Ինչպես բազմաթիվ երկրներում, այնպես էլ Հայաստանում հղիության արհեստական ընդհատումը նույնպես մեծ դեր է խաղում ծնունդների թվի կրճատման հարցում։ Հղիության արհեստական ընդհատումը հաճախ կապակցվում է սեռական հարաբերության ընդհատման (հեշտոցից դուրս սերմնաժայթքման) ձախողման հետ։
Ժամանակակից հակաբեղմնավորիչների կիրառումը հայաստանաբնակ կանանց շրջանում անհամեմատ քիչ տարածում ունի, քան Արևմտյան կամ Կենտրոնական Եվրոպայում։ 2010 թթ. իրականացրած առողջապահական, ժողովրդագրական հետազոտությունների արդյունքների համաձայն, հակաբեղմնավորիչ միջոցներ են օգտագործել հարցված կանանց 55%-ը, որից ընդամենը 27%-ն է օգտագործել ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցներ:
Բազմաթիվ կանայք, ըստ երևույթին, վարանում են այդ միջոցներն օգտագործել՝ վախենալով դրանց ենթադրյալ կողմնակի ազդեցությունից և վնասակարությունից, մեկ այլ գործոն կարող է լինել դրանց արժեքը։
Հայաստանում հղիության արհեստական ընդհատումն օրինական է համարվում սկսած 1920թ.-ից: 1936-ին այն արգելվել է, ապա կրկին թույլատրվել` 1955թ.-ին։ Անկախացած Հայաստանում հղիության արհեստական ընդհատման դրույթ ամրագրված է վերարտադրողական առողջության և իրավունքների մասին 2002թ. օրենքում։ Այժմ այն թույլատրելի է համարվում, եթե կինն այդ հարցով դիմում է մինչև 12 շաբաթական հղիության ընթացքում։ Հղիության արհեստական ընդհատման համար սովորաբար գանձվում է մոտավորապես 12-20.000 ՀՀ դրամ։ Ըստ 2002թ. օրենքի` հղիության արհեստական ընդհատումն ավելի ուշ՝ մինչև 22 շաբաթական ժամկետում, կարող է իրականացվել միայն առողջական կոնկրետ պայմաններում կամ բռնաբարության դեպքում։ Այն իրականացնում են պրոֆեսիոնալ բժիշկները արտոնագրված պետական և մասնավոր բուժհաստատություններում, և շատ գոհացնող է դրա անվտանգությունը երկրում, չնայած նման միջամտություններին սովորաբար հատուկ են բարդությունների ռիսկեր։ Միայն բավարար է նշել, որ վերջին 10 տարում աբորտից մայրական մահացություն չի եղել:
Ըստ «Հանուն ընտանիքի և առողջության» հայկական ասոցիացիայի տվյալների` որոշ դեպքերում հղիության արհեստական ընդհատումներ են իրականացվում նաև չարտոնագրված բժիշկների կողմից՝ ավելի ցածր գնով։ Ուսումնասիրությունների մեջ ներառված լինելով՝ հղիության արհեստական ընդհատումը շարունակում է մնալ քանակական առումով թերի գնահատված, քանի որ չկա համակարգված վիճակագրական հաշվառում։ Այդուհանդերձ, «Ժողովրդագրության և առողջապահության հետազոտական» (ԺԱՀ) կենտրոնի տվյալները վկայում են վերջին շրջանում երկրում հղիության արհեստական ընդհատումների թվի և հաճախականության նկատելի կրճատման մասին. 2010թ. ԺԱՀ-ի հարցման համաձայն, մեկ կնոջ հաշվով հղիության արհեստական ընդհատումների թիվն իջել է մինչև 0,8, և հղիությունների միայն 29%-ն է ավարտվում արհեստական ընդհատմամբ` ի տարբերություն տասը տարի առաջ արձանագրված 55%-ի։ Հղիության արհեստական ընդհատումների հաճախականության այս նվազման գործոններից կարող են լինել հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդների օգտագործման զգալի աճը և դրա հետ մեկտեղ ավանդական մեթոդներից հրաժարումը:
Արձանագրված այս նվազման մեկ այլ պատճառ կարող է լինել վերջերս հաջողությամբ տարածում գտած վիժեցնող դեղամիջոցի՝ «Սայտոտեկի» («Միզոպրոստոլ») օգտագործումը։ Այս դեղամիջոցը, որը սովորաբար օգտագործվում է խոցերի բուժման նպատակով, վաճառվում է դեղատներում առանց դեղատոմսի, և թանկ չէ։ Սակայն հիմնականում այն օգտագործվում է հղիության արհեստական ընդհատում առաջացնելու նպատակով։ Պետք է նաև հաշվի առնել, որ առանց բժշկի հսկողության այդ դեղամիջոցն օգտագործելը լի է անկանխատեսելի հնարավոր բացասական հետևանքներով՝ արյունահոսությունից և անպտղությունից մինչև մահ: