Հարց`

Ինձ մոտ ախտորոշվել է թրոմբոֆիլիա.արդյո՞ք մեծ է հղիության ընթացքում վիժման վտանգը

Հարցին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ  Պավել Սոցկին:

Բազմաթիվ կանայք, ունենալով վիժումներ կամ չզարգացող հղիություն, արդեն ծանոթ են թրոմբոֆիլիա հիվանդությանը: 

Թրոմբոֆիլիան ախտաբանական վիճակ է,  որը բնութագրվում է արյան մակարդելիության խանգարմամբ, որի ժամանակ բարձրանում է թրոմբոզի զարգացման ռիսկը, որն էլ իր հերթին հղիության ժամանակ հանգեցնում է միկրոթրոմբների առաջացման, պտղի սնուցման խանգարման և այդ ամենն ի վերջո ավարտվում է վիժմամբ հղիության վաղ կամ ուշ շրջանում, չզարգացող հղիությամբ  և մանկաբարձական այլ բարդություններով:

Թրոմբոֆիլիան լինում է ձեռքբերովի (վառ օրինակ է հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը) և գենետիկորեն  նախատրամադրված՝ մուտացիաների ձևով (օրինակ Լեյդենի մուտացիան, MTHFR, պրոթրոմբին և այլն):

Ախտորոշվում է անալիզների հիման վրա (լաբորատորիայում արյունը վերցվում է երակից): Այսօր շատերին հուզում է մի հարց՝ արդյո՞ք հնարավոր է, որ կինն ունենա թրոմբոֆիլիա, սակայն հղիությունը նորմալ ընթանա: Այո, հնարավոր է: Կան դեպքեր, երբ կինն ունենում է թրոմբոֆիլիա, առաջին հղիությունն անցնում է առանց որևէ խնդրի, սակայն երկրորդ հղիության ժամանակ այն ակտիվանում է և ուղեկցվում տարաբնույթ բարդություններով: Երբեմն էլ այդ բարդություններն առաջանում են հենց առաջին հղիության ընթացքում: Թե ինչով է դա պայմանավորված, ներկայումս լիովին ուսումնասիրված չէ, քանի որ սա համեմատաբար նոր գիտություն է և պահանջում է լուրջ ուսումնասիրություններ:

Թրոմբոֆիլիայի զարգացման հարցում մեծ դեր են խաղում հարակից հիվանդությունները, վիրուսները, բորբոքային պրոցեսները և այլն: Դրանք իրենց հերթին օրգանիզմում խթանում են բոլոր այն պրոցեսները, որոնք կապված են թրոմբոֆիլիայի հետ և ակտիվացնում են այն: Վերոնշյալ խնդիրներ ունեցող կինը մինչև հղիանալը պետք է լիարժեքորեն հետազոտվի և ստանա համապատասխան բուժում:

Խորհուրդ է տրվում թրոմբոֆիլիայի բուժումը սկսել մինչև հղիությունը: Հղիության ժամանակ կինը պետք է լինի բժիշկների հսկողության ներքո և պարբերաբար հանձնի համապատասխան անալիզներ, որոնք թույլ կտան վաղ շրջանում ախտորոշել թրոմբոֆիլիան և նշանակել անհրաժեշտ բուժում: Ավելի հեշտ է այս ամենն անել հղիությունից առաջ կամ հղիության վաղ շրջանում, քան հետագայում՝ վիժման վտանգի և մանկաբարձական որոշ բարդությունների դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել