Տղամարդու գեղեցկության մասին բոլոր ասացվածնքները, որպես կանոն, ասում են, որ տղամարդու արտաքինը կարևոր չէ: Բայց ժամանակները փոխվում են, և ժամանակակից տղամարդիկ գիտեն իրենց դեմքի գինը, որը հիանալի ներդրում կարող է լինել: Այս նյութի հերոսները հենց այդպես էլ անում են` հսկայական գումարներ աշխատելով իրենց գեղեցկության շնորհիվ:
Forbes ամսագիրը կազմել է ամենահարուստ տղամարդ-մոդելների ցուցակ:
Իր 24 տարեկանում Շոն Օ`Պրայը տարեկան 1.5 միլիոն դոլար է վաստակում: Ամերիկացի Շոնը, ի դեպ, «համացանցային եկվոր է». նա պարզապես իր լուսանկարն էր տեղադրում սոցիալական ցանցերում, մինչև նրանով չհետաքրքրվեցին հայտնի ոճաբանները: Արդյունքում Շոն Օ`Պրայը նկարահանվում է Giorgio Armani, Versace, H&M, Hugo Boss և Salvatore Ferragamo բրենդների համար:
23-ամյա կանադացի Սայմոն Նեսսմանն արդեն մի քանի տարի է մնում է Michael Kors-ի գովազդային արշավի անփոխարինելի դեմքը: 2013թ-ի ընթացքում նրա եկամուտն ավելացել է 1.1 միլիոն դոլարով: Սայմոնը նկարահանվում է նաև Calvin Klein և Armani բրենդների գովազդում: Իսկ մոդելային աշխարհում հայտնվել է պատահաբար. ընկերուհին կատակի համար ուղարկել էր Սայմոնի նկարը մոդելային գործակալություն...
30-ամյա ռուսաստանցի Արտուր Կուլկովին ճանաչում են նաև Արևմուտքում: Տղան գնացել էր ԱՄՆ մենեջմենթ սովորելու, բայց շուտով հասկացել էր, որ իր արտաքինով կարող է շատ ավելին վաստակել: Երբ մոդելային գործակալն առաջարկել էր Արտուրին մոդել դառնալ, վերջինս մտածում էր, որ դա տղամարդուն վայել գործ չէ, բայց իմանալով եկամտի մասին, փոխեց միտքը: Արդյունքում` տարեկան $905 000:
30-ամյա ամերիկացի Նոա Միլսն այս տարի վաստակել է $740 000: Ինչպես տղամարդ մոդելների մեծ մասին, նրան նույնպես «որդեգրել է» Dolce&Gabbana բրենդը: Ի դեպ Նոայի հետ գովազդային արշավների ժամանակ նկարահանվում են այնպիսի հայտնի մոդելներ, ինչպիսիք են Նատալյա Վոդյանովան, Լետիցիա Կաստան և անգամ Նաոմի Քեմփբելը:
35 տարեկանում Ռայան Բերնսին կարելի է նորաձևության ինդուստրիայի իսկական վետերան համարել: Նրա տարեկան եկամուտը կազմել է $610 000, համագործակցում է Zegna ապրանքանիշի հետ: Ամենից հաճախ գովազդում է տղամարդու կոստյումներ և օծանելիք:
Թայսոն Բալլոուն իր 36 տարեկանում չի էլ մտածում լքել նորաձևության աշխարհը. չէ՞ որ այն իրեն ապահովում է տարեկան $425 000: Մոդելային բիզնեսում դեռ պատանի հասակից է, 20 տարեկանից համագործակցում է DKNY, Moschino, Versace, Armani, Valentino, H&M, Calvin Klein, Jil Sander և Salvatore Ferragamо բրենդների հետ:
31-ամյա անգլիացի Օլլի Էդվարդսը բավականին ուշ է սկսել մոդելային կարիերան` ընդամենը 5 տարի առաջ: Բայց այս ընթացքում հասցրել է լինել Ralph Lauren բրենդի դեմքը, պայմանագիր է կնքել Neiman Marcus, DKNY և Brioni բրենդների հետ և տարեկան վաստակել է $410 000:
Իսպանացի Ջոն Կորտախարենան գրավել է աշխարհն իր հմայիչ հայացքով: Նրա կարիերան սկսել է Բարսելոնայում, երբ ինքը պատահաբար հայտնվել է նորաձևության ցուցադրությանը: Ջոնին հաճախ առաջարկում են գովազդել ակնոցներ, չէ՞ որ պարզապես անհնար է չնկատել նրա աչքերը: 28-ամյա Ջոնի տարեկան եկամուտը կազմել է $290 000:
25-ամյա դանիացի Տոբիաս Սորենսենը ցուցակի վերջին հորիզոնականում է իր $265 000 տարեկան եկամուտով: Տղամարդկային արտաքինն ու այտի վրա արտահայտիչ սպին նրա այցեքարտն են դարձել և օգնել են դառնալ Zara բրենդի դեմքը, ապա նաև համագործակցել Diesel և Dolce&Gabbana բրենդների հետ: