Իրականում մեր ժողովրդի մեծագույն մշակութային հուշարձանը կենդանի, հյութեղ, նուրբ, հարուստ, զգայուն, շքեղ, ճկուն հայերեն լեզուն է և հրաշք լեզվի գրավոր հաղորդման միջոց փառահեղ հայերեն այբուբենը: Անհավատալի է, բայց մեր ժողովրդի թե ծագումնաբանության, թե պատմության ընթացքի, թե մեր ներքին հավերժական փնտրտուքի փիլիսոփայության ու բողոքի ու մեղքի նրբագույն արտահայտությունն այդ լեզվի ու այբուբունի միջոցով սքանչելի հաղորդած Մատեան ողբերգութեան վկայաբանական ողջ պոտենցիալն այնքան արհամարհված է, այնքան ստորադասված հարափոփոխ սոցիալ-մշակութային երևույթին՝ կրոնին, որ մենք նույնիսկ չենք նկատում, որ վերջինիս տրամադրված քաղաքները, ճարտարապետական հուշարձանները՝ ի դեմս հարյուրավոր եկեղեցիների, ագարակներն ու նախիրներըիրենց սպասարկող քուրմ-հոգևորականներով ամբողջովին դուրս են մղել անշուք շենքերի առաջին կամ նկուղային հարկերում համեստորեն կուչ եկած գրադարանները, հայոց լեզվի ուսուցիչներին, հայոց լեզվին և առհասարակ լեզվին նվիրված գիտությունը...
Պատկերացնու՞մ եք, եթե այդ քանդվող ճարտարապետական հուշարձաններն այսօր վեր ածվեին գրադարանների, ընթերցասրահների, Կոմիտասի երաժշտության համերգասրահների, հայոց այբուբենի կերպարվեստի և ձեռագրարվեստի կենտրոնների, եթե այդ ճարտարապետական հուշարձան-շենքերում այսօր եռար մշակութաստեղծ կյանքը՝ ինչպես միջնադարյան վանական համալիրներում, իր ժամանակի ոգուն համահունչ, և դրանց մասնակցեին նաև ստեղծագործ հոգևորականները...
Առհասարակ պատկերացնու՞մ եք, որ դրանք այսօր ապրեին... Պատկերացնու՞մ եք, որ հանկարծ այսօրվա Էջմիածինն ուժ գտներ իր մեջ ու Գարեգին կաթողիկոսի համար կառուցվող նստավայրը վերադարձներ Լեզվի ինստիտուտին՝ հայտարարելով նաև լեզվական ուսումնասիրություններին իր մասնակցության մտադրությունը... Պատերացնու՞մ եք, որ այսօրվա բոլոր եկեղեցիներում գրադարաններ լինեին, թե գործողներում, թե չգործողներում, ընթերցանության սրահներով, մանուկների համար ընթերցանության ուսուցիչներով... Չէ, շատ երազեցի: Բայց պատկերացնու՞մ եք, ինչքան մեր քրիստոնեությունը շահեկանորեն առաջ կվազեր աշխարհի քրիստոնեությունից... Թե ստանդարտից դուրս, թե մարդասեր, թե ազգասեր, թե կենդանի, թե մշակութաստեղծ: Դեմքով դեպի մարդը: Վերջ ի վերջո պատարագներին ու ժամերգություններին մենք ծառայություն մատուցող հոգևորականին հիմնականում ետևից ենք տեսնում: Իսկ հիմա՝ դեմով, դեպի մարդը: Գուցե մի օր կլինի: