Asparez.am-ը գրում է.
«Ասպարեզ» օրաթերթին դիմած Գյումրու բնակիչներից մեկը մեզ էր ուղարկել հետեւյալ գրությունը.«Որոշեցի Ձեզ ուղղել այս նամակը, քանի որ չգիտեի, թե այլեւս ում կարելի է դիմել նման խայտառակության հանդիպելով: Հարազատներիցս մեկի տանն ինձ շոկոլադե կոնֆետ հյուրասիրեցին: Երբ սկսեցինք հետաքրքրվել, թե որ երկրի արտադրանքն է, պարզվեց, որ ադրբեջանական է՝ Բաքվինը: Կոնֆետի թղթե երկու պիտակներն անգամ վերցրեցի, որ ապացույց լինի: Չմոռանամ ասել՝ սույն կոնֆետները գնվել են Գյումրու խանութներից մեկում: Դրանք արժեն 1900 դրամ. այսինքն բավական մրցունակ են մեր «Գրանտ Քենդիի» հանդեպ»:
Մեզ հետ զրույցում գյումրեցի բնակիչը նշեց, որ դա իր համար իսկական խայտառակություն է: «Այսինքն՝ մենք հզորացնում ենք մեր թշնամու տնտեսությունը, ստեղծում ենք աշխատատեղեր, լցնում ենք այդ երկրի բյուջեն, որ փամփուշտ ու զենք դառնա ու սպանի հայ զինվորին. այսինքն՝ ինքներս մենք ենք սպանում հայ զինվորին, հայ մարդուն: Կարծում ենք շատ հեշտությամբ կարող եք պարզել, որ խանութից է գնված եղել այդ կոնֆետները: Դրանք մի տեսականի չէին, այլ մի քանիսը, պետք է, որ շուկայի շրջակա խանութներից գնված լինեն: Եթե դուք այդ պիտակը մի քանի անգամ մեծացնեք, ներքեւի մասում կերեւա գրվածը՝ AZ 1031 BAKI, AZERBAYGAN»:
Զրուցակիցս նաեւ նշեց, որ ադրբեջանական կոնֆետը բոլորը կերել են, բացի իրենից եւ ասել են, որ որ վատը չէ ու փաստորեն «Գրանտ Քենդուց» նաեւ էժան է:
Նշենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի՝ 2013 թ.հունիսի 7-ի որոշմամբ, թույլատրվել է օրինական ճանապարհով Թուրքիայից եւ Ադրբեջանից Հայաստան ներմուծել սննդամթերք: Շատերին դուր չեկավ գյուղնախարարի այս որոշումը, որի արդյունքում ուժը կորցրած ճանաչվեց նախարարի՝ 2009 թվականի որոշումն այն մասին, ըստ որի, թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող կենդանական եւ բուսական հումքի ու մթերքի ներկրումը ժամանակավորապես արգելվում էր: Ոմանց կարծիքով էլ, Ս.Կարապետյանի այս որոշումը հակասում է մեր ազգային անվտանգությանը եւ անհրաժեշտություն չկա Թուրքիայից եւ Ադրբեջանից սննդամթերք ներկրել:
Արդյո՞ք իրավունք կա Հայաստան ներմուծել ադրբեջանական կոնֆետներ, հնարավո՞ր է դրանք մաքսանենգ ճանապարհով ներկրել, թե՞ մեծամասամբ Վրաստանով եւ Ռուսաստանով են ներկրվում Հայաստան: Այս հարցերի վերաբերյալ զանգահարեցինք ՀՀ գյուղատնտեսության նախարարություն: «Այնպիսի տվյալներ չկան, որ մենք Ադրբեջանից ներկրել ենք ինչ-որ ապրանք, այդ թվում՝ կոնֆետներ: Ամենայն հավանականությամբ, կամ դա մաքսանենգ ճանապարհով է մտել Հայաստան կամ ինչ-որ մեկն իր բեռի հետ բերել է եւ մի քանի կգ վաճառքի դրել»: Հնարավո՞ր է Ռուսաստանով կամ Վրաստանով ներմուծված լինի, հարցրեցի ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանին: «Դա է խնդիրը, միգուցե դա արտահանվել է ինչ-որ երկրորդ երկիր եւ մենք հանդիսացել ենք երրորդ երկիրը: Գուցե Ադրբեջանից կոնֆետը տարել են Վրաստան, ինչ-որ քաղաքացի այնտեղից գնել է եւ իր ձեռքի բեռի հետ բերել Հայաստան»,-ասաց Ա. Սուքիասյանը: Զրուցակիցս նշեց, որ օրենքը հիմա չի արգելում Ադրբեջանից կոնֆետ ներկրել, պարզապես չի ներկրվում:«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքերով, ադրբեջանական կոնֆետներ ներմուծելու մասին պաշտոնական թվեր չկան, սակայն նախորդ տարի՝ Ամանորից առաջ, մեր շուկայում ադրբեջանական կոնֆետ եղել է. «Ընդամենը 2-3 կգ է եղել, քաղաքացին Վրաստանից ինքն իր տան համար էր ձեռք բերել, եթե չեմ սխալվում Հրազդանի բաց շուկայում փորձել էր իրացնել, մինչեւ տեսուչները տեղ էին հասել, արդեն վաճառել էր»,-ասաց Բ.Պիպոյանը: Նա նաեւ նշեց, որ իրենց կազմակերպությունը բաղկացած է մի քանի հոգուց եւ պարզել, թե մարզերում արդյոք կա՞ն ադրբեջանական կոնֆետներ, թե ոչ, ռեսուրսների բացակայության պատճառով, իրենք չեն կարող իրականացնել, քանի որ հաճախ հեռավոր մարզերի հեռավոր քաղաքներում կարող են արձանագրվել նման դեպքեր: Բ.Պիպոյանն ավելացրեց, որ ժամանակին թույլատրելի չէր, սակայն այժմ, ցավոք, թույլատրելի է Ադրբեջանից կոնֆետներ եւ սննդամթերք ներմուծելը: Երբ Բ.Պիպոյանին փոխանցեցինք, որ սպառողներից մեկը Գյումրիում հայտնաբերել է ադրբեջանական կոնֆետ, վերջինս խնդրեց իրենց փոխանցել դրա պիտակները, որ անդրադառնան խնդրին:
ՀԳ: Նշենք, որ այցելեցինք Գյումրու կենտրոնական շուկայի մոտ գտնվող մի քանի խանութներ, որտեղ սակայն ադրբեջանական կոնֆետ չհայտնաբերեցինք: