1in.am-ը գրում է.

Համաշխարհային բանկն ու Միջազգային ֆինանսական կորպորացիան հրապարակել են ամենամյա Doing Business զեկույցը, որտեղ Հայաստանը բարելավել է իր դիրքը 3 հորիզոնականով: Եթե անցած տարի Հայաստանը 40-րդ հորիզոնականում էր, ապա այս տարի այն 37-րդ-ում է:

Doing Business-ի ընդհանուր ինդեքսը կազմվում է 10 ենթաինդեքսներից: Դրանցից 3-ում Հայաստանը առաջընթաց է արձանագրել, 6-ում` հետընթաց, 1-ում փոփոխություն չի եղել: Առաջընթաց է գրանցվել հարկերի վճարում (9 հորիզոնականով առաջ է եկել` զբաղեցնելով 103-րդ տեղը), պայմանագրային պարտավորությունների կատարում (5 դիրքով առաջ` 112-րդ տեղ) և բիզնես սկսելու դյուրինություն (4 դիրքով բարելավում` 6-րդ տեղ) ցուցանիշներով:

Ամենամեծ հետընթացն արձանագրվել է շինարարության թույլտվություններ տալու մասով (8 հորիզոնականով հետ ենք ընկել` զբաղեցնելով 79-րդ տեղը):

Մյուս չափանիշներից են էներգացանցերին միացում, սեփականության գրանցում, վարկերի հասանելիություն, ներդրողների իրավունքների պաշտպանություն, անդրսահմանային առևտուր, որոնցում Հայաստանը 1-2 հորիզոնականով վատթարացրել է իր դիրքը: Սնանկության կարգավորում ցուցանիշով Հայաստանի դիրքն անփոփոխ է մնացել:

Տարածաշրջանի երկրներից Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը զբաղեցրել են՝ 69-րդ, 70-րդ և 152-րդ հորիզոնականները, Ռուսաստանը` 111-րդ հորիզոնականից տեղափոխվել 92-րդ հորիզոնական, իսկ Վրաստանը` 9-րդ հորիզոնականից 8-րդ հորիզոնական:

Բացի Վրաստանից, առաջին տասնյակում են նաև Սինգապուրը, Հոնկոնգը, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն ու Դանիան, Մալայզիան, Հարավային Կորեան, Նորվեգիան ու Միացյալ Թագավորությունը։

Զեկույցի հեղինակները հիմնվել են նախորդ տարվա հունիսից մինչև այս տարվա հունիսն ընկած ժամանակահատվածի ուսումնասիրության արդյունքների վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել