Հարցը BlogNews.am-ի խմբագրություն է ուղարկել մեր ընթերցողուհին:
Եթե ունեք խնդիրներ կամ հարցեր, որոնց վերաբերյալ կցանկանաք հոգեբանի կարծիք լսել, կարող եք գրել Բլոգ Նյուզի ֆեյսբուքյան էջին:
Հարց
«Ես ու ամուսինս ամուսնալուծվել ենք դեռ 9 տարի առաջ, երբ դուստրս 1 տարեկան էր: Հիմա ես ամուսանացած եմ այլ տղամարդու հետ և շատ երջանիկ եմ, նախկին ամուսինս այս տարիների ընթացքում Հայաստանում չէր և չէր հետաքրքրվում երեխայով: Երեխաս գիտի որ իր հայրը ներկայիս ամուսինս է: Հիմաա էլ հայտնվել է նրա իսկական հայրը և սպառնում է երեխային պատմել ճշմարտությունը: Չգիտեմ ինչ անեմ՞, ինքս ասեմ երեխային՞, ինչպե՞ս դա անեմ, որ նրա հոգեկանը չվնասեմ»
Հարցին պատասխանում է հոգեբան Իրինա Խանամիրյանը
Տվյալ նամակից հասկանում եմ, որ խոսքը գնում է ընտանեկան գաղտնիքի մասին, որը բացահայտման վտանգ ունի այս պահին: Հասկանալի է, որ Ձեզ համար դժվար է այսքան տարիներից հետո երեխային ճշմարիտ պատմությունը ներկայացնել, քանի որ այսքան ժամանակ դրա անհրաժեշտությունը չի եղել, հայրը ոչ մի կերպ չի ցույց տվել իր հայրությունը, իսկ Դուք արդեն նոր կյանք եք սկսել: Սակայն, ճշմարտությունից լավ բան չկա, որքան էլ այն երբեմն անցանկալի լինի: Երեխան պետք է իմանա իրական պատմությունը, դա նրա համար չափազանց կարևոր է: Նա իրավունք ունի իմանալ դա: միանշանակ, կարևոր է, որ դրա մասին նրան պատմի իր ամենամտերիմ մարդը, այս դեպքում հասկանում եմ, որ դա Դուք եք: պատմեք նրան իրական պատմությունը, ամուսնալուծության պատճառները: Բացատրեք, որ հոր դերը ընտանիքում, ներկայացրեք, որ այս դերը այսքան տարիներ իրականացրել է Ձեր երկրորդ ամուսինը: Բացատրեք, թե ով է նրա կենսաբանական հայրը, ինչ դեր է ունեցել, կամ չի ունեցել այսքան տարիներ: Ամեն դեպքում, երեխան կարող է ցանկություն հայտնի տեսնելու նրան, ինչը, բնականաբար, պետք է թույլ տաք, եթե դա նրան ոչ մի վնաս չի պատճառի: Պատրաստ եղեք, որ երեխան կարող է որոշակի բացասական ռեակցիաներ տալ՝ տխրություն, բարկություն, նեգատիվիզմ և այլ: Դրանք հույզեր են, որ կարող են լինել գաղտնիքի բացահայտման դեպքում: Ամեն դեպքում ցույց տվեք, որ միևնույն է սիրում եք իրեն, իր կողքին եք, և հասկանում եք: