ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ Ռ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՄԻ ՔՈՄԵՆԹԻ ԱՌԹԻՎ
Առաջին հայացքից կարող էի գնահետել ձեր ֆեյսբուքյան ակտիվությունը՝ մտածելով, թե հայրենի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները հետևում են իրենց վարկն ու հեղինակությունը բարձրացնելու ՀՀ Գլխավոր ոստիկանապետի ցուցումներին և նաև սոցիալական ցանցերում շփումների արդյունքում են բարեփոխում, խմբագրում իրենց ՙիմիջը՚։ Բայց, ավաղ, դառնորեն սխալվել եմ։ Ու նաև զարմանում եմ, ապշած եմ ձեր բառապաշարի ու այդ ամենը իմ էջում տեղադրելու ձեր, մեղմ ասած, համարձակության վրա։ Այդ ի՛նչ վարքականոն, ներքին մշակույթ ու ավանդույթ է ձեզ թույլ տվել արդեն իսկ մամուլում հրապարակված նկարի տակ արված քոմենթները բնութագրել որպես բանավեճ, քննարկում ու դրանից հետո էլ այսպիսի գնահատականներ շաղ տալ ՙպարզունակ հարթաուղեղներ, վայրահաչություն, տափակ, անմտածված դեղին թերթուկների որոշ լրագրողիկներ, թող շարժեն գլուխը, գուցե ուղեղի վրա որոշ ծալքեր առաջանա ...՚
Եթե ձեզ թվում է, թե այս բառապաշարով ու այս մտայնությամբ եք բարձրացնելու ձեր կառույցի հեղինակությունը՝ չարաչար սխալվում եք։ Երանի սոցիալական ցանցում անցկացրած ժամանակի փոխարեն մեկ անգամ էլ թերթեիք ՀՀ Սահմանադրությունը, որի Հոդված 24-ը. յուրաքանչյուրին իր կարծիքը պնդելու և խոuքի ազատության իրավունք է տալիս` ներառյալ հաղորդակցության տարբեր միջոցներով տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, uտանալու, տարածելու ազատությունը։ 
Երանի ֆեյսբուքում անցկացրած ժամանակի փոխարեն մեկ անգամ էլ ՀՀ Ոստիկանության կարգապահական կանոնագիրքը թերթեիք ու հատկապես նրա 5-րդ գլխի Հոդված 10-ը ,ուր Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոններում իթիվս այլոց նաև հետևյալ նորմ- պարտավորություններն են սահմանված. 
Հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, 
զերծ մնալ հասարակական կարծիքի ազդեցությունից եւ իր գործողությունների համար քննադատվելու մտավախությունից.
ունենալ պատշաճ իրավագիտակցություն եւ իրավական կուլտուրա. հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ եւ հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ.
իր վարքով նպաստել հասարակության այն համոզմունքի եւ հավատի ձեւավորմանն ու պահպանմանը, որ ոստիկանությունում ծառայությունը հիմնված է անկողմնակալության, ազնվության եւ օրինականության սկզբունքների վրա.
գիտակցել իր խոսքի արժեքն ու կարեւորությունը, ղեկավարվել պատվի, խղճի եւ արժանապատվության զգացումներով և այն։

Իսկապես, չեմ սիրում ու նաև վիրավորվում եմ, երբ միջազգային կառույցների Հայաստանին տված բացասական գնահատականին են հղում անում։ Չեմ սիրում, որովհետև այն հաստատ համոզումն ունեմ, որ մեր տունը մեր գնահատականով, մեր կամքով ու մեր սրտացավությամբ պիտի շտկենք։ Բայց նախ պիտի մեր սխալները տեսնելու քաջություն ու ազնվություն ունենանք։ ՈՒ քանի դեռ փորձում ենք արդարանալ, մեր իսկ ընդունած օրենքները շրջանցել ու այլ նորմերով ապրել ու գործել, մեր փոխարեն գնահատականներ տալիս են ուրիշները։ Եվ գնահատականները չեն ուշանում. Ահա այսպիսին է երեկ հրապարակված ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում ՀՀ Ոստիկանությանը տրված գնահատականը. ՙՈստիկանությունում ձերբակալվածները ծեծի են ենթարկվում, մարդիկ ձերբակալվում են առանց հիմնավոր կասկածի, տվյալ քաղաքական կուսակցությանը հարելու կամ քաղաքացիական գործունեության համար՚։
Մտածենք....
Հարգանքով՝ Լիլիթ Գալստյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել