ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒՆԻ ԽԵԼՔ, ՀՈԳԻ ԵՎ ՍԻՐՏ, ՈՐՈՆՔ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ ԵՆ ԲՌՈՒՆՑՔՆԵՐՈՎ
Սարգիս Յարամակյանը ծնվել է 1960 թ. Փետրվարի 28-ին Երևանում: Արմատներով Մուսալեռցի է: 1967-75 թթ. սովորել է Երևանի թիվ 91 դպրոցում, 1978-80-ին ծառայել խորհրդային բանակում: Աշխատել է Հայէլեկտրո գործարանում, 1988-ից մասնակցել է Արցախյան շարժմանը, երկրաշարժի օրերեին մեկնել Սպիտակ և Գյումրի, օգնել տուժածներին: 
1989-ի աշնանը Սաքոն հայրենասեր ընկերների հետ մեկնեց Բերդաձոր և անդամագրվեց «Հայ Դատ» կազմակերպության կողմից հիմնադրված Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդին (ԲԻԽ): Այդ օրերին թեև զենքերը ժամանակակից չէին, փամփուշտներն անբավարար էին, կապի, տեղափոխությունների, մատակարարումների հարցերը վատ էին կազմակերպվում, բայց արդեն ջարդվում էր վախի և սեփական ուժերի հանդեպ անվստահության կառույցը.-աննկատ, համեստորեն, Սաքոյի նման անձնազոհերի ջանքերով սաղմնավորվում էր Հայոց Բանակը: Հայն արդեն վերագտնում էր իր գոյապահպանման համար անհրաժեշտ ինքնապաշտպանության գաղափարն ու զենքին ապավինելու հոգեբանությունը: 
Սաքոն մասնակցեց Եղծահող, Ծաղկաձոր, Մեծ Շեն, Հին Շեն գյուղերի ինքնապաշտպանական մարտերին, հարկ եղած դեպքում օգնելով նաև Քարին տակ գյուղի իր զինակից ընկերներին: 
1991 թ. հունվարի 17-ին, մարտական առաջադրանք կատարելիս ընկերների հետ հայտնվում են շրջափակման մեջ: Նրանցից մեկը՝ Նորագավիթցի Ստյոպան (Ստեփան Մուրադյան) զոհվում է:
Սաքոյի հուշերից. 
-Այդ օրը պետք է Հայաստանից Բերդաձոր նոր եկած տղաների անձնագրերում ժամանակավոր գրանցումներ արվեին: Ըստ հավաստի աղբյուրների, անձնագրերի նոր ստուգումներ էին սպասվում, ինչը կնշանակեր նոր սադրանքներ, ձերբակալություններ, Շուշիի բերդ և այլն:
Առնո Մկրտչյանի եղբոր՝ Արմոյի վիլիսով, Ստյոպայի և Խաչոյի հետ Մեծ Շենից ուղղություն վերցրինք դեպի Եղծահող, ուր անձնագրերում Բերդաձորի ժամանակավոր գրանցումների կնիքներ էին դնում: Ճանապարհն անցնում էր Գորիս-Ստեփանակերտ մայրուղով: Այնտեղ ռուսական բանակի հենակետ կար: Անցանք սովորականի պես, իսկ հետ վերադառնալիս մեզ միացավ նաև համագյուղացի Շիրակը: Ռուս սպան նույնիսկ ձեռքով նշան արեց, թե հանգիստ շարժվեք: Բայց հազիվ էինք մի քսան մետր անցել, երբ աջ ու ձախից կրակահերթ սկսվեց: Կինո չէր: Իրական կյանքն էր: Զգացի աջ ոտքից վիրավորվել եմ: Կռացա թաքցրածս զենքը վերցնելու՝ թիկունքիս նույնպես գնդակներ կպան: Ընկա Խաչոյի վրա: Ստյոպան ինձ գրկեց, որ օգնի, բայց անմիջապես թուլացավ: Մեր մեքենան ծակծկված ու մաղ դարձած մի 500 մետր էլ գնաց ու կանգնեց: Շիրակին գնդակ չէր կպել, Խաչոն որովայնից, Արմոն ձեռքից էին վիրավորվել: Ես գիտակցությունս կորցրել էի ու այլևս ոչինչ չէի հիշում: Հետագայում Խաչոն պատմեց, որ ցնցել է Արմոյի ուսերն ու կանչել.
-Արմո քշի՛, մի՛ կանգնի, խփում են: 
Բայց զուր, Արմոն վիրավոր էր, ինքը՝ նույնպես, բայց արագ-արագ բոլորիս քաշելով գցել է ցած, հեռացրել մեքենայից: Շիրակը բոլոր զենքերը պահել էր ձորի մեջ, և մի գիշեր էլ մնացել կամրջի տակ թաքնված: Ռուսները մեզ «շտապ» հասցրել էին Ստեփանակերտի հիվանդանոց՝ մեկ ժամանոց ճանապարհը կտրել-անցնելով հինգ ժամում: Հայ էինք: Մինչև վերջ արյունաքամ չէինք եղել: Դերասանուհի Ժաննա Գալստյանն ամեն իչ արեց, որ փրկվենք:
Մեր նկատմամբ կազմակերպված սադրանքով իրականում նախապատրաստում էին Բերդաձորի հանձնումը. դա իրականացվեց մայիսի 16-ին: («Հանուն Հայրենիքի», թիվ 9 (17), մայիս 2004 թ.,)
Սաքոյին ծանր վիճակում ուղղաթիռով տեղափոխում են Երևանի օրթոպեթիկ հիվանդանոց: Բուժմանը զուգընթաց նա մշտական օգնում էր իր մարտական ընկերներին: 
Ցավոք, նրա առողջությունն այդպես էլ վերջնականապես հնարավոր չեղավ վերականգնել և նա վախճանվեց 2013 թ. հոկտեմբերի 27-ին՝ ծանր հիվանդությունից լրիվ հյուծված: 
Սաքոյի աճյունը կամփոփվի ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 14:00-ին: 

Հավերժ փառք քեզ, Բերդաձորի հերոս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել