Տեղեկացա երիտասարդ դերասան Ջանիբեկյան Սոսի հետ կատարվածի մասին...
Շա՜տ սովորական պատմություն է մեր բուժհաստատությունների մասին: Հիշեցի ինձ հետ կատարվածը:
2010 թվականի դեկտեմբերի 15-ին ինձ տեղափոխեցին Սբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց՝ հիպերտոնիկ կրիզ ախտորոշմամբ: Պատգարակի վրա վերակենդանացման բաժանմունք տեղափոխելիս, ինչ-որ տղամարդ մոտեցավ, հարցրեց, թե ինչ է կատարվել...Իբրև թե ինձ բուժող բժիշկն էր: Հետո պառկեցրին վերակենդանացման բաժանմունքում: Մի խալաթավոր աղջիկ եկավ, ինչ-որ բան ամրացրեց քթիս, հետո ,,սիստեմ,, միացրեց ու գնաց: Մեկն էլ եկավ ու արյուն վերցրեց... Քանի որ միզամուղ էին ներարկել, անընդհատ գիշերանոթի կարիք ունեի: Ոչ ոք չտվեց, ոչ ոք չմոտեցավ... Քայլել չէր կարելի... Բժիշկ չտեսա, բուժքույրերն էլ առևտրով էին զբաղված... Քիչ անց իմ կողքի մահճակալի մոտ վարագույրներ քաշեցին, հիվանդապահ մի կին ծկլթաց... Հասկացա, հիվանդը մահացել էր... Ինձ մոտ արյան ճնշումը գրանցվել էր 240-120, սական ոչ ոք չմոտեցավ, որևէ դեղ չտվեց, որևէ ներարկում չարեց... Միայն կատարյալ չոբանի պես մեկը եկավ և ասաց, որ հանկարծ չշարժվեմ... Տեղեկացա, բաժանմունքի վարիչն էր, որն առավոտյան հայտնվեց ու սկսեց բուժքույրերից գիշերը կուտակված փողերը հավաքել... Իսկ գիշերը կատարյալ ,,բարդուղիմիեոսի գիշեր,, էր... Հիվանդասենյակում աղմուկը չէր դադարում, պատգարակներն իրար խփելով, բարձր կանչելով, հիվանդատերերից փողեր ուզելով՝ տանում ու բերում էին հիվանդներ... Ամբողջ գիշեր դիվահար էի, հենց ուզում էի մի պահ քնել, հանկարծ դըրը՜խկ... հերթական պատգարակն էր բախվում մահճակալիս... Առավոտյան ինձ թվաց, թե արյան ճնշումս պիտի չափեն, ինչ-որ մեկը պիտի հետաքրքրվի առողջական վիճակովս... Բայց իզուր: Նրանք միայն շտապել էին կնոջս պարտադրել կատարել վճարումը... Հետո եկավ տրակտորիստի կեցվածքով մի հաստամարմին տիկին ու մահճակալս քշեց դեպի... Վերելակով բարձրացրին երրորդ հարկ: Հենց բաժանմունքի դռների մոտ մի գնդլիկ տիկին հարձակվեց վրաս. 
-Վճարունա՞կ ես, էստեղ մի օրն արժե 6 հազար դրամ...
Գլխով արեցի, որ վճարունակ եմ: Տարան մի հիվանդասենյակ: Ներս մտավ սպիտակ խալաթով ու ճերմակամազ մի մարդ, բժիշկ էր կոչվում ու հարցրեց՝ Վարդազա՞րն ես: Պատասխանեցի՝ ոչ:
Դարձավ մսագործի նկարագրով մի կնոջ. ,,Բա սրան ինչու՞ եք բերել, ինձ Վարդազարն է պետք,,: Հետո ինձ այստեղ բերող տրակտորիստ կինը եկավ, ասաց, որ նորից գնում ենք վերակենդանացման բաժանմունք, դու Վարդազարը չես... Խնդրեցի չշարժել, որովհետև վատ էի զգում անչափ: Եկավ մսագործի նկարագրով տիկինն ու գոռաց. ,,Սրան հետ տարեք, մեզ Վարդազարն է պետք,,: Այսպես մոտ մեկ ժամ ինձ տանում էին միջանցք մահճակալով ու հետ բերում... Ու ամեն անգամ, երբ հայտնվում էի միջանցքում, ինձ վրա էր նետվում գնդլիկ տիկինն ու ասում, որ 6 հազար դրամ պիտի վճարեմ... Պատրաստ էի ասել, որ տանն ինձ Վարդազար են ասում, բայց պարզվեց, որ այս Վարդազարից մեծ գումար են ակնկալում: Ես իմ խեղճուկրակ մտավորական տեղով սրանց պետք չէի... Ստիպված էի հիվանդներից մեկից հեռախոս խնդրել, զանգահարել տուն, որպեսզի շորերս բերեին...
Հիվանդանոցից հեռանալիս մտա բաժանմունքի վարիչի սենյակ: Ճանաչեցի: Քոչարյան Լևոն, քրոջ հետ աշխատել էի Գյումրու Բալատոն վարժարանում, որի փոխտնօրենն էի, զարմիկին դաս էի տվել... Զայրույթս կոտրվեց... Հեռացա...
...Ախր ինչու՞ Վարդազարը չէի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել