28_10_2008_0343802001225187179_anna_malina

Աշուն է…Բռռռ: Սկսել եմ մրսել: Դրսիս ու ներսիս ջերմաստիճանները հավասարվել են իրար: Ուղղակի ցուրտ է: Չէ, դժգոհ չեմ: Սովոր եմ ցրտին: Արդեն երկու տարի է ներսիս սառնության հետ հաշտվել եմ: Երկար ժամանակ կռիվ-կռիվ էինք խաղում, ավելի ուշ փորձեցինք հաշտվել, անգամ միասին տանգո ենք պարել բաց պատշգամբում, հետո էլի կռիվներ….էս անգամ բարձերով էինք կռիվ անում, երեխեքի պես, իրար բմբուլները քամուն էինք տալիս, հետո սովորեցինք իրար վրա ուշադրություն չդարձնել: Ես ցերեկներն էի արթուն, ինքն իր գործը գիշերներն էր անում, դե մեկ էլ մայրամուտին: Հետո արդեն մոռացանք իրար գոյության մասին:
Հա, արդեն դրսում էլ է ցուրտ: Էդպիսին է սառնությունը: Բավարարվել չունի: Դե իհարկե, ներսս իրեն հերիք չէր, անպայման պիտի դրսում էլ ցույց տար իրեն: Փհհ,,,զզվել եմ արդեն: Ձեռքի հետ ել դողացնում եմ, փաթաթվել եմ ծածկոցի տակ, ինքս ինձ համոզում եմ, որ ինձ դուր է գալիս ցուրտը..էս մի անգամն էլ ստացվեց համոզել: Ես սիրու՛մ եմ ցուրտը:
Ու մեկ էլ գրել չի ստացվում: Ոչ մի կերպ: Ոչ սկզբից, ոչ վերջից, ոչ մի տեսակի..ոչ մի ..ոչ մի բան չի ստացվում մոտս: Դատարկությու՞ն…Չէ՛: ԴԱՈն վկա, սա դատարկությունը չի: Սա մի ուրիշ բան է, ուրիշ տեղերից եկած, լրիվ նոր ու անհայտ ծագման, ու սարսափելի…սարսափելի սպիտակ է: Նայում ես ու ոչինչ չես տեսնում: Չէ, ես դատարկությանը լավ գիտեմ, նա գոնե գալուց առաջ զգուշացնում է, դե ես էլ սովորության համաձայն պատրաստություն եմ տեսնում, ու անկեղծորեն սպասում եմ, ոնց որ ասենք թանկագին հյուրիս կսպասեի: Հյու՞ր…փախել եմ բոլորից, ամեն ինչից: Ուղղակի փախել եմ: Մեջս կուտակվել է փոշի, լիքը մանր-մունր զիբիլներ, դրանց ոչ մի կերպ մաքրել չեմ կարողանում, դրանք ի՛մ սեփական զիբիլները չեն, դրանք ուրիշ տեղերից են, լրիվ նոր ու անհայտ ծագման են:
Հա ու մեկ էլ գրողը տանի…գրե՜լ չի լինում
Սպառվել եմ, թուլացել, ուժասպառ եղել..ու այդ ամենը ոչնչի պատճառով,,,առանց պատճառի…ուղղակի..հենց էդպես…վերցնում ես ու էլ չես լինում, վերցնում ես ու քեզ մնում է միայն շնչելը, այն էլ ոչ միշտ, երբեմն-երբեմն, ցանկության դեպքում, կարիքի դեպքում
Ինձնից այլևս չկա: Նա վերացել է: Էն մյուս թողել փախել է: Երրորդին ես եմ սպանել: Վեցերորդին էլ այնքան բարձր եմ շպրտել վերև, որ էլ հետ չի եկել, իսկ այ էն վերջինին կուլ եմ տվել…չգիտեմ, դեռ պարզի չի, ե՞ս նրան, թե՞ նա ինձ…հավանաբար երկուսս էլ.
Մուսա՜, ոգեշնչում, էություն, մասնիկ, փշուր, շերտեր…բառեր են: Սովորական հարյուրհազարավոր բառերի պես…սրանք ընդամենը բառեր են:
Փախչե՞լ…ու՞ր…
Տանիքից ցա՞ծ նետվել- հանուն ինչի՞
Անզագայացած ապրե՞լ- էդ դեպքում ո՞նց վարվել սրտի հետ, հանե՞լ, դեն նետե՞լ, ուրիշին նվիրե՞լ. գուցե մի փոքրիկի, ով դրա կարիքը ավելի շատ ունի, քան ես ինքս, գուցե գիշերվա կեսին հաչացող շների ոհմակին հանձնել, որպես նվեր, գուցե իրենք ավելի արդյունավետ օգտագործեն այն, քան ես ինքս
իսկ միտքը՞- էդ շուն-շանորդու հե՞տ ոնց վարվել: Անջատե՞լ: Ինչպե՞ս: Գուցե խնամքով թաքցնել ինքդ քեզնից, կամ էլ մութ շղարշով պատել…կամ էլ…գիշերները ոռնալ, նայել լիալուսնին…շնչել…արտաշնչել
Ավելի ներքև: Ավելի խորը: Գնալով մեծանում է իմ ու բարձրության միջև եղած սահմանը:
Գնալով վերածվում եմ հեղուկի: Ավելի թույլ, ավելի աննկատ, ավելի թափանցիկ
Քեզնից այլևս չկա: Միայն դու էիր: Բայց դա էլ ջուրն ընկավ: Իսկ ջրի հատակին նման փոքրիկ ու անգույն մասիկ փնտրելը…անհնար է: Կհանդիպես ջրիմուռներին ու կտարվես նրանցով: Ու այլևս քեզ հետ բերել չի ստացվի:
Հիմա ի՞նչ…վե՞րջ: Ամեն ինչին վերջ հա՞, վերջակետ, խավար, անդունդ, գերեզման…էլ չէ՞…այլևս երբե՞ք…չէ, համաձայն չեմ: Դեռ ցանկություն ունեմ շարունակելու…
շնչել-արտաշնչել, երբեմն միայն շնչել, արտաշնչելը թողնել վաղվան, ոռնալ լիալուսնի տակ, սեփական սիրտը նվիրել շների ոհմակին, չէ՜, դեռ հետաքրքիր է, ես դեռ ուզու՛մ եմ
Ու ես սիրում եմ աշունը: Որովհետև ցուրտ է…բռռռ..մրսում եմ: Հա՛, ու ես սիրում եմ ցուրտը: Հետո ի՞նչ, որ ես ու սառնությունն իրար հետ չունենք, հո իրար հետ տանգո ենք պարել, բարձերով կռիվ-կռիվ ենք խաղացել:
Ինչ էլ որ լինի, շարունակել պե՛տք է…թեկուզև միայն շնչել, թեկուզև արտաշանչել հազվադեպ, ուղղակի պետք է՛…հանուն…հանուն ջուրն ընկած փոքրիկ ու անգույն մասնիկիդ, որը գտնելն անհնար է, թեկուզ հենց հանուն դատարկության, որը քեզ երկար ժամանակ է չի այցելել, ու Դաոն վկա, անգամ կարոտել է՜, թեկուզև հանուն հին ու բարի ընկերներիդ, որոնց այդքան սիրում էիր:

Չէ, համենայն դեպս, ինչ էլ որ լինի, շարունակել պե՛տք է:

Հա..ու մեկ էլ գրել չի լինում, գրողը տանի՜

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել