Lragir.am-ը գրում է.
ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար, արդեն ուղիղ 10 տարի ազատազրկման մեջ գտնվող Միխաիլ Խոդորկովսկին զգուշացրել է, որ Ռուսաստանում մոտակա տարիներին քաղաքական ճգնաժամն անխուսափելի է լինելու: Այս մասին նա ասել է Financial Times-ի թղթակից Նիլ Բակլիի հետ զրույցում: Խոդորկովսկին լրագրողի հարցերը ստացել է իր փաստաբանների միջոցով, տեղեկացնում է Վեդոմոստին:
Հիշեցնենք, որ Խոդորկովսկին ազատազրկման է դատապատրտվել հարկերից խուսափելու եւ յուրացումների մեղադրանքներով: Խոդորկովսկու ազատազրկման ժամկետը լրանում է հաջորդ տարի:
Հարցազրույցում Խոդորկովկսին տվել է «պուտինիզմ» տերմինի սահմանումը. «Դա ավտորիտար պետական կապիտալիզմ է՝ կառուցված մեկ առաջնորդի շուրջ: Դա հասարակությանն եւ պետական ապարատը կոմպրոմատի եւ ընտրողական արդարադատության միջոցով վերահսկելու փորձ է: Դա անկախ պետության եւ քաղաքացիական ինստիտուտների էության անընդհատ վերացումն է: Նման կերպ չի կարելի ժամանակակից պետություն կառուցել»:
Խոդորկովսկին չի կարծում, որ պուտինիզմի արմատները 90-ականներից են գալիս եւ որ օլիգարխիան դրել է ներկայիս համակարգի հիմքերը: Օլիգարխներն ամենազոր են եղել միայն Բորիս Բերեզովսկու պատկերացումներում եւ նրա ստեղծած առասպելներում, սակայն այդ առասպելներին հավատացող սովորական մարդկանց բարդ է բացատրել դա, ասում է Խոդորկովսկին: 1990-ականներին օլիգարխները դատական ու իրավապահ մարմինների վրա չունեին այն ազդեցության չնչին մասը, որն այսօր ունի պուտինյան շրջապատը:
«Մինչեւ 2000-ականների սկիզբը, անցումային շրջանի բոլոր խնդիրներով հանդերձ, մենք ժողովրդավարական պետություն էինք կառուցում: Սակայն 2001 թվականից նմանություններ են նկատվում վաղ ֆաշիստական շրջանի Իսպանիայի հետ:
Խոդորկովսկին կցանկանար հավատալ, որ իշխանական համակարգը հնարավոր է բարեփոխել, որպեսզի ներկայիս կառավարվող ժողովրդավարությունն իրական դառնա առանց հեղափոխության: Պուտինի շրջապատում կան մարդիկ, ովքեր փորձում են երկխոսություն սկսել հասարակության հետ, սակայն ուժայինները դեռ պահպանում են ազդեցությունը: «Պուտինին շատ ժամանակ չի մնացել: Առավելագույնը՝ 5-10 տարի: Ցանկացած ուժեղ ճգնաժամ, հաշվի առնելով պետական ինստիտուտների ներկայիս դրությունը եւ հասարակության հետ երկխոսության մակարդակը, կարող է հանգեցնել համակարգի փլուզմանը»,- կարծում է նա:
Նախկին օլիգարխը վստահ է, որ Պուտինը բարեփոխումների չի գնա: Ըստ նրա, առավել հավանական սցենարը հետեւյալն է. Պուտինի հեռանալուց հետո «ժառանգորդի» կարճատեւ կառավարման շրջան է լինելու, իսկ հետո՝ անխուսափելի քաղաքական ճգնաժամ, հետո կառավարման համակարգի «վերաբեռնավորում», անցում սահմանադրական ժողովի:
Խոդորկովսկին ենթադրում է, որ Պուտինը 2024 թվականից՝ նախագահության հաջորդ տեսական ժամկետի ավարտից ավելի շուտ է հեռանալու: