1in.am-ը գրում է.

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 24-ին մասնակցել է Մինսկում կայացած ԱՊՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին։

Խորհրդի օրակարգը ներառում էր մեկ տասնյակից ավելի հարցեր՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք ԱՊՀ գագաթաժողովին ԱՊՀ պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացվելիք փաստաթղթերի և ԱՊՀ ձևաչափում իրականացվող բազմակողմ համագործակցության վերաբերյալ:

ԱՊՀ երկրների արտգործնախարարների կողմից հավանության են արժանացել 2015 թվականը ԱՊՀ-ում Հայրենական մեծ պատերազմի վետերանների տարի հայտարարելու և 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնակատարությունների նախապատրաստմանն ուղղված հիմնական միջոցառումների ծրագիրը:

Նախարարների խորհրդում անդրադարձ է եղել իրավապահ մարմինների միջև համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերին: Մասնավորապես քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի միջպետական խորհրդի ստեղծման մասին համաձայնագրի, ինչպես նաև մարդկանց առևտրի, հանցավորության, թմրամիջոցների և նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության համատեղ միջոցառումների միջպետական ծրագրերի նախագծերը: 

Արտգործնախարարների խորհրդի կողմից հավանություն տրվել է մինչև 2020 թվականը զբոսաշրջության բնագավառում համագործակցության Ռազմավարության նախագծին, որտեղ ամփոփված են զբոսաշրջության բնագավառում համագործակցության հիմնական ուղղություններն ու նպատակները, Համագործակցության միասնական տարածք ձևավորելու մեխանիզմները:

Նիստի ընթացքում քննարկվել են «2014 թվականին Ղազախստանի Հանրապետությունում (Ալմաթի) և Ղրղզական Հանրապետությունում (Օշ) քաղաքները «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի իրականացման մասին» որոշումների նախագծերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել