Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդի կողմից իրականացված գործողությունները, որի արդյունքում հայկական կողմից 1 զինծառայող զոհվել է, ևս 3-ը՝ վիրավորվել, Ադրբեջանի կողմից իրականացված առաջին սադրանք չէր: Տարիներ ի վեր, Ադրբեջանը սահմանագծի տարբեր հատվածներում սադրանքների է գնում, ինչը հիմնականում արտահայտվում է դիպուկահարների և դիվերսիոն խմբերի ակտիվ գործողություններով, ընդ որում՝ հակառակորդի թիրախում հայտնվում են նաև քաղաքացիական անձինք ու շինությունները:
Երբ նախորդ շաբաթ, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Հադրութի ուղղությամբ իրականացվող դիտարկումն ադրբեջանական կողմից արձակված կրակոցներից ընդհատվեց, ընդ որում՝ ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչների աչքի առաջ, ԵԱՀԿ ՄԽ կողմից միջադեպի առնչությամբ հերթական անհասցե հայտարարությունը հնչեցվեց: Երբ հայտարարությունը գնահատվեց վտանգավոր, նկատի էր առնվում առաջին հերթին այն հանգամանքը, որ նման արձագանքը պարարտ հող է նախապատրաստում այլ սադրանքների համար:
Ցավալիորեն պետք է փաստել, որ նախորդ շաբաթ տեղի ունեցած միջադեպից ընդամենը հաշված օրեր հետո տեղի ունեցավ հերթական սադրանքը, ինչի արդյունքում արդեն կորուստներ և վիրավորներ կան:
Անշուշտ միջազգային հանրության արձագանքների, ավելի ճիշտ՝ համարժեք հայտարարությունների բացակայության մասին դեռ երկար կարելի է խոսել, սակայն ստեղծված իրավիճակը հուշում է, որ նման միջադեպերը համապատասխան կառույցներին պարտադրում են ստեղծել այնպիսի «պաշտպանական գոտի», որոնք իվիճակի կլինեն ապահովել ոչ միայն զինծառայողների, այլ քաղաքացիական անձանց ու բնակավայրերի անվտանգությունը:
Իհարկե վերոնշյալ «պաշտպանական գոտու» ստեղծումը ոչ միայն բավականին բարդ է ֆինանսական ռեսուրսների առումով, այլ նաև սահմանագծում իրականացվող «տակտիկական շարժի» առումով, ինչը որոշակի դեպքերում միայն հակառակորդի ակտիվ դիտակետերի լռեցմամբ չի սահմանափակվելու:
Առկա իրողությունների պայմաններում, երբ հակառակորդին չի հուզում համարժեք գործողությունների արդյունքում արձանագրվող նույնիսկ տասնապատիկ կորուստների հանգամանքը, հայկական կողմը ստիպված է առաջնորդվել նոր տակտիկայով, ինչը մի կողմից առավելագույնս կապահովի իր քաղաքացիների անվտանգությունը, մյուս կողմից, այնպիսի ձևով կարձագանքի Ադրբեջանի սադրանքներին, ինչն իսկապես նվազագույնի կհասցնի սահմանագծում տեղի ունեցող սադրանքները:



