Aysor.am-ը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Վարդան Մինասյանի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու որոշումը: Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահի խոսքերով՝ Մինասյանը շատ անսպասելի որոշում է կայացրել:

«Մինասյանի որոշումը շատ անսպասելի էր անձամբ ինձ և թիմի համար: Շատ ափսոս, որ նա այդպիսի որոշում կայացրեց,- Բերեզովսկու խոսքերը մեջբերել է «Սպորտ Էքսպրեսը»:- Որովհետև մեր թիմի խաղում, այնուամենայնիվ, հետևողական առաջընթաց էր նկատվում: Ընտրական վերջին երկու փուլն ապացուցեց, որ մեզ շատ քիչ բան չի բավարարել՝ հաջորդ փուլ մտնելու համար: Կարծում եմ, որ մեզ համար «Եվրո-2016»-ի ուղեգիր նվաճելու գործում ամենաօպտիմալ գլխավոր մարզիչը հենց Վարդան Մինասյանն է: Նա գերազանց է ճանաչում բոլոր ֆուտբոլիստներին: Շատերը, որպես ֆուտբոլիստ, կայացել են նրա աչքերի առջև: Հանգամանքների բերումով ես չկարողացա միանալ տղաների նախաձեռնությանը (խոսքը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների նամակի մասին է՝ ուղղված Վարդան Մինասյանին, որով նրան խնդրում են վերանայել իր որոշումը): Ոչ մեկի հետ չեմ խոսել, քանի որ այդ ընթացքում մարզումներս էի շարունակում «Դինամոյի» կազմում: Սակայն ես միանշանակ միանում եմ այդ նախաձեռնությանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել