագայում, պարզ է, որ 1:5 պարտվելը փոքր-ինչ ավելի մխիթարական է, քան 0:5։ Խնդիրը պետք է տեսնել Ռուսաստանի քաղաքականության, քարոզչության ընդհանուր համատեքստում, որտեղ ոչ միայն մենք, այլև Հարավային Կովկասի երեք հանրապետությունները՝ գումարած Մոլդովան, պակաս մտահոգիչ են, քան Ուկրաինան։ Գլխավոր պատճառն, իհարկե, այդ երկրի մեծությունն է և աշխարհագրական դիրքը, ինչպես նաև այն, որ Վիյնյուսում ստորագրվելու է Ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ, ոչ թե նախաստորագրվելու է, ինչպես մնացած պետությունների դեպքում։
Ռուսաստանի ղեկավարությունը շարունակում է աշխարհին մոտենալ «զրոյական արդյունքով խաղի» տրամաբանությամբ՝ կամ դու իմն ես, կամ իմ թշնամին ես, կամ Ուկրաինան իմ ծայրամասն է, կամ էլ իմ և Ուկրաինայի միջև անցնում է հակամարտության սահմանը։ Այստեղից էլ ոուսաստանյան համապետական հեոուստաալիքների «կապը կտրած» ուրիշ բառ չեմ գտնում) քարոզչությունը հարևան երկրի դեմ։
Ուկրաինային զգուշացնում են, թե որքան սարսափելի կյանք է նրա համար «ապահովելու» Ռուսաստանը Ասոցացման պայմանագիրը ստորագրելու դեպքում։
Իհարկե, Ռուսաստանի սպառնալիքների մի մասը կիրականանա։ Ուկրաինացիները մոտակա 2-3 տարիների ընթացքում լուրջ դժվարություններ են ունենալու։ Հնարավոր է, Ռուսաստանը հարևանների աշխարհաքաղաքական ընտրությունից վրեժ լուծելու համար անջատի նրա գազը։ Կլինեն նաև այլ «պատժամիջոցներ», որոնց վերաբերյալ սպառնալիքները ռուսական կողմից անընդհատ հնչում են։ Սակայն եթե մարդիկ գիտեն, թե հանուն ինչի են զրկանքներ կրելու, եթե ազգը ունի որոշակի՝ հստակ ձևակերպված նպատակներ, ապա նա պատվով դուրս կգա այս փորձությունից»։