1in.am-ը գրում է.

Վրաստանում անցկացված նախագահական ընտրությունները եղել են թափանցիկ և լավ կազմակերպված՝ հայտարարել է ԱՄՆ Պետդեպի մամլո քարտուղար Ջեն Պսակին: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:

«ԱՄՆ-ը շնորհավորում է Վրաստանի քաղաքացիներին՝ նախագահական ընտրությունների անցկացման կապակցությամբ: Դա պատմական օր ու կարևոր քայլ է Վրաստանի ժողովրդավարական զարգացման, եվրաատլանտյան կառույցների մերձեցման ճանապարհին: Այդ ընտրությունները, անկասկած, արտահայտում են վրացի ժողովրդի կամքը»,- ասել է Պսակին:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը համամիտ է ԵԱՀԿ առաքելության եզրակացությունների հետ, որ ընտրությունները եղել են արդյունավետորեն կազմակերպված և անցել են թափանցիկ ու կառուցողական: 

Նա նշել է, որ իրենք ուշադրություն են դարձնում տեղի մակարդակով քաղաքական ճնշման մասին պնդումներին: Պսակին բոլոր թեկնածուներին կոչ է արել գործել ժողովրդավարական նորմերի համաձայն, ցանկացած հավակնություն ուղարկել ընտրական հանձնաժողով: 

Պսակիի խոսքով՝ ԱՄՆ-ը բոլոր կողմերին կոչ է անում աշխատել համատեղ՝ հասնելու քաղաքական կայունության, ուժեղ քաղաքացիական հասարակության, ժողովրդավարական և տնտեսական զարգացման: 

«Մենք մտադիր ենք աշխատել ընտրված նախագահի, կառավարության, խորհրդարանի և Վրաստանի ժողովրդի հետ՝ ռազմավարական գործընկերության ստեղծման նպատակով»,- նշել է Պսակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել