1in.am-ը գրում է.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավանդական մամլո ասուլիսը ռուս լրագրողների համար ավարտվել է իսկական սենսացիայով: Խոսքը եղել է Մաքսային միությունից Բելառուսի հնարավոր հեռանալու մասին՝ այն դեպքում, եթե մասնակցությունն այդ միությանը երկրի համար լինի տնտեսապես անիմաստ: Իմաստ ասելով Լուկաշենկոն հասկանում է ռուսական նավթից արտադրվող նավթամթերքի համար տուրքի գանձումից հրաժարվելը:
Հասկանալու համար, թե ինչպես է առաջացել նոր կոնֆլիկտային իրավիճակը, անհրաժեշտ է հիշել, որ ռուսական նավթամթերքներով առևտուրը Բելառուսի բյուջեի կարևորագույն մասն է, որը Լուկաշենկոյին թույլ է տալիս երկրում իշխանության ղեկին մնալ վերջին տասնամյակներին և դրա համար որևէ վճռորոշ բան չանել Բելառուսի տնտեսությունը բարեփոխելու համար:
Բելառուսը վաղուց գնել է ռուսական նավթը ներռուսական գներով, ընդ որում՝ սեփական կարիքները զգալիորեն գերազանցող քանակով, արտադրել է նավթամթերք, որոնք արտերկրում բարեհաջող կերպով իրացրել է համաշխարհային գներով: Ուկրաինացի լրագրող Վիտալի Պորտնիկովը kontrakty.ua-ում գրում է, որ այս դեպքում Ռուսաստանը գործ ունի սովորական մակաբուծության հետ, որը ռուսական նավթային ընկերություններին ու ռուսական բյուջեին վիթխարի կորուստներ է պատճառել: Լուկաշենկոն համոզված է, որ նման գործողությունների լիարժեք իրավունք ունի, քանի որ մշտապես խոսում է հարևան երկրի հետ մեծ բարեկամության մասին:
Վերջիվերջո Մոսկվայի ու Մինսկի միջև հասունացավ լուրջ հակամարտություն, որը 2010-ին ավարտվեց ռուսական հումքով Բելառուսում նավթամթերքի արտադրության համար տուրքի գանձման մասին համաձայնության ձեռք բերմամբ: Հենց այդ տուրքի վերացումն էլ այժմ պահանջում է Լուկաշենկոն, քանի որ եթե այն չգանձվեր, ապա Բելառուսում «կարելի կլիներ էմիրություններ» կառուցել: Այն, որ Էմիրություններում նավթն արդյունահանում են, իսկ Բելառուսում պարզապես արտադրում նավթամթերք ուրիշի արդյունահանած նավթից, որը երկիրը ստանում է այլ պետության գնով, Լուկաշենկոյին չի հետաքրքրում: Լրագրողը գրում է, որ բռնապետը սովոր է ապրել հանդգնության հաշվին, և ենթականերին սովորեցրել է, որ հանդգնությունը երկրորդ երջանկությունն է:
Հոդվածում լրագրողը նշում է, որ մյուս կողմից՝ Լուկաշենկոյի պահանջներն ունեն իրենց տրամաբանությունը. եթե նա արդեն մտել է Մաքսային միություն, ապա ինչո՞ւ է շարունակում ապրել տուրքերի ու սահմանափակումների աշխարհում, որոնք ոչ ոք չի պատրաստվում չեղյալ հայտարարել:
Մաքսային միությունից ազատվելու համար բելառուսցիները պետք է առաջին հերթին ազատվեն լճացած ռեժիմից: Պարզապես Մաքսային միության երկրները ժամանակակից աշխարհի մարտահրավերներին պատասխանելու հարցում իրենց տիրակալների անկարողության պատճառով հայտնվել են այնպիսի իրավիճակում, երբ շանտաժից բացի՝ գոյատևելու այլ գործիք չի մնացել: