Դու այնքան ես հեռու ինձնից, 
որ ես չեմ կարողանում տեսնել
թե ինչպես են շուրթերդ համբուրում երկինքը…
Ես տեսնում եմ  միայն սարերի գագաթները,
որոնց վրա ալարկոտ ձեռքերով փաթաթվել են սպիտակ ամպերը…
Տեսնում եմ պայծառ լուսաբացն ու օրը թվում է երկար:
Մի պահ ու համերաշխ սև ամպերը հավաքվում են խորհրդի:
Տեսնում եմ սարերից դեպի ինձ գլորվող կայծակը…
Զգում եմ տարօրինակ խոնավության նամշահոտն ու զգում, 
որ հիմա ջրակաթիլները վախի ոտքերով կքայլեն դեպի ինձ…
Նրանք արդեն մեկիկ - մեկիկ վավաշոտ ընկնում են տերևների վրա ու փորձում հոշոտել կենսատու կանաչը…
Ինձ թվում է, որ ես վաղուց եմ սպասում քեզ, շատ վաղուց ու հասկանում, որ սպասելն իզուր է քանի որ դու իմ կողքին ես, ինձ հետ ես մշտապես…
Զգում եմ քո ձեռքերի ջերմությունն ու վախի փախուստն իմ միջից…
Դու՝ հեքիաթ, 
լուսաբաց, 
հույս, 
թույլ բաբախող սիրտ,
լույսի մի փոքրիկ շող,
դու՝ անձրևագույն աչքերով իմ Երազ…
Քեզ հետ ես կարող եմ կանգնել և անձրևների և կայծակի հարվածների տակ…
Քեզ հետ կարող եմ մտածել ինչ ցանկանամ…
Դու ընդամենը Երազ ես և ես չեմ ցանկանում բաժանվել քեզնից:
Ես կարող եմ տաք վերմակի տակ քեզ հետ քնել հավերժ, իմ քաղցր քուն, 
երազ՝ անձրևագույն աչքերով…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել