Diplomat.am-ը գրում է.

1915 թվականի այդ ցրտաշունչ գարնանը ձյունածածկ Անատոլիայում մահաբեր մրրիկը հարազատ հողից սրբեց-տարավ հայկական օջախները: Բայց ոչ բնությունը, այլ իշխանությունն էր բորբոքում կրակը` տարածքը մաքրելով ապագա թուրքական ազգայնական պետության համար: 
Խորտակվող Օսմանյան կայսրության կողմից նախաձեռնված այդ դրամայում դերերը բաշխված էին անդարձելի և վճռականապես` զոհերը պետք է լինեին հայերը` միաժամանակ նաև մյուս քրիստոնեական փոքրամասնությունները: Ոճրագործությունների անմիջական կատարողների դերը տրված էր թուրքերից և քրդերից կազմավորված հանցագործ խմբավորումներին, բայց ամբոխը, ցանկության դեպքում, նույնպես կարող էր մասնակցել: 
Այնուհետև գալիս էին այդ դրամայի վկաները` կամա թե ակամա, կարեկցող կամ անտարբեր: Միջազգային հանրության ներկայացուցիչները նույնպես մասնակից էին` մեկը դժբախտներին փրկելու, մյուսը հրեշավոր հանցագործությանը չընդդիմանալու, մյուսներն էլ ապագա պատմության համար ողբերգության փաստերն ու մասշտաբները արձանագրելու համար: Այդ բոլոր դերերի մասնակիցների պատմական հիշողությունը պահպանել է այն ժամանակվա էջերը: Նրա առյուծի բաժինն, իհարկե, զոհի կոլեկտիվ հիշողությունն է, ինչպես նաև այդ հումանիտար աղետին վերաբերվող բազմաթիվ նյութական վկայությունները, փաստաթղթերը, հաշվետվությունները , դեկլարացիաները, բանաձևերը և այլ վկայություններ: 
Շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ նույնպես իրենց ինստիտուցիոնալ հիշողության մեջ պահպանում են այդ ոճրագործության առանցքային պահերը: Սակայն ցեղասպանության պատմական հիշողությունը դրանով չէր կարող սպառվել, այն պետք է պահպանվեր նաև այդ եղեռնագործության հեղինակների և կատարողների մոտ: 
Ի՞նչ է մնացել նրանց հիշողության մեջ: Այն մասին, թե ինչ է պահպանվել Կայսրության հիշողության մեջ կարելի է դատել ըստ Օսմանյան արխիվների: Որքանով են դրանք ճշմարտացի և մատչելի` թող ասեն այդ արխիվների վրա աշխատող մասնագետները: Սակայն, այն ամենի մասին, ինչ ժառանգել են Կայսրության իրավահաջորդները, կարող են դատել բոլոր նրանք, ովքեր ի վիճակի են վերլուծել պատմությունը և այդ երկրի վարքագիծը, ինչպես նաև քաղաքական այրերի հայտարարությունները: 

Հայերի համար 1915 թվի ցրտաշունչ գարունը չդարձավ անցյալ: Նա մնաց որպես իրականություն` Հայրենիքի կորստով, աշխարհով մեկ սփռվելով, զոհի` նրան բնորոշ բոլոր բաղադրիչների բարդույթով, կորսված Հայրենիքի հանդեպ կարոտով ու լացով:Ողբերգությանը հաջորդած դարը նվիրված էր ողջ մնալուն և ցեղասպանության ճանաչմանը: Ցեղասպանության ողբերգությունից հետո, որը 1,5 միլիոն մարդկային կյանքեր խլեց, հայերը փորձում էին ապրել և պահպանել ազգը… 
Այդ նպատակը հետապնդելով՝ հայ կանայք քսաներորդ դարի 20-ական թվականներին ծննդաբերությունը հասցրին 56 պրոմիլեի /մեկը հազարի հարաբերությամբ/, այսինքն՝ կենսաբանական լավագույն ցուցանիշի, որպեսզի հայկական գենը չվերանա աշխարհի երեսից: Ազգի վերարտադրությունն ապահովելու նպատակով ժողովրդագրական վիճակագրության փոխհատուցումը համատեղվում էր մշակութային գենոֆոնդի վերարտադրությամբ: Ապրելունակությանն օգնում էր այն, որ հայերին հաջողվեց գտնել հավատի ու մշակույթի, իր լեզվի և սփյուռքի գոյատևության պահպանման բանաձևը: 

Հայերը շարունակեցին գոյատևել որպես ազգ նաև կոլեկտիվ հիշողության շնորհիվ, որի պահպանմանը նպաստեց զոհերի և կորսված Հայրենիքի հիշատակի հավերժացումը: Ոչ պակաս կարևոր դեր չխաղաց նաև ցեղասպանության ճանաչման գործընթացը, որը սկզբնական շրջանում նպատակ ուներ վրեժխնդրություն և պատիժ նրանց նկատմամբ, ովքեր մտածել և իրականացրել էին ցեղասպանությունը: 
Վրեժխնդրության առաջին գործողությունները ի կատար ածվեցին ժողովրդական վրիժառուների ձեռքերով, որոնք ոչնչացրին այն հանցագործներին, ովքեր մտածել և ի կատար էին ածել հարյուր հազարավոր անմեղ մարդկանց բնաջնջելու դժոխային ծրագիրը: Բայց ցեղասպանության հիմնական հանցագործ է համարվում պետությունը, որն իր ազգայնական խնդիրները լուծելու համար օգտագործեց մարդկանց ոչնչացնելու գործիքը: Այդ պատճառով էլ հատուցման գործընթացի կարևորագույն մաս դարձավ ցեղասպանության ճանաչումը, քանի որ առանց կատարված հանցագործությունը որպես ցեղասպանություն ճանաչելու` հնարավոր չէր լինի մարդկային չափանիշները զանցառած թուրքական պետության նկատմամբ հատուցման և պատժի պահանջը:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել