Hartak.am-ը գրում է.
«Տվայտվել». անկեղծ ասած` այս բառը միշտ ինձ մոտ զավեշտի զգացմունք է առաջացրել, բայց ավելի հարմար բառ ես չեմ կարողանում գտնել, երբ խոսքը գնում է մեր երկրի ընդդիմության մասին: Այո, ես բառի բուն իմաստով տվայտվում եմ, երբ տեսնում եմ, թե ինչ անմխիթար վիճակում է գտնվում մեր ընդդիմությունը: Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե վերջիվերջո որն է այդ դաշտում արարող քաղաքական ուժերի բազում անհաջողությունների պատճառը: Չեմ հասկանում, որովհետև, նամանավանդ, այնպիսի աղքատ երկրներում, ինչպիսին է Հայաստանը, հնարավոր չէ, որ, ընդդիմության ձայնը լսելի և ազդեցիկ չլինի: Բայց արի ու տես, որ մեզ մոտ դա հնարավոր է: Փոխարենը գործեն, նրանք կառուցվածքային խնդիրներ են լուծում, փորձեր են անում միավորվելու, հետո ինչ-ինչ պատճառներով հետ են կանգնում այդ գաղափարից, հետո սկսում են կուսակցության ներսում վերադասավորումներ անել, սակայն սայլը տեղից չի շարժվում և վերջ: Հեռու չգնանք, այս օրերին ընդդիմությանը վերաբերվող համար մեկ լուրերից մեկը այն է, որ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հրաժարականի որոշում է ընդունել, ըստ որի՝ նա այլևս չի ցանկանում լինել խմբակցության ղեկավար: Հարց է ծագում,- «Այս որոշումը կարելի է դասել անակնկալների շարքում, թե՞ սպասվող իրադարձությունների»: Առաջին հայացքից նայելով` կարող ենք ասել, այո, այս որոշումը անակնկալ էր հանրության համար այնքանով, որ նույնիսկ կուսակցության վարչությունում խմբակցության հետ կապված որևէ հարց չի քննարկվել, դրա մասին վկայում է նաև Արմեն Մարտիրոսյանը: Բայց երբ ավելի խորն ես նայում, ապա հասկանում ես, որ այդպես էլ պետք է լիներ, քանզի «Ժառանգություն» կուսակցությունը հրապարակներում այլևս ասելիք չունի, ուստի գոնե պետք է ուժեղացնել ԱԺ-ում նրա դերակատարությունը, այսինքն` շարժվել ֆուտբոլային «զամենայի» սկզբունքով: Իհարկե, խմբակցությունը դեռ պետք է նիստ անի, որոշում կայացնի, միգուցե այդ որոշումներից մեկի արդյունքում Զարուհի Փոստանջյանը կզբաղեցնի Ռուբեն Հակոբյանի տեղը, բայց թե ինչ կտա դա, մենք չենք կարող ասել, որովհետև ԱԺ-ն այն տեղը չէ, որ Զարուհին կարողանա իր աննախադեպ, իմ սուբյեկտիվ կարծիքով, ոչ տեղին հարցադրումով որևէ բանի հասնի: Այո, շոուների ականատես կդառնանք, բայց ոչ ավելին: Ես, բնավ, չեմ կարծում, որ Զարուհին կարող է ավելի լավ աշխատել, քան Ռուբենը. այստեղ հարցը ընդդիմության բռնած մարտավարության մեջ է, ոչ թե անձերի: Նույնը վերաբերվում է ՀԱԿ-ին և ՀՅԴ-ին: Բնականաբար, այստեղ ես ԲՀԿ-ի անունը չտվեցի, քանզի ԲՀԿ-ն երբեք ընդդիմություն չի եղել և չի էլ կարող լինել:
Կարեն Թումանյան