books.am-ը գրում է.
Ֆրանսիայում գտնվել է աշխարհի բոլոր ժողովուրդների ամենասիրելի ստեղծագործություններից մեկի՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի» մինչ այժմ անհայտ սևագիրը:
Մի կոլեկցիոներ երկու հնատիպ սևագիր թուղթ է գտել և բերել «Արտկյուրիալ» աճուրդի տուն՝ չկասկածելով անգամ, որ իր ձեռքերում «Փոքրիկ իշխանը» գրքի 17-րդ և 19-րդ գլուխների նախկինում անհայտ տարբերակներն են:
Փորձագետ Օլիվյե Դևարի խոսքով՝ ենթադրվում է, որ սևագիրը գրվել է 1941թ., իսկ գիրքն, ինչպես հայտնի է, ավարտին է հասցրել 1943թ:
Սակայն «Փոքրիկ իշխանի» ձեռագրի հայտնաբերումը միակ անակնկալը չէր. Գտնված թղթերի մեջ կա նաև Էքզյուպերիի կողմից 1932թ. գրված Պատագոնիայի մասին ձեռագիրը, որը գնահատվում է մոտ 50-60 հազար դոլար:
«Մեծահասակները թվեր շատ են սիրում», այդ պատճառով էլ դեռևս հայտնի է միայն, որ ձեռագրի համար կարող է վճարվել մինչեւ 50 հազար եվրո գումար, իսկ այն, ինչն ամենից շատն է հետաքրքրում «Փոքրիկ իշխանի» սիրահարներին՝ Էքզյուպերիի սևագիրը, որը տեղ չի գտել գրքում, դեռևս հրապարակված չէ:



