-Սու՜ս, մրսում եմ ես .. 
-Վերարկուս տամ, մի քիչ կտաքանաս..
-Չէ, ինձ քո սերը պետք չի..
-Վերարկուս է, սեր չի..
-Առանց սեր վերարկուն չեն կիսի ...

Ես այդպես էլ ոչինչ չասացի... գուցե լռեցի հասկանալու համար, թե վերարկու կիսելն իրո՞ք սեր է ..
Չէ՛, չհասկացա.. 
Այն ժամանակ դեռ գլուխս նման բաներով չէի զբաղեցնում.. ի՞նչ սեր, ի՞նչ բան.. վերարկու հագնում են մարդիկ, որովհետև մրսում են... ահա իմ հարցի միակ պատասխանը, որից այն կողմ ես ոչինչ ոչ ուզում էի տեսնել... ոչ էլ տեսնում էի...

Հետո վերարկուն ո՞նց կարելի է համեմատել սիրո հետ, հը՞ն ...
Վերարկուն հո զգացմունք չի՞..

-Չէ լռիվ ցնդել ե՞ս..
Երկար դադարից հետո վերջապես խոսեցի..
պատասխան չկար.. շատ էի լռել երևի, կամ էլ իրոք ցուրտ էր.. գնացել էր...
«Բայց այնքան էլ ցուրտ չի հը՞ն» - մտածում եմ .
«Ախ հա՜ .. ախր ես վերարկու ունեմ.. »
Շուռ եմ գալիս կողք.. դես ու դեն ման գալիս.. 
Չկա..
«Մարդ էլ վերարկու առաջարկելուց նեղանա գնա՞ ..
Թե իբր սիրում ես , տո եսիմ ինչ բաներ ... գրողը տանի, հերիք չի վերարկուս եմ կիսում, մի հատ էլ սերդ պետք չի .. »
Մտքերն էլ չի օգնում, շուտով կանձրևի ... իսկ ես նստել, մտածում եմ թե վերարկուս ինչ կապ ունի էդ էժանագին սիրո հետ ... Դե ախր ես մի ամբողջ աշխատավարձ եմ ծախսել սրա վրա.. շատ թանկ արժեր... իսկ էդ ձեր սիրո համար քանի աշխատավարձ եք ծախսում ո՞ր ...
Ես իմ վերարկուն իրեն տամ , ինքն էլ թե բա չէ , սերդ քեզ պահի.. չլինի՞ մտածում է սիրահարված եմ վերարկուիս, գրողը տանի...
Շուտով կանձրևի,- կրկին նկատում եմ ,- իսկ ես նստել մտածում եմ , թե ինչո՞ւ գնաց .. թե ինչո՞ւ վերարկուս չհագավ..
Բարկությունս էլ խեղճ վերարկուիս վրա եմ թափում...
Ինքնասիրահարված...

...

Անձրևի կաթիլները կաթում են թխկ-թխկ և ոչ կաթ-կաթ.. Ճիշտ նրա արցունքների պես կոպիտ ու ծանր.. կաթում են, կուտակվում ու ...
... անձրևանոց պետք չի նման դեպքերի համար..
Ավելին, նման անձրևների տակ մենք ֆիզիկապես դժվար թրջվենք... 
Բայց, ա՜խ մեր հոգիները...

...
Նստած է առանց անձրևանոց... հագին վերարկու չկա .. մրսում է ..

Նստած եմ առանց անձրևանոց.. վերարկուս թրջվել է ... 
Իսկ ու՞մ է պետք..
Մտածում եմ , եթե ուզեր կգցեի վրան, չէր մրսի...
Բայց չուզեց...
Տխրեցի... 
անձրևից չէ, չէ՛.. ես սիրում եմ անձրևը, հատկապես, երբ վերարկու ունեմ.. տա՜ք...
Տխրեցի, որ չուզեց..
Մի րոպե, բայց ես սիրո՞ւմ եմ անձրևը.. Սիրում ե՞մ ... Բայց ոնց կարելի է անձրևը սիրել հը՞ն ...
Չգիտեմ ինչպես են սիրում անձրևը.. վերարկուն... 
Բայց երբ անձրևում է , ես փնտրում եմ նրան ինչ-որ տեղ նստած՝ մրսելիս, որ վերարկուս առաջարկեմ...
Իսկ նա՝ թե սերդ ինձ պետք չի ...
Գրողը տանի .. վերարկուս է, սեր չի..

Կարծես կամաց-կամաց վերարկուիս տաքությունը «ցրտում է» ... 
Ու անձրևն էլ առանձնապես սիրելու բան չի, եթե չես կարող վերարկուդ ինչ-որ մեկին առաջարկել..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել