Նախորդ` Կորեայի գրան պրիի վերլուծության ժամանակ ես անդրադարձա Ռոման Գրոժանին: Հայացք նետելով Ֆորմուլա 1-ում նրա կարյեռային եւ մինչ մեր օրերը անցած ճանապարհին, ես եկա այն եզրահանգման, որ ֆրանկո-շվեյցարացին գրեթե ամբողջությամբ հասունացել է, ոչ միայն իր թիմի առաջատարը դառնալու, այլ նաեւ չեմպիոնական տիտղոսի համար պայքարելու համար: Ճապոնիայի գրան պրիում նա կարծես թե վերջնականապես փակեց բոլոր նրանց բերանները, ովքեր ուղիղ մեկ տարի առաջ պնդում էին, որ նա Ֆորմուլա 1-ի համար դեռ բավականին հասուն չէ: Ընդհանրապես, հետաքրքիր է հիշել, թե ինչպիսի կարգավիճակում էր նա տարի առաջ եւ հիմա: Իսկ անցած տարվա Ճապոնիայի գրան պրիի մեկնարկի ժամանակ նա հերթական անգամ գերագնահատելով սեփական ուժերը փչացրեց Մարկ Ուեբբերի մրցարշավը, ով ֆինիշից հետո չխնայեց ``քաղցր`` խոսքերը Լոտուսի պիլոտի հասցեին: Իսկ ինչ տեղի ունեցավ արդեն այս տարվա Ճապոնիայի գրան պրիում: Ինչպես եւ նախորդ տարի, նա 4-րդը մեկնարկեց, սակայն տեսեք թե ինչ արեց նա այս անգամ: Խնդրեմ`
Այո` 4-րդից 1-ին տեղ, ընդ որում, մեկնարկելով մրցուղու ոչ մաքուր հատվածից: Եվ հետաքրքիրն այն է, որ մի շարք մասնագետների իր կարգը ապացուցելուց զատ, նա այդ ամենն ապացուցեց նաեւ նախորդ տարվա իր ``մեկնարկային հերթական զոհ`` Մարկ Ուեբբերին, ով ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ մեկնարկեց փոուլից:
Սակայն Ռոմանն այս անգամ եւս պիլոտներից մեկի մրցարշավը ձախողեց, սակայն արդեն ակամայից եւ բոլորովին այլ հանգամանքներում: Բանն այն է, որ նրա անսպասելի սուպերստարտի պատճառով, Սուզուկայի նեղ մեկնարկային ուղղաձիգում տեղ չգտնվեց միանգամից 4 բոլիդի համար, ինչի հետեւանքը դարձավ Լյուիս Հեմիլթոնի պայթեցրած ետեւի աջ անվադողը, որը չկարողացավ խուսափել, այս անգամ իր թիմակցին որակավորումը ձախողած, Սեբաստյան Ֆետտելի առջեւ հակաթեւի հետ հպումից:
Սակայն, բարեբախտաբար Ֆետտելի համար, որակավորման էտապում նրան գերազանցեց միայն սեփական թիմակիցը, ում հարցերը նա, ոչ առանց թիմի օգնության, մեկ անգամ չէ լուծել ընթացիկ եւ նախորդ մրցաշրջաններում: Մեկնարկից հետո առաջին եռյակն ուներ այպիսի տեսք` Գրոժան – Ուեբբեր – Ֆետտել: Եվ քանի որ լեգենդար այս մրցուղում վազանցը միշտ էլ բարդ խնդիր է եղել, թիմը որոշեց Ֆետտելին 1-ին տեղ բարձրացնել մարտավարական խորամանկությամբ: 1-ին փիթ-ստոպից հետո այս եռյակը պահպանեց իր հերթականությունը: Սակայն, 2-րդ փիթ-ստոպը Ուեբբերն այսպասելիորեն 4 շրջան շուտ անցկացրեց, քան Գրոժանը եւ ինչն էլ ավելի անսպասելի էր, 12 շրջան ավելի շուտ քան թիմակիցը: 2-րդ փիթ ստոպի ալիքից հետո իրավիճակն արդեն այսպիսին էր` Ուեբբեր - Գրոժան – Ֆետտել: Սակայն Ֆետտելը 8 շրջանով ավելի թարմ Hard տիպի անվադողերով շատ արագ լուծեց Գրոժանի հարցերը եւ դուրս եկավ 2-րդ տեղ, իսկ հաջորդ շրջանին, իր թիմակցի 3-րդ փիթ ստոպից հետո դարձավ առաջատար: Լսելով Ռեդ Բուլլի 2-ի պիլոտների թիմային ռադիոները, կարելի էր մտածել, որ թիմը նրանց մեկը մյուսի հետ պայքարելու հնարավորություն է տալիս: Ֆետտելին հորդորում էին պահպանել անվադողերը, քանի որ Ուեբբերը վերջին երթահատվածում ընթանալու է ավելի արագ Medium-ով, իսկ Մարկին ասում էին, որպեսզի մեքենայից առավելագույնը քամի, քանի որ իր տեմպով նա մինչեւ ֆինիշ կհասնի Ֆետտելին: Բայց... Այստեղ եւս մեկ եւ թերեւս ամենակարեւոր ``բայց`` կար: Ուեբբերը մրցուղի էր վերադարձել Գրոժանի ետեւում եւ ի տարբերություն Սեբի, նա պետք է 2 պիլոտի վազանցեր: Ինչպես եւ սպասելի էր, Գրոժանի հետ նա անհամեմատ ավելի շատ տանջվեց քան իր թիմակիցը, քանի որ նրա մեքենայի առավելագույն արագությունը զիճում էր Սեբաստյանինին: Այո, տարբեր տիպի անվադողերի եւ տեսականորեն ավելի արագ բոլիդի շնորհիվ Ուեբբերն այդուհանդերձ նախավերջին շրջանին վազանցեց Գրոժանին, սակայն այդ ժամանակ ``գնացքն արդեն գնացել էր``: Սեբաստյան Ֆետտել անունով այդ հրթիռային գնացքն այդ ընթացքում այնպիսի առավելություն ուներ, որ ոչ Ուեբբերը, ոչ էլ մեկ ուրիշն այդ պահին չէր կարող նրան հասնել: Արդյունքում` կարյեռայում 35-րդ հաղթանակն ու գրեթե ապահովված 4-րդ տիտղոսը:
Չեմ կարող չանդրադառնալ Ուեբբերին: Արքայական ավտոսպորտի այս տարվա էտապները վերլուծելիս, երբեք չեմ թաքցրել ավստրալացու հանդեպ, Ռեդ Բուլլի ղեկավարության ցուցադրած վերաբերմունքից իմ հիասթափությունը: Այս անգամ Ռեդ Բուլլի ղեկավարությունը կրկին իր բարձրունքի վրա մնաց: Եկեք միասին հիշենք Ուեբոյի մրցաշրջանը: Առաջին ու իր համար տնային Ավստրալիայի մեկնարկի ժամանակ նրա KERS-ը, ինչպես եւ շա~ատ հաճախ խափանվեց, ինչի արդյունքում նա ետ մղվեց պելետունում եւ ի վերջո հասավ մինեւ 6-րդ տեղ: Մալայզիայի, արդեն իսկ պատմական MULTI 21-ի մասին ընդհանրապես կլռեմ, այդ մասին չափից ավելի շատ է խոսվել եւ գրվել, նաեւ իմ կողմից: Հենց այդ գրան պրին վերջնականապես դրդեց Ուեբբերին կայացնել, վաղուց հասունացած որոշումը: Չինաստան` թիմի սխալի պատճառով ձախողած որակավորում, Ժան Էրիկ Վերնի հետ հպում, լրացուցիչ փիտ-ստոպ եւ կորցրած անվադող: Բահրեյն` 10 տեղով հետ մեկնարկ եւ Ռոսբերգի հետ հպում: Իսպանիա` ձախողած փիտ-ստոպ: Կանադա` Վանդերգարդեյի հետ հպում: Մեծ Բրիտանիա` վթար մեկնարկի ժամանակ եւ չնայած դրան հերոսական հաղթարշավ մինչ 2-րդ տեղ: Գերմանիա` ձախողված փիտ-ստոպի ժամանակ պոկված անվադող եւ վնասվածք ստացած օպերատոր, այնինչ այդ փիտ-ստոպից հետո նա կարող էր մրցուղի վերադառնալ որպես առաջատար: Հունգարիա` որակավորման էտապում ձախոված KERS, սակայն հիանալի մրցարշավ եւ միայն թիմի ընտրած ``ճապոնական`` մարտավարության պատճառով, ընդամենը 4-րդ տեղ: Բելգիա` կրկին ձախողած մեկնարկ, այս անգամ կցորդիչի պատճառով: Իտալիա` խափանված փոխանցումատուփ: Սինգապուր եւ Կորեա` 2 հրդեհներ, որոնցից առաջինից հետո նա պատժվեց եւ 2-րդում մեկնարկեց 10 տեղով հետ: Կարող եք ասել, այս մրցարշավներից քանիսում էր Մարկը ձախողվել իր պատճառով եւ քանիսում թիմի: Ճիշտ է, Սուզուկայի որակավորման ժամանակ արդեն Ֆետտելի KERS-ը ձախողվեց, սակայն մրցարշավում նա հաղթեց եւ կրկին, թիմի շնորհիվ: Վերը նշածս, Ուեբբերի մրցաշրջանի համառոտ նկարագրությունը կարող եք նաեւ այս նկարում տեսնել:
Իսկ վերջին հարցականն ինչպես արդեն ասեցի, թիմն իր թեթեւ ձեռքով լրացրեց: Ինչ եք կարծում, արդյոք չափազանց բարդ խնդիր կլիներ Ուեբբերի 2-րդ փիտ-ստոպը 3 շրջան ուշ անցկացնել եւ արդյոք այդ ստոպից հետո ստացած Hard-ով նրա համար բարդ կլիներ մինչեւ ֆինիշ ընթանալ առանց 3-րդ փիտ-ստոպի: Նա այդ ժամանակ պետք է 24-25 շրջան անցներ, ընդ որում կիսով չափ դատարկ բակով: Համոզելու համար ասեմ, որ ուրբաթօրյա առաջին ազատ երթերի ժամանակ նա այդ նույն Hard-ով մոտ 20 շրջան կարողացել էր անցնել եւ այն էլ դեռ չմաքրված ուղեծրով մրցուղում: Այնպես, որ թող ոչ ոքի եւ առաջին հերթին իրենց չխաբեն Ռեդ Բուլի ղեկավարները, ցուցադրելով իրենց պիլոտների պայքարի իլյուզիան: Կհարցնեք, թե ինչու եմ ես ամեն անգամ այսքան պաշտպանում Ուեբբերին: Ուղղակի ես տանել չեմ կարողանում, երբ ղեկավարները, հատկապես մրցաշրջանից առաջ, տեսախցիկների առջեւ ամպագոռգոռ արտահայտություններ են անում, շեշտելով որ իրենց թիմի սկզբունքը 2-ը պիլոտներին հավասար հնարավորություններ ապահովելն է, իսկ մրցաշրջանի սկսվելուն պես, մեր առօրյա լեզվով ասած ``տակից`` իրենցն անում են: Սա առաջին դեպքը չէ մեր մարզաձեւում, թեեւ այս թիմում վերջին 4 տարիներին տեղի ունեցածը ես սովորականից ավելի ``ծանր եմ`` տանում: Ինչու Դա էլ բացատրեմ: Այլ բան է, երբ Ֆեռռարիում բացեիբաց բոլորին ցույց են տալիս, որ իրենց թիմը ``1 պիլոտի է``: Օրինակ`. Ավստրիա 2002, Գերմանիա 2010: Բոլորովին այլ են այպիսի դեպքերը: Օրինակ`. Իսպանիա եւ Գերմանիա 2009-ում, Brawn-ում տեղի ունեցածը, երբ Ռոս Բրաունն հենց ``Ռեդ Բուլլական`` ոճով չեզոքացրեց Բարիկելլոյին: Սակայն այդ ժամանակ գոնե զգացվում էր, որ Բատոնն եւ Բարրիկելլոն միմյանց անչափ հարգում են: Եվս մեկ օրինակ: Ռոն Դենիսը միշտ ասել է, որ ՄաքԼառենը, առաջնորդվելով հենց Բրյուս ՄաքԼառենի սկզբունքով, իր պիլոտներին նույնանուն մեքենաներ է տալիս: Սակայն, եկեք հիշենք թե ինչ տեղի ունեցավ, երբ 1989-ին Ալեն Պրոստի եւ Դեննիսի հարաբերությունները փչացան: Մոնցայի որակավորման մրցումների ժամանակ, նրա մեքենան 2 վայրկանով զիճեց ԱՅՐՏՈՆ ՍԵՆՆԱՅԻ մեքենային: Ճիշտ է, օբյեկտիվորեն, ՍԵՆՆԱՆ որակավորման մրցումներում Պրոստից շատ ավելի ուժեղ էր, սակայն այդ ժամանակվա տեղի ունեցածն այն աստիճանի զայրացրեց Պրոստին, որ նա ֆինիշից հետո ստացած հաղթական գավաթը, Դենիսի աչքերի առաջ նետեց ներքեւ: Հիշենք ավելի թարմ` Հակկինեն-Կուլթհարդ զույգը: Սակայն նրանց ես եւս չեմ համեմատի Ուեբբեր-Ֆետտել զույգի հետ: Նմանություններ իրոք քան: Դենիսը Մարկոյի պես դաժան էր, Հակկինենը նրա սանն էր, ինչպես եւ Սեբը` Մարկոյի: Իմ կուռքերից մեկն հանդիսացող Կուլթհարդն անչափ նման էր Ուեբբերին, առաջին հերթին իր ջենտլմենությանբ, սպորտսմենների համար մշտապես նախանձելի մարզավիճակ պահպանելով եւ իհարկե մարդկային հատկանիշերով, այն է, որ թե Դեվիդի եւ թե Մարկի համար ``ՀԱՐԳԱՆՔ``-ը զուտ բառ չէ:
Սակայն մի տարբերություն կա, որը այսօրվա Ռեդ Բուլլում տիրող իրավիճակն արմատապես տարբեր է դարձնում ՄաքԼառենից: Հենց դա ինձ հանգիստ չի տալիս: Խոսքս նրա մասին է, որ Միկան երբեք ստորություն չէր արել Դեվիդի հանդեպ: Իսկ այլ կերպ ինչպե՞ս կարող եք անվանել այս տարվա Մարտի 24-ի Սեբաստյան Ֆետտելի արարքը: