Tert.am-ը գրում է.
Ամերիկյան հեղինակավոր The Washinghton Post պարբերականի հոդվածագիր Ֆիլիպ Քենիքոթն անչափ ուշագրավ անդրադարձ է կատարել հայկական ծագում ունեցող «որբերի գորգին», որը տասնամյակներ շարունակ պահվում է Սպիտակ տան պահեստում՝ «նույնպես անտեսված, ինչպես ցեղասպանության փաստը»։
Անդրադարձը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.
«Գորգը գործել են հայ որբերը՝ անցած դարի 20-ական թվականներին, ինչից հետո՝ 1925թ., այն որպես նվեր հանձնվել է Սպիտակ տանը։ Լուսանկարում երևում է, թե ինչպես է ԱՄՆ-ի նախագահ Քալվին Քուլիջը կանգնած գորգի վրա, որը թեև ստեղծվել է դեռահաս որբերի ջանքերով, այնուհանդերձ ունի շատ բարդ, մանրակրկիտ ու հարուստ զարդանախշեր, որոնք իրենց ուրույն տեղը կունենան անգամ ամենամեծ ու ամենաշքեղ դահլիճներում։
Դատելով գորգի վրայի պատկերներից՝ կարելի է տեսնել, որ դրա վրա ներկայացված են տեսարաններ Եդեմական պարտեզից և, դժվար է պատկերացնել, որ այսպիսի ներդաշնակ «բովանդակությամբ» գորգն իրականում գործվել է 1915թ. սարսափելի իրադարձությունների ֆոնին, երբ Օսմանյան կայսրությունը սկսել է հայերի դեմ իր արյունալի արշավը»,-սկսում է հեղինակը, ով այնուհետև ներկայացնում է որոշ պատմական փաստեր 1.5 մլն սպանված ու սովամահ եղած հայերի ու 20-րդ դարի առաջին ցեղասպանության վերաբերյալ։
Քենիքոթը նշում է, որ «հարյուր հազարավոր երեխաներ այս գործողությունների հետևանքով որբացել են»։ Նրանցից մոտ 100 հազարին օգնության ձեռք է մեկնել ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող «Մերձավոր Արևելքի օգնություն» կազմակերպությունը, որի ջանքերով հայ որբ աղջիկները Լիբանանի Ղազիր քաղաքում են բնակեցվել։ Որոշ ժամանակ անց նրանք գործել են վերոհիշյալ գորգն ու նվիրել Սպիտակ տանը։
«Նախատեսվում էր այս տարվա դեկտեմբերի 16-ին գորգը, որը մոտ 20 տարի Սպիտակ տան պահեստում է, ցուցադրության հանել հեղինակավոր Սմիթսոնյան թանգարանում։ Սակայն սեպտեմբերի 12-ին թանգարանի ներկայացուցիչը չեղյալ է հայտարարել այդ որոշումը՝ պատճառաբանելով, որ Սպիտակ տունը չի ցանկանում տրամադրել գորգը»,-շարունակում է հեղինակը։
Այնուհետ նա գրում է, որ Սմիթսոնյան թանգարանի Ասիական մշակութային պատմական ծրագրի տնօրեն Փոլ Մայքլ Թեյլորը ԱՄՆ-ում գործող 2 հայկական կազմակերպություններին՝ «Հայկական մշակութային հիմնադրամին» և «Հայկական կարպետների միությանն» ուղղված նամակում նշել է, որ «Սպիտակ տունը որևէ պատճառաբանություն չի ներկայացրել իր մերժման համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ