Այսօր Հոլիվուդի ամենահայտնի «անբան» Քիմ Քարդաշյանը տոնում է իր 33-ամյակը: Նա պապարացիների և լրագրողների սիրելին է, իսկ ահա սովորական մարդիկ, հատկապես հայազգի, ոչ միանշանակ կարծիք ունեն նրա մասին: Ամեն դեպքում Քիմն արժանի է հարգանքի: Մենք առնվազն 4 պատճառ ունենք դրա համար:
Նա չի ամաչում իր մարմնից
Բնությունից գիրության հակված Քիմը երբեք չի բարդույթավորվել իր մարմնի պատճառով, ավելին` այն ազգային հպարտություն է դարձրել: Նա բացառել է իր զգեստապահարանից լայնարձակ հագուստը` շեշտը դնելով կիպ տաբատների և զգեստների վրա` ցուցադրելով իր 85-67-99 չափսերը:
Համացանցում ակտիվ քննարկում են` արդյո՞ք Քիմի կուրծքը բնական է, և արդյո՞ք նա արհեստական իմպլանտներ չի տեղադրել հետույքում: Ի պատասխան Քիմն անում է հետույքի ռենտգեն ու ցուցադրում նկարը խցիկներին` ապացուցելով, որ ոչ մի օտար մարմին չունի հետույքում:
Քիմը կարող է հանգիստ ուտել համբուրգեր, հետո հայտարարել, որ բոլոր աղջիկների նման ցեյլուլիտ ունի. «Այո, ես ցեյլուլիտ ունեմ: Միայն թե չեմ հասկանում, թե ինչու է այն շատերի համար մահապատժի պես հնչում: Պետք է սովորել սիրել սեփական մարմինը, իսկ ցեյլուլիտից չես խուսափի»:
Չի կարելի ասել, որ հենց Քիմն է նորաձևության մեջ մտցրել թմբլիկ մարմինը, բայց նա ցույց է տվել, որ անիմաստ է ամաչել լայն կոնքերից և ոչ այդքան բարակ իրանից:
Նա գիտի, թե ինչ է ուզում և կարողանում է հասնել դրան
Քիմը երբեք չի թաքցրել, որ երազում է փառքի մասին: Քիմը հայտնի է դարձել իր նախկին ընկերոջ կողմից YouTube տեղադրած ինտիմ տեսանյութից հետո: Բայց home-տեսանյութի աստղի համբավը երկար չմնաց Քիմի մոտ: Որոշ ժամանակ Քիմը հայտնի էր միայն որպես Փերիս Հիլթոնի ընկերուհի: Հենց Փերիսի համբավը սկսեց պակասել, Քարդաշյանը կռվեց ընկերուհու հետ: Հիլթոնի հետ ընկերությունից շահ չկար, իսկ հոլիվուդյան լավ վեճի PR-ազդեցության մասին բոլորս գիտենք:
Թվում է` Քիմը միշտ ձգտել է իր կյանքն այնպես դասավորել, որպեսզի ստանա առավելագույն PR-արդյունք: Կոմերցիոն գենը չափազանց ուժեղ է Քարդաշյանների ընտանիքում: Քիմի մայրիկը բավականին արագ գիտակցեց, որ ԱՄՆ-ում մարդիկ սիրում են հետևել մյուսների կյանքին: Շուտով էկրաններին հայտնվեց Keeping Up with the Kardashians ռեալիթի-շոուի առաջին սեզոնը: Ժանրը նորություն չէր, բայց հենց Քարդաշյանների շոուն անցավ բոլոր ռեկորդները և արդեն եթերում է 6 տարի:
Նա կարողանում է ոչնչից գումար ստեղծել
Եթե կինը մորթե մուշտակ է ուզում, նա կամ իր տղամարդուն է խնդրում, կամ ինքն է վաստակում: Քիմը նախընտրում է գործել միանգամից բոլոր ճակատներով: Իր բանկային հաշվի մասին Քարդաշյանը կարող է չանհանգստանալ: Միայն Twitter-ի իր հաշիվը կարող է ապահովել նրա անհոգ ծերությունը: Ասում են, որ Twitter-ով մեկ գովազդի համար Քիմը ստանում է $10 000: Քիմը կարողացել է փող վաստակել նաև իր հարսանիքի միջոցով:
Այն ժամանակ, երբ Քիմի ավագ և կրտսեր քույրերը վայելում էին իրենց ընտանեկան կյանքը, Քիմը հետաձգում էր ամուսնությունը: Հարցազրույցներում նա ասում էր, որ դեռ չի գտել իր երկրորդ կեսին, ում հետ պատրաստ կլինի կիսել և ուրախությունը, և տխրությունը (և իհարկե բանկային հաշիվը): Անհրաժեշտ տղամարդ գտնվեց 2010 թվականին, բայց բասկետբոլիստ Քրիս Համփրիսի հետ ամուսնությունը կարճ տևեց (72 օր): Բայց ամուսնալուծության զոհի տեսք Քիմը չուներ:
Միայն հարսանիքի վրա նորապսակները 18 միլիոն դոլար վաստակեցին: Եվ դա հյուրերի նվերները չէին (ի դեպ դրանք, ինչպես նաև ամուսնական մատանին, Քիմը հրաժարվեց վերադարձնել): Քիմի հարսանիքը ցույց էին տալիս հեռուստատեսությամբ, իսկ ռեալիթի-շոուի` հարսանիքին նվիրված սերիաներն անցան բոլոր ռեկորդները: Էլ չենք խոսում ամսագրերին հարսանիքի էքսկլյուզիվ լուսանկարները վաճառելու մասին:
Վերջերս նա վաճառել է իր ամուսնական Lorraine Schwartz մատանին $749 000-ով:
Նա կարողանում է ընտրել տղամարդկանց
Միշտ: Անգամ եթե թվում էր, թե այդ սիրավեպը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Օրինակ ռեփեր Ռեյ Ջեյը, ով սկանդալային տեսանյութի հեղինակն էր, ստիպեց լրագրողներին խոսել Քիմի մասին: Այսօր Քիմի տղամարդը Քանյե Ուեսթն է: 2013-ի հունիսի 15-ին Քիմը Քանյեին դուստր պարգևեց, իսկ Քանյեն խոստացավ աշխարհին, որ Քիմից նորաձևության իսկական մարմնացում կդարձնի: Բացարձակապես դեն նետելով այն ամենը, ինչ Քիմը կրում էր, Քանյեն սկսեց կերտել Քիմի նոր կերպարը: Նա սկսեց կրել Rick Owens, Maison Martin Margiela բրենդների հագուստ և աքսեսուարներ: Սպասենք նորությունների հայազգի գեղեցկուհու կողմից, չէ՞ որ նա երբեք մեզ չի հիասթափեցնում: