Հռոմի Գրիգորիոս ութերորդ Պապի մարքեթինգային գործիքները կամ ոչ կոմերցիոն մարքեթինգի դրսևորումները Խաչակրաց արշավանքների շրջանում
Ակներև է` զիլ վերնագիր եմ ընտրել հոդվածիս համար: Ի՞նչ ասել է Պապի մարքեթինգային գործիքներ... այն էլ Խաչակրաց արշավանքների շրջանում: Շտապեմ ասել, որ ամենևին էլ չեմ պնդում, թե սրտի կաթվածից մահացած Ուրբան երրորդ Պապի հաջորդը 4p էր կիրառում կամ էլ ուներ Հռոմ Սիթի սուպերմարքեթների ցանց, որի համար իրացման խթանման լայնածավալ գործողություններ էր մշակում: Ոչ, Պապը չուներ ոչ սուպերմարքեթների ցանց, ոչ էլ անգամ հիպերմարքեթ, սակայն կաթոլիկների առաջնորդը տիրապետում էր անսահման մեծ կրոնական և քաղաքական իշխանության:
Ինչևէ, անցնենք բուն պատմությանը: Մուսուլմանական աշխարհը միավորած Սալահդինը գրավելով Երուսաղեմը` ահ ու սարսափ տարածեց կաթոլիկների շրջանում: Հռոմի Պապը ստիպված էր նոր Խաչակրաց արշավանք սկսելու: Պապը, սակայն, հետաքրքիր քայլերի դիմեց, որոնք հեշտությամբ կարելի է տեղավորել ժամանակակից մարքեթինգի ենթագործիքների մեջ: Գրիգորիոս ութերորդը իր մոտ հրավիրեց հազարավոր շրջիկ երգիչների, ապահովեց նրանց ֆինանսական միջոցներով և հրամայեց տարիներ շարունակ ամբողջ Եվրոպայով մեկ նոր կրոնական արշավանքի դրդող երգեր երգել, գովերգել խաչն ու ներկայացնել Սալահդինին որպես սատանայի ներկայացուցիչ երկրի վրա:
Տարիներ անց, երբ եվրոպացի ասպետները Ռիչարդ Առյուծասիրտ արքայի գլխավորությամբ պատրաստվում էին հերթական Խաչակրաց արշավանքին, նրանց շարքերում ահռելի մեծ թիվ էին կազմում կամավոր ազխարհազորայինները, որոնք Պապի քարոզիչների շնորհիվ վերածվել էին իսկական ֆանատիկոսների: