Փորձագետը հաշվարկել է տրանսպորտի իրական սակագինը` 70-75 դրամ, իսկ փոխադրողները պահանջում են սահմանել 200-250 դրամPanorama.am-ը գրում է.

«100 դրամը լիովին բավարար սակագին է տրանսպորտի ուղեվարձի համար և 100 դրամի սահմաններում հնարավոր է բարելավել տրանսպորտի ներկայիս անմխիթար իրավիճակը: Իրականում տրանսպորտի ինքնարժեքը կազմում է 70-75 դրամ, և Երևանի քաղաքապետարանի կողմից իբր ներկայացվող ապագա բարեփոխումները կարող են տեղավորվել 100 դրամի սահմաններում, հետևաբար 150 դրամ սակագնի մասին խոսք լինել չի կարող»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Երևանի քաղաքային տրանսպորտի սակագնի հնարավոր թանկացմանը, նման տեսակետ հայտնեց Տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների կողմից հրավիրված տնտեսագետ-փորձագետ Դավիթ Գևորգյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ որևէ բարեփոխումներ իրականում չեն լինելու տրանսպորտը 150 դրամ թանկացնելու դեպքում, և Երևանի քաղաքապետարանն ու տնտեսվարող սուբյեկտները ցանկանում են ժողովրդից ավելի գումար վերցնեն իբր բարեփոխումների համար, որ իրենք պարտավոր էին վաղուց անել:

Փորձագետին հակադարձեց ՀՀ փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը` նշելով, որ այդ հաշվարկներն անհիմն են:

«Այսօր փաստացի 23 երթուղի չի սպասարկվում փոխադրողների կողմից: Այդ երթուղիները ուղևորահոսքի պակասի պատճառով դարձել են ոչ շահութաբեր: Այս գործընթացը, ցավոք սրտի, շարունակական է: Եթե ուղեվարձը չբարձրանա, տնտեսվարող սուբյեկտների վիճակը վատանալու է: Արդեն դատարանում գործեր ունենք, տույժեր ենք վճարում, և ոչ ոք փոխադրողների կողքին չի կանգնում»,- ասաց Հ. Եղիազարյանը:

Նա նշեց, որ իրենց հաշվարկների համաձայն` ավտոբուսների համար սակագինը պետք է սահմանվի 250 դրամ, իսկ միկրոավտոբուսների համար` 200 դրամ: Նրա խոսքով` իրենք այդ հաշվարկները ներկայացրել են Երևանի տրանսպորտի վարչություն, սակայն այնտեղից փոխադրողներին ասել են, թե ժողովրդի վիճակը վատ է, հնարավոր չէ այդպիսի սակագին սահմանել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել