1in.am-ը գրում է.

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հերքել է խոսակցություններն այն մասին, որ պաշտոնից հեռանալով՝ ինքը երկիրը կղեկավարի կուլիսների հետևից: Ինչպես հայտնել է Իվանիշվիլին France-Presse-ին տված հարցազրույցում՝ ինքը դրանում տրամաբանություն չի տեսնում: «Ես տրամաբանություն չեմ տեսնում կուլիսների հետևից կառավարելու մեջ: Եվ չեմ պատրաստվում այդպես գործել»,- նշել է վարչապետը:

Ֆրանսիական լրատվական գործակալության հետ զրույցում Իվանիշվիլին նաև հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլին քաղաքական դիակ է, և որ նախագահական ժամկետի ավարտից հետո հավանաբար դատարանի առջև կկանգնի:

«Սաակաշվիլին քաղաքական դիակ է: Նա այլևս երբեք քաղաքական կարիերա չի ունենա Վրաստանում: Իմ կարծիքով՝ Սաակաշվիլին պետք է շատ հարցերի պատասխանի, և հենց այդ պատճառով շատ հնարավոր է, որ նա կհարցաքննվի»,- հայտարարել է Իվանիշվիլին:

Նրա խոսքով՝ դատախազները որոշում կընդունեն՝ հենվելով քննության վրա, և դա քաղաքականապես մոտիվացված չի լինի:

Իվանիշվիլին ևս մեկ անգամ հաստատել է, որ կլքի պաշտոնը նախագահական ընտրություններից հետո կարճ ժամանակ անց: 

«Երդմնակալությունից մեկ շաբաթ անց ես հրաժարական կտամ և կլքեմ վարչապետի պաշտոնը մինչև նոյեմբերի 24-ը»,- հայտարարել է Իվանիշվիլին:

Վրաստանի վարչապետը նաև նշել է, որ իր ենթադրությամբ՝ Գեորգի Մարգվելաշվիլին կհաղթի նախագահական ընտրությունների առաջին փուլում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել