1in.am-ը գրում է.

Սպիտակն արդեն երրորդ տարին անընդմեջ մնում է աշխարհում ավտոմեքենաների ամենատարածված գույնը: Այս մասին ասվում է ավտոարդյունաբերության համար ներկերի համաշխարհային առաջատար արտադրողներից մեկի՝ PPG Industries կորպորացիայի անցկացրած հետազոտության մեջ:

Մասնագետները պարզել են, որ սպիտակը ԱՄՆ-ում 2013-ի մոդելային շարքի ամենատարածված գույնն է: Կորպորացիան ոչ միայն հետևել է ավտոարտադրողների կողմից ներկերի պատվերների վիճակագրությանը, այլև պարբերաբար հարցումներ անցկացրել սպառողների շարքում՝ փոխանցում է ITAR-TASS-ը:

Համաձայն հետազոտության՝ ԱՄՆ-ում հոսքագծից իջեցված մեքենաների 21 տոկոսը սպիտակ է: Դրան հաջորդում է սևը՝ 19 տոկոս, մոխրագույնը՝ 17 տոկոս, և արծաթագույնը՝ 15 տոկոս: 

Ժողովրդականություն են ստանում կարմիրն ու կապույտը: Դա հատկապես վերաբերում է սպորտային մոդելներին: 

PPG-ի ներկայացուցիչների խոսքով՝ շնորհիվ Apple-ի վերջին տարիներին սպիտակը սկսել է համարվել «բարձրտեխնոլոգիական» և հեղինակավոր: 

Սպիտակը մեծ տարածում ունի ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում: Սպիտակին է նախապատվությունը տալիս գնորդների 25 տոկոսը: 

Փորձագետների խոսքով՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում գնորդների ճաշակը փոքր-ինչ տարբերվում է: Հարավային Ամերիկայում նախապատվություն է տրվում արծաթագույնին: Այդ գույնին է բաժին ընկել վաճառված մեքենաների 1/3-ը: Հատկանշական է, որ արծաթագույնը եղել է ամենատարածվածը 10 տարվա ընթացքում՝ մինչև 2011 թվականը, որից հետո դրան փոխարինելու է եկել սպիտակը:

Ներկայում ավտոարտադրողները գույներ են ընտրում 2016 և 2017 թվականների մոդելային շարքերի համար: Մասնագետները նշում են, որ ապագայում նորաձև կլինեն մուգ կանաչն ու ալ կարմիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել