1in.am-ը գրում է.
Վիեննայի հայտնի պետական օպերան հոկտեմբերի 27-ին կգործարկի իր ներկայացումները ողջ աշխարհում հեռարձակելու համացանցային նախագիծ: Այս մասին Մոսկվա-Վիեննա տեսակամուրջի ժամանակ հայտնել է թատրոնի գլխավոր տնօրեն Դոմինիկ Մեյերը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Մեր թատրոնում միշտ անշլագներ են: Անցած տարի մենք վաճառել ենք տոմսերի 99.5 տոկոսը: Մենք հասկանում ենք, որ միլիոնավոր մարդիկ ցանկանում են դիտել մեր ներկայացումները, սակայն չունեն նման հնարավորություն: Այդ իսկ պատճառով որոշել ենք ելք գտնել և մտածել ենք այդ հիանալի նախագիծը»,- ասել է Մեյերը:
Նախագիծը կմեկնարկի Ռիխարդ Շտրաուսի «Վարդերի ասպետով»: Ծրագրվում է մինչ տարեվերջ 7 ներկայացում հեռարձակել:
«Մենք տարեկան 50 օպերա և 10 բալետ ենք ցուցադրում: Եվ կցանկանայինք, որպեսզի դրանք տեսնեին բոլոր ցանկացողները»,- նշել է թատրոնի գլխավոր տնօրենը: Հեռարձակումը կուղեկցվի ենթագրերով: Դրանք կլինեն անգլերեն, գերմաներեն և կորեերեն, սակայն մինչ սեզոնի ավարտը կհայտնվեն նաև ռուսերեն ենթագրեր:
Հղումը կայքին, որտեղ հնարավոր կլինի դիտել հեռարձակումը, կտեղադրվի թատրոնի պաշտոնական կայքում: Հեռարձակումն անվճար չէ՝ 14 եվրո մեկ ներկայացման համար: