Բարև….
Սառած ու անկենդան մի ժպիտ ու դող անցավ մարմնովս… Ազատություն եմ զգում… Թեթևություն… Ես անհամբեր չեմ սպասում նամակներիս պատասխաններին, դրանք տեղ չեն հասնում, իսկ հասնելուն պես` աներևութանում են…
Ես պոտենցիալ սպանող եմ… Գիտեի, որ ցանկացած մարդու մեջ հրեշ է ապրում, գիտեի, որ մի օր կարթնանա խորը քնից, իր գործը կանի ու էլի կքնի հավիտենական թվացող քնով: Իմ ժամանակն էլ էր եկել… Իմ ձեռքերը ՍԵՐոտ են… ես սպանել եմ սերս, ամենայն դաժանությամբ ու սառնասրտությամբ….
Հարցեր հետո կտաս, անպատասխան նամակիս պատասխանում, երբ արդեն սառած կլինի իմ մեջ ամեն ինչ… Ես սպանել եմ նրան, հասկանո՞ւմ ես, արևս, սպանե~լ եմ… Սպանել եմ խեղդելով, շնչահեղձ անելով նրան, սրտումս զգալով նրա անշնչացած դիակի մնացորդները, սպանել եմ, որ ձայնը կտրի, որ չզզվացնի, չհիշեցնի, սպանել եմ, որ գրողի ծոցը գնա զգացմունքների իր տեղատարափով….
Ես հավիտյան կորստի եմ մատնել նրան… Եթե չսպանեի, ինքն էր ինձ սպանելու, վերացնելու էր մյուս զգացմունքներս` հավատարմությունս, ինքնասիրությունս, արժանապատվությունս, մտածելու ունակությունս… Նա անբուժելի հիվանդության նման կրծում էր ինձ ներսից, ես ազատվեցի նրանից, որ երկուսս էլ ազատվենք իրենից… Ես սպանեցի, որ դու շնչես, ազատ զգաս քեզ` առանց պարտականությունների ու պարտավորությունների…. Սպանեցի, որ բարձս էլ արցունքներով չողողեմ, որ չզզվեմ ինքս ինձնից, իմ սիրո առկայությունից…Ես սերասպան դարձա, որ փրկեմ ինքս ինձնից, երդվեմ ինքս ինձ, որ սեր չկա, որ պիտի սեր տաս նրան, ով իրոք սիրում է քեզ, գնահատում ներկայությունդ, առանց քեզ անզոր է ապրել մնացած կյանքը… Ես սպանել եմ նրան, էլ ինձ քեզ ոչինչ չի կապում…. Ես պետք է շտապ վերացնեմ նրա հետքերը, պետք է սպանած սիրուս դիակին թաղեմ խոհեմ արարողությամբ, մատնեմ անդորրի ու խորը քնի, որ նորից չարթնանա ու ինձ տառապանքներ պարգևի…
Ինչո՞ւ սպանեցի… Պետք չէր ոչ ինձ, ոչ քեզ… Պետք չէր, որ ապրեր, իսկ նրան վերացնել միայն ես կարող եմ… Ես սերասպան եմ, իսկական սերասպան, որին պատմությունը դեռ երբեք չի գրանցել իր մատյաններում…
Սիրուս վրա լացող միայն ես եմ լինելու, զղջումից, ափսոսանքից չէ, այլ, որ սեփական ձեռքերով թաղում եմ սեփական զոհիս…