Արդեն մի քանի օր է, ինչ բոլոր լրատվամիջոցները անդադար հաղորդում են Վարդան Պետրոսյանի վթարի ենթարկվելու մասին լուրը և օնլայն ռեժիմով լուսաբանում նրա ապաքինման գործընթացը: Դերասանի հասցեին հնչում են բազմաթիվ զորակցական խոսքեր ու քաջալերման խոսքեր: Այնպիսի տպավորություն է, որ այս վթարի գլխավոր կորուստը Վարդան Պետրոսյանի հեռացված փայծախն է, մինչդեռ միայն այսօր սկսվեց տարածվել տեղեկություն, որ այդ ավտովթարի ժամանակ Պետրոսյանի մեքենան բախվել է մեկ այլ մեքենայի, որի արդյունքում մյուս մեքենայի մեջ գտնվող երկու 16 տարեկան դեռահասներ զոհվել են, իսկ մեկ այլ աղջի երեխա գտնվում է ծանր վիճակում և հնարավոր է նրա ոտքերն ամպուտացվեն...

Խոսք չկա, Վարդան Պետրոսյանը իրոք մեծ ժողովրդականություն ու հարգանք է վայելում, կասկածից վեր է, որ նրան շուտափույթ առողջացում պետք է մաղթել և հուսալ, որ նրա առողջականը շուտափույթ կկարգավորվի: Անկասկած է նաև այն, որ մեղավորություն որոշելու գործառույթը պատկանում է դատարանին, իսկ որպեսզի մեղավորություն-անմեղություն պարզվի, պետք է կատարվի անաչառ ու մանրակրկիտ նախաքննություն, որովհետև վթարի արդյունքում երկու մարդ է զոհվել...

Ելնելով սրանից, պետք է հասկանալ, որ մի կողմից պետք չէ շտապել մեղադրել մեծանուն դերասանին ինչ որ մեղքերում, քանի դեռ պարզ չեն հանգամանքները, բայց մյուս կողմից էլ, պետք չէ զոհ գնալ նրա հայտնիությանն ու տաղանդին, որովհետև որքան էլ մենք սիրենք Վարդան Պետրոսյանին, պետք է հասկանանք, որ օրենքի առջև բոլորն են հավասար և եթե պարզվի, որ այդ երկու երեխաները զոհվել են Վարդան Պետրոսյանի մեղավորությունով, ապա նա պետք է պատասխան տա օրենքի առջև:

Իհարկե, այս փաստի գիտակցությունը ծանր նստվածք է թողնում, որովհետև ինչպես գիտենք, մեր երկրում օրենքի առջև բոլորն են հավասար, պարզապես ոմանք ավելի հավասար են և այս փաստի գիտակցումը խանգարում է ոմանց սթափ դատել, բայց մյուս կողմից, քաղաքացիական ինքնագիտակցությունը չպետք է մթագնի Վարդան Պետրոսյանի հայտնիությունից, կամ էլ մեր երկրում դատական համակարգի հանդեպ տածած վստահության ցածր աստիճանից: Անհերքելի փաստ է, որ ցանկացած ողջամիտ մարդ ուզում է արդարություն և դա բացառություններ չի ենթադրում:

Այնպես որ, մնում է սպասել նախաքննության արդյունքների ու փորձագիտական գնահատականներին: Վարդան Պետրոսյանին իհարե առողջություն, բայց այս պահին զորակցության ու աջակցության կարիք ավելի շատ ունի այդ զոհված երեխաների ընտանիքը, որի կորուստը լրացնելն անհնար կլինի, իսկ ամենամեծ ուշադրության ու աջակցության կարիքը թերևս այն աղջիկն ունի, ով հիմա կյանքի ու մահվան արանքում է գտնվում և կարող է զրկվել ոտքերից...

 

Հ.Գ. Ի դեպ, երեկ Տավուշի մարզում տեղի ունեցած գնդակոծության արդյունքում մի քանի մարդ գտնվում է հիվանդանոցում՝  հրազենային վնասվածքներով, այդ թվում նաև 19 տարեկան զինվորներ: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ նույն ջանասիրությամբ չեն լուսաբանում նրանց ապաքինման գործընթացը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել