Մարդկանցից շատերն ասում են, որ սիրում են գիշերը, վայելում են մթությունն ու մշուշոտ խավարը, առկայծող աստղերն ու լիալուսինը, որ շող պիտի գցի ու լուսավորի լուռ սենյակը: Բայց ցավոք դա արդեն ձևական բնույթ է ստացել, դարձել արհեստական ռոմանտիզմ ու անտեղի լացուկոծ….
Ես սիրում եմ գիշերը… Սիրում եմ նրա լռությունը, խավարը… Գիշերն ինձ ներշնչում է, թույլ տալիս մտածել, սիրել, երազել, զգալ նրան կողքիս, թեկուզ պատկերացումներով…
Գիշերն ինձ գրկում է… Չեմ սիրում քնելու վրա ծախսել իմ սիրելի գիշերը: Նա այնքան հարազատ է ինձ… Նա իմ հույզերի, զգացմունքների, արցունքների, ուրախությունների ու տառապանքների ականատեսն է, հոգնածությանս դեղն ու սպեղանին…Նա քեզ լուռ լսում է, մխիթարում քեզ, տալիս երազանքներիդ պատկերը, պարուրում քեզ իր սառնությամբ, որ ուրիշների տաքությունից էլ ավելի հաճելի է ինձ… Նա մաքրում է արցունքներս, ինձ հետ լալիս, ինձ հետ հառաչում, բռնում ձեռքս ու ասում, որ երբ գնա, ամեն ինչ կանցնի…. Նա էլ ինձ է սիրում, գուրգուրում, մենք ստեղծված ենք իրար համար… գիշերը ծնել է ինձ…. Իզուր չէ, որ բնույթով գիշեր եմ, լուսինն իմ քարն է, իմ թալիսմանը, թեև երբեք թալիսման չեմ ունեցել:
Չեմ հասկանում ինչո՞ւ են ինձ բոլորն արև անվանում, ընկերներս, նույնիսկ դասախոսներս, ասում են, որ արևի պես եմ ժպտում, նամանավանդ, որ մազերս արևի գույնն են ստանում, ինձ կլորիկ արևից չեն տարբերում: Ես արև չեմ սիրում, ես լուսինն եմ սիրում, ես լուսինն եմ… գիշերի ու լուսնի ծնունդ եմ ես…
Բոլորը քնած են: Ես անկողնում թավալ եմ գալիս, խաղում գիշերվա հետ, նա ինձ խուտուտ է տալիս ու անվերջ ծիծաղեցնում, մեկ էլ միասին հիշում ենք ցավն ու դառնությունը, արտասվում միասին, գրկում իրար, խեղդում ենք գոռալու ցանկությունը… Հետո նա նուրբ գրկում է ինձ, խաղում մազերիս հետ, քնքշորեն գրկում, զգում եմ այտիս նրա համբույրի հետքերն ու խաղաղ ննջում….