Slaq.am-ը գրում է.
Slaq.am-ը շարունակում է վերլուծել ամենաազդեցիկ գործիչների բուրգը և այս անգամ մենք ներկայացնում ենք շոու բիզնեսի ներկայացուցիչներին:
Ըստ մեր վերլուծության` ամենաազդեցիկ շոու բիզնեսի ներկայացուցիչը Շուշան Պետրոսյանն է, ով լինելով Ազգային ժողովի պատգամավոր` բավականին լավ անձնական հարաբերություններ ունի նախագահի հետ: Նա այսօր համարվում է շոու բիզնեսի ամենաազդեցիկ դեմքը: Նրա միջոցով շատ շատերը տարբեր բնույթի խնդիրներ են լուծում, քանզի իշխանական համակարգում նա ունի բավականին լավ անձնական կապեր: Պետք է նկատել, որ Շուշան Պետրոսյանի կապերը լավ մակարդակի վրա են եղել նաև նախկին իշխանությունների օրոք` մասնավորապես Վազգեն Սարգսյանի հետ, և դեռևս այդ ժամանակներից սկսած շատերը իրենց խնդիրները լուծել են Շուշան Պետրոսյանի միջոցով:
Ամենաազդեցիկ շոու բիզնեսի ներկայացուցիչներից է նաև երգչուհի Սիրուշոն, քանզի նա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարսն է, հետևաբար շատ և շատ խնդիրներ նրա միջոցով լուծվել են և նաև այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը եղել է գործող նախագահ, և այսօր, երբ նա արդեն նախկին նախագահ է:
Ըստ մեզ` շոու բիզնեսի ազդեցիկ դեմքերից է նաև «Կարգին Հայկոն»: Ճիշտ է, նա ազդեցիկ է ոչ այն պատճառով, որ ունի լավ կապեր իշխանական համակարգում, այլ նրա համար, որ ի տարբերություն շատ գործիչների` ունի բարձր հասարակական վարկանիշ, որը ձեռք բերեց վերջին շրջանում, երբ սկսվեց «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիան: Այսօր Հայկոն այն քիչ շոու բիզնեսի ներկայացուցիչներից է, ով իրականում հասարակական լայն զանգվածների մոտ ունի բարձր վարկանիշ և սա է պատճառը, որ մենք նրան համարում ենք ազդեցիկ:
Մյուս ազդեցիկ դեմքերից է երգիչ Հայկոն, ով ևս բավականին լավ հարաբերություններ և կապեր ունի իշխանական տարբեր ինստանցիաներում: Բացի այդ նրա հարսանիքի քավորն է Արթուր Ջանիբեկյանը, ով, կարելի է ասել, այսօրվա շոու բիզնեսի և Հայաստանի ներսում և դրանից դուրս ընդգծված լիդերն է, հետևաբար նման քավոր ունենալու պարագայում Հայկոն դառնում է ազդեցիկ գործիչ և շատ խնդիրներ կարողանում է հեշտությամբ լուծել:
Շոու բիզնեսի ազդեցիկ ներկայացուցիչներից է նաև երգիչ Արմենչիկը, ով թեև Հայաստանում մեծ կապեր չունի իշխանական այս կամ այն համակարգերի հետ, բայց նա էլ լավ հարաբերություններ ունի Հայաստանից դուրս հարստացած մեծահարուստ հայերի հետ և այդ կապերն օգտագործելով` նա կարողանում է իր ազդեցությունը պահպանել:
Ազդեցիկ է նաև Նունե Եսայանը, քանզի երկար տարիներ լինելով շոու բիզնեսի մեջ` նա ևս կարողացել է ձևավորել իր համար այնպիսի հարաբերություններ, այնպիսի կապեր, որոնք ևս նրան ազդեցիկ են դարձնում:
Նունե Եսայանի ազդեցության գործակիցն ունի նաև Թաթան, ում ազդեցությունն այս տարիների ընթացքում ձևավորվել է շփումների արդյունքում: Ընդհանրապես` շոու բիզնեսի գործիչների ազդեցությունը նրանց անձնական կապերի մեջ է, որոնք ձևավորվում են այս կամ այն հարուստների կամ պաշտոնյաների անձնական միջոցառումներին երգելով, նրանց ընտանեկան միջոցառումները գեղեցկացնելով: Նրանք այդ ընթացքում ձևավորում են անձնական հարաբերություններ, որոնք և օգտագործում են իրենց ազդեցության զոնաները բարձրացնելու համար:
Հովհաննես Ազոյանը ևս բավականին ակտիվ և ազդեցիկ գործիչ է այն իմաստով, որ ժամանակ առ ժամանակ նա թեև աշխատելով իշխանական հեռուսաընկերությունում` իրեն թույլ է տալիս ընդդիմադիր տեսակետներ ներկայացնել և շատ հարցերում կանգնել ընդդիմության կողքին: Հենց սա էլ նրան տալիս է ազդեցություն և այս պարագայում այդ ազդեցությունը բավական հիմնավորված է, քանզի այդ ազդեցությունը ոչ թե ձևավորվել է այս կամ այն պաշտոնյաների հետ անձնական կապերի արդյունքում, այլ ուղիղ հասարակության որոշակի շերտերի կողմից նրանց կողմից ունեցած վստահության և հարգանքի արդյունքում:
Շոու բիզնեսում իր մեծ ազդեցությունն ունի նաև երգիչ Արման Հովհաննիսյանը, նա էլ իր կապերը ձևավորվում է այս կամ այն հարուստի կամ պաշտոնյաի անձնական միջոցառումներին երգելով, նրանց ընտանեկան միջոցառումները գեղեցկացնելով:
Նազենի Հովհաննիսյանը, մեր կարծիքով, ևս համարվում է շոու բիզնեսի ազդեցիկ ներկայացուցիչ, քանզի նա էլ այս տարիների ընթացքում կարողացել է ձևավորել ամենատարբեր կապեր ամենատարբեր ռանգի պետական պաշտոնյաների և իշխանական ներկայացուցիչների հետ և շատ հաճախ այդ հարաբերությունների և անձնական կապերի շնորհիվ նա, շոու բիզնեսի մյուս ազդեցիկ դեմքերի նման, կարողանում է լուծել բոլոր այն խնդիրները, որոնք ծառացած են լինում իր կամ իր շրջապատի առջև:
Հ.Գ. Հետաքրքիրն այն է, որ շոու բիզնեսի ներկայացուցիչները, փաստորեն, իրենց գործունեության արդյունքում ոչ միայն փող են աշխատում, կարողություններ են կարողանում դիզել, այլ նաև ձևավորում են ազդեցիկ կապեր, որոնք շատ հաճախ կարողանում են աջակցել նրանց էլ ավելի շատ փող աշխատելու և հասարակությունում իրենց քաղաքացիներից ավելի վեհ դասելու հարցում: Արդյունքում ձևավորվում է մի մթնոլորտ, երբ շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատ շատերին հասարակությունն ուղղակի չի սիրում և նրանց միջև առաջանում է անջրպետ, որովհետև հասարկությունը տեսնելով, որ շոու բիզնեսի այդ ներկայացուցիչներն իրենից շատ ավելի լավ են ապրում, ուղղակի չեն կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է մի երկրում, որտեղ հասարակության մեծ մասը լավ չի ապրում, իր ծափահարություններով առաջ գնացող աստղաբույլը այդքան անջրպետված լինի և իր հոգսերով չապրի: