1in.am-ը գրում է.
Berkshire Hathaway հոլդինգը, որը ղեկավարում է ամերիկացի հայտնի գործարար Ուորեն Բաֆեթը, գլխավորել է ներդրումների առումով ամենագրավիչ ընկերությունների վարկանիշային աղյուսակը, որը կազմում են Նյու Յորքում տեղակայված Tiger 21 միլիոնատեր ներդրողների բացառիկ ակումբի անդամները: Բաֆեթի ընկերությունը վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականից դուրս է մղել նախորդ երկու տարիների առաջատար Apple ընկերությանը՝ հաղորդում է Blooberg-ը:
«Berkshire Hathaway-ի արժեթղթեր ունեցողներին, ինչպես նախկինում, դուր է գալիս այս ընկերությունը: Ինչ վերաբերում է Apple-ին, շատերը, ովքեր նախկինում ոգևորված են եղել կորպորացիայով, եկել են այն եզրահանգման, որ ընկերության լավագույն օրերն անցյալում են»,- ասել է Tiger 21-ի հիմնադիր և նախագահ Մայքլ Սոնենֆելդը:
Ինչպես հաղորդում է Blooberg-ը, Tiger 21-ի ներկայիս վարկանիշը վկայում է այն մասին, որ ակումբի անդամները բավարարված են Berkshire Hathaway-ի ներդրումային ռազմավարությամբ՝ չնայած այն բանին, որ 83-ամյա Բաֆեթը հրապարակայնորեն չի հայտարարել իրեն փոխարինողի անունը: Միայն այս տարի ընկերության բաժնետոմսերն աճել են 31%-ով: Նախորդ տարին Berkshire Hathaway-ը վարկանիշում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, 2011թ.՝ երկրորդ, 2010թ.՝ առաջին:
Վարկանիշային աղյուսակում երրորդ հորիզոնականում է հայտնվել սմարթֆոնների համար պրոցեսորներ արտադրող Qualcomm ընկերությունը, որը նախորդ տարի զբաղեցրել էր 20-րդ հորիզոնականը:
Tiger 21 ակումբի անդամներն են 220 գործարարներ, ներդրողներ, թոփ-մենեջերներ՝ ԱՄՆ-ից և Կանադայից, որոնցից յուրաքանչյուրն ունի առնվազն 10 միլիոն դոլար՝ ներդրումների համար: Ակումբի անդամների ընդհանուր կապիտալը կազմում է ավելի քան 20 միլիարդ դոլար: