Հետաքրքիր է, թե երբ կաթողիկոսի նստավայրը Էջմիածնից տեղափոխվի Երևանում գտնված հայոց լեզվի ինստիտուտի քանդված շենքի ավերակներին կառուցված նստավայրը, ինչպե՞ս է վերափոխվելու ՛՛Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՛՛ բառակապակցությունը: Թե՞ Երևանն է դառնալու ՛՛Հայր աթոռ Սուրբ Երևան՛՛, այսպիսով վերականգնելով վիրտուալ գենդարային հավասարակշռությունը /թե՞ գենդերային վիրտուալ. իրականում երկուսն էլ, թե գենդերայինը, թե հավասարակշռությունը վիտուալ են/: Ինչե՜ր չեն անի հանուն սոցիալական համաձայնության: Թերևս ողջ ընտանիքը ՛՛վերականգնելու՛՛ համար արժի մի քանի կաթողիկոսական նստավայրեր էլ կառուցել, դիցուք, քանդելով Գյումրիի, Վանաձորի, Գորիսի /կամ՝ Կապանի, բայց Լիսկան Գորիսում է/ և Բերդի /ափսոս վտանգավոր սահմանին շատ մոտ է/՝ կաթողիկոսին դուր եկած որևէ մշակութային օջախ: Արդյունքում կունենանք նաև ՛՛Որդի աթոռ Սուրբ Գորիս՛՛, ՛՛Դուստր աթոռ Սուրբ Գյումրի՛՛ և այլն: Հաջորդ կաթողիկոսներին կմնա մտածել թոռների մասին: Բայց քանի որ Հայաստանի բնակչությունն այսօր արագորեն արտագաղթում է, արտագաղթում են նաև մեր ՛՛Սուրբ աթոռները՛՛: Վկա՝ Մոսկվայում կառուցված նոր եկեղեցին: Այս ՛՛աթոռային ընտանիքում՛՛ ի՞նչ հավակնություններ ունի սույն եկեղեցին: Այն տեղավորվու՞մ է Զորի Բալայանի Պուտինին գրված նամակի տրամաբանության մեջ: Ռուսաստանը Հայաստանում տիրանում է մեր վերջին տնտեսական հնարավորություններին, Հայաստանը Ռուսաստանում եկեղեցիներ է կառուցում: ՛՛Երրորդ Հռոմի՛՛, ՛՛Բյուզանդական ուղղափառ ժառանգության՛՛ կրոնական կայսերական հավակնություններով պաշտոնական Ռուսաստանը Հայաստանում տնտեսական ու քաղաքական ճնշում է կիրառում, Հայաստանը դրան պատասխանում է իր չեղած հոգևոր վերելքի կեղծ առհավատչյայով,-տե՛ս,- այսինքն,-Ռուսաստան, մենք հավատարիմ ենք մեր նախնյաց ավանդույթներին: Իսկ ապագայի մասին դու՛ մտածի, մենք մտածելու բան չունենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/252082344944049?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել