1in.am-ը գրում է.

Ջերմուկում անցկացվող Գյուղական համայնքների երրորդ համաժողովի շրջանակում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի ուղեկցությամբ, այսօր շրջայց է կատարել քաղաքում, ծանոթացել իրականացվող ծրագրերին:

Հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ փոխվարչապետն այցելել է նաև այն հաստատություններ, որտեղ ներկայումս վերանորոգման աշխատանքներ են իրականացվում «Գեոթիմ» ընկերության կողմից` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փաթեթի շրջանակում: Ընկերության միջոցներով ներկայումս հիմնանորոգվում են Ջերմուկի մանկապարտեզի ու արվեստի դպրոցի շենքերը, որոնք նախկինում անմխիթար վիճակում են եղել:

Ընկերության պատասխանատուները տեղեկացրել են, որ աշխատանքները կավարտվեն նոյեմբերի կեսերին` մանկապարտեզի ավելի քան 60 և դպրոցի 140 սաների համար ապահովելով անհրաժեշտ պայմաններ: Երկու ծրագրերի ընդհանուր արժեքը շուրջ 100 մլն դրամ է, ևս 26 մլն դրամ փոխանցվել է Ջերմուկի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնադրամին: Բացի այդ, կառուցվել է Ջերմուկի ավագ դպրոցի բացօթյա մարզական համալիրը, նախատեսվում է կառուցել թիվ 1 դպրոցի սանհանգույցը:

Ընկերության ղեկավարները տեղեկություններ են ներկայացրել Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ազդակիր մյուս` Գնդեվազ, Սարավան և Գորայք համայնքներում իրականացվող ենթակառուցվածքների բարելավման, համայնքների զարգացման, կրթական և առողջապահական տարբեր ծրագրերի մասին: Ընկերությունը նախատեսում է շարունակել ու ընդլայնել դրանք և իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք հաշվի կառնեն նաև տվյալ համայնքի առանձնահատկությունները. մասնավորապես Գնդեվազում նախատեսվում է առաջիկայում ստեղծել չրերի պատրաստման կոոպերացիա, Գորայքում իրականացվում է գյուղատնտեսության մեջ նոր տեխնոլոգիաների կիրառման ծրագիր: Ջերմուկում և նշված երեք գյուղական համայնքներում ընկերության կողմից տարեկան կատարվում է շուրջ 350 հազար դոլարի ներդրում:

Փոխվարչապետը կարևորել է մարզերում գործունեություն ծավալող խոշոր ընկերությունների կողմից շրջակա համայնքների աջակցության ծրագրերի իրականացումը` ընդգծելով սոցիալական պատասխանատվության բաղադրիչի անհրաժեշտությունը: Ըստ նրա` պետական, մասնավոր և համայնքային միջոցների համախմբումն ու թիրախային օգտագործումը հնարավորություն կտա լուծել համայնքներում առկա մի շարք խնդիրներ և նպաստել համայնքների հետագա զարգացմանը:

Փոխվարչապետն այնուհետև մասնակցել է Գյուղական համայնքների երրորդ համաժողովի «Տեղական ինքնակառավարման ոլորտ. համայնքի ավագանու գործունեությունը, թափանցիկությունը, իրավասության շրջանակը, ընթացիկ խնդիրներն ու լուծման առաջարկները» խորագրով թեմատիկ քննարկմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել