Hayeli.am-ը գրում է.
ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2013թ. առաջին ինը ամսիների 1000 խոշոր հարկատուների ցանկը, որի զննումը ակնհայտ է դարձնում երկրի տնտեսական անկման ողջ «հմայքը»:Մինչև համեմատականներին անցնելը, նշենք, որ խոշորների ցանկը, ինչպես և նախկինում, գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ ավելի քան 26,356 մլրդ դրամ վճարած հարկերով։ Երկրորդ տեղում «Հայռուսգազարդն» է՝ ավելի քան 25,349 մլրդ դրամ։ Նրան հաջորդում է «Վիվասել ՄՏՍ» ընկերության սեփականատեր «Ղ տելեկոմը»՝ ավելի քան 22,303 մլրդ դրամ հարկերով, իսկ քառյակը եզրափակում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս գրիգ» ընկերություը՝ համապատասխանաբար 11մլրդ 794 մլն դրամ հարկերով։ Հինգերորդ տեղում «Արմենիա տելեֆոն կոմպանի» ընկերությունն է՝ մոտ 11 մլրդ 544 մլն դրամ վճարումներով։ Ցանկի հաջորդ տեղերում են Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշը»՝ ավելի քան 8 մլրդ 532 մլն, «Հայաստանի էլեկտրական ցանցերը»՝ ավելի քան 8 մլրդ 377 մլն, հանքարդյունաբերության ոլորտում հայտնի «Գեո պրո մայնինգ գոլդ» և «Սիփիէս օիլ քորփորեյշն» ընկերությունները՝ համապատասխանաբար 6մլրդ 455 մլն և 5 մլրդ 629 մլն վճարումներով: ՀՀ խոշոր հարկատուների ցանկի տասնյակը եզրափակում է «Ֆիլիպ մորիս Արմենիա» ընկերությունը՝ ավելի քան 5 մլրդ 342 մլն դրամ հարկերով։ Հաջորդ երկու տասնյակում բավական շատ են հայտնի գործարար Հրանտ Վարդանյանին ու նրա ընտանիքին պատկանող ընկերությունները, հաջորդն արդեն աչքի է զարնում բանկերի առատությունը: Վարդանյանների ընտանիքին պատկանող ընկերություններիցՀՀ առաջինը «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է, որը ցուցակում 16-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 3,8 մլրդ հարկային վճարումով, «Գրանդ Տոբակո», «Մասիս Տոբակո» և «Գրանդ Քենդի» ընկերությունները համապատասխանաբար վճարել են 2 մլրդ 993 մլն, 2 մլրդ 964 մլն և 2 մլրդ 777 մլն դրամ հարկ՝ զբաղեցնելով ցուցակի խոշոր հարկատուների ցանկի 23-րդ, 24-րդ և 27-րդ տեղերը: Բանկերից խոշորների ցանկի առաջին շարքերում ներգրավված են նաև բավականին շատ բանկեր, ինչը թերևս նշանակում է, որ բանկային բիզնեսը Հայաստանում շարունակում է մնալ բացառիկ հաջողվածներից մեկը: Բանկերից առաջինը «Ակբա-կրեդիտ Ագրիկոլն» է, որը մոտ 3 մլրդ դրամ վճարումով գրավում է ցուցակի 22-րդ հորիզոնականը, երկրորդ խոշոր հարկատու բանկը «Արդշինինվեստն» է, որը 2 մլրդ 737 մլն դրամ վճարումով գրավում է 28-րդ հորիզոնականը, իսկ երրորդը «Ամերիաբանկն» է, որը 2 մլրդ 460 մլն դրամ հարկերով հայտնվել է 35-րդ հորիզոնականում: «Յունիբանկը», «Արարատբանկը», «Ինեկոբանկն» ու «Հայբիզնեսբանկը» համապատասխանաբար վճարել են 2 մլրդ 242 մլն, 1 մլրդ 700 մլն, 1 մլրդ 559 մլն դրամ և 1 մլրդ 212 մլն դրամ ՝զբաղեցնելով 38-րդ, 44-րդ, 48-րդ և 62-րդ հորիզոնականները: Խոշորների ցուցակում ակնհայտ առաջընթաց են ապրել բուհերը: Ըստ այդմ՝ խոշոր հարկատու բուհերի ցուցակը գլխավորում է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որը 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 69-րդ տեղը՝ 1 մլրդ 172 մլն դրամ վճարման ցուցանիշով: Ուշագրավ է, որ անցյալ տարի նույն բուհը գրավում էր 112-րդ տեղը՝ 834 մլն 534 հազար դրամ վճարման ցուցանիշով: Երկրորդը Երևանի պետական համալսարանն է՝ 73-րդ տեղ (վճարել է 1 մլրդ 149 մլն դրամ ): Համեմատության համար նշենք, որ 2012 թվականին ԵՊՀ-ն 145-րդ տեղում էր և ևվճարել էր 668 մլն 793 հազար դրամ: Սրանք, ի դեպ, այս տարվա սեպտեմբերից ուսման վարձերը ամենաշատը բարձրացրած բուհերն են, ինչը փաստացի ակնհայտորեն երևում է նրանց վճարած հարկերից: Փաստացի Բժշկականը և ԵՊՀ-ն խոշորների ցանկում իրենց դիրքերը կրկնակի բարելավել են: Ընդհանրապես առաջընթաց են ապահովել բոլոր բուհերը՝ արդյունքում 2013-ի առաջին 9 ամիսներին պետական բյուջե մուծելով շուրջ 6,3 մլրդ դրամ, այն դեպքում, երբ նախորդ ողջ տարվա 2012 թվականի ցուցանիշը եղել է շուրջ 3,9 մլրդ դրամ: Փաստացի այս տարի բուհերը 9 ամսում, նախորդ տարվա համեմատ, 2,4 մլրդ դրամ ավելի հարկային մուծում են արել: Սա հենց այն հավելյալ եկամուտներից ստացված հարկային գանձումն է, որը բուհերին ապահովել է ուսման վարձավճարների բարձրացումը: Ուշագրավ է, որ առաջին անգամ խոշոր հարկատուների ցանկում են հայտնվել նույնիսկ Մատենադարանն ու Աշոտ Բլեյանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, բժշկական համալսարանի հենակետային քոլեջն ու «Սիմոնյան» կրթահամալիրը: Սա ընդամենը լավագույնս փաստում է, որ տնտեսությունն այնքան է նահանջել, որ այլևս թանգարաններն ու կրթական հիմնարկները վերածվել են լուրջ բիզնեսի: Եթե այս միտումը շարունակական լինի, ապա մոտ ապագայում ՊԵԿ-ի հրապարակած խոշոր հարկատուների ցուցակում կարող են հայտնվել անգամ մսուր-մանկապարտեզներն ու արևածաղիկ վաճառողները: