1in.am-ը գրում է.

Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակության կազմից հեռացնելուց հետո արդեն իսկ պարզ դարձավ, որ «Ժառանգության» ներկայացուցչին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում Դոնթի բանաձևի ռոտացիոն կարգի համաձայն փոխարինելու է ՕԵԿ-ական, մասնավորապես` Մհեր Շահգելդյանը, ինչի մասին ԱԺ ճեպազրույցում լրագրողներին փոխանցել է խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Փոստանջյանին փոխարինելու հետ կապված «Առաջին լրատվական»-ը մի քանի հարց ուղղեց Մ. Շահգելդյանին:

 - Պարոն Շահգելդյան, ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր կոլեգային պատվիրակության կազմից հեռացնելու ԱԺ նախագահի որոշմանը: Դուք, փաստորեն, դրա արդյունքում եք մտնում պատվիրակության կազմ:

 - Հարցը միգուցե ավելի շատ պետք է ուղղեք որոշում ընդունողներին, բայց խնդիրն այլ բանում է: Արդեն իսկ դրված էր ռոտացիոն համակարգը:

 - ԵԽԽՎ պատվիրակության կազմում Դուք, փաստորեն, փոխարինելու եք ընդդիմության ներկայացուցչին: Որքանո՞վ եք դա ճիշտ համարում: Ոմանք դա խտրական վերաբերմունք են դիտում ընդդիմության նկատմամբ:

 - Տեսեք, ինչումն է խնդիրը, ՕԵԿ-ը մինչև այս գումարման Ազգային ժողովը մշտապես եղել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում: Հիմա դրվեց ռոտացիոն կարգը, և այս տեսանկյունից է ՕԵԿ-ը ներկայացվում: Արդյունքում մենք ստանում ենք չորս-չորս: Այսինքն` չորս մարդ իշխանությունից, չորս հոգի ընդդիմություն և այլընտրանք: Թե որը ինչպես է դիրքավորվում ԵԽԽՎ-ում` այլ հարց է: Այս տեսանկյունից հավասարակշռության խախտում բացարձակապես չեմ տեսնում:

 - Ձեր կարծիքով` եթե Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ ամբիոնից չհնչեցներ իր սկանդալային հարցը, առաջ կգա՞ր պատվիրակության կազմը փոփոխելու հարցը:

 - Դոնթի բանաձևն աշխատում է բոլոր դեպքերում, հանձնաժողովներն են դրանով ձևավորվում: Հիմա թե դա ինչքանով է ճիշտ, ինչքանով սխալ` դա երկրորդ խնդիրն է: Դոնթի բանաձևի ռոտացիոն կարգն այս գումարման սկզբում է դրվել:

 - Պարոն Շահգելդյան, և՛ «Ժառանգությունը», և՛ «Օրինաց երկիրը» ԵԺԿ-ի անդամ կուսակցություններ են, այս առումով հակասություն չի՞ առաջանում:

 - Չեմ կարծում, որ դրանով պայմանավորված որևէ հակասություն կլինի, որովհետև, եթե հիմքում Դոնթի բանաձևն է, հավասարակշռության առումով չեմ կարծում, որ խնդիրներ առաջանան:

 - Ձեր ՀՀԿ-ական գործընկերները ծափահարություններով ընդունեցին Փոստանջյանին պատվիրակության կազմից հեռացնելու որոշումը: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր կոալիցիոն գործընկերների այս քայլը:

 - Երևի այդ հարցն ուղղեք հենց ծափահարողներին, իրենք ավելի լավ կասեն: Ես չեմ մեկնաբանում:

 - Դուք չե՞ք ծափահարել:

 - Ո՛չ, ես չեմ ծափահարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել