Ի՞նչ մեղք են մեր իշխանությունները: Ապօրինությունների անսահման ազատությունը բախվել է հասարակական ընդդիմությանը, և հիմա նրանք, ՛՛անհրաժեշտ՛՛ ոստիկանական միջոցներով տրամադրելով, օրինակ, Սամվել Ալեքսանյանին՝ թողել են նրան, որ ինքը լուծի իր հարցերը հասարակության հետ: Քանի որ սա անսովոր իրավիճակ է, Սամվել Ալեքսանյանը փորձում է կրկնօրինակել քաղաքացիական դիմադրության ճակատի գործողությունները: Հասկանալի է, որ այս ոճում նրա ինտելեկտուալ ռեսուրսները քիչ են, և որքան էլ նրա հովանավոր իշխանությունները չօգնեն, պարոնը չի կարողանում իր ապօրինինությունների հիմնավորված պատասխան տալ՝ բացի մի քանի խեղճ կանանցից կազմված խումբը վերջնականապես անվանարկելը: Այս խեղճերն էլ կռվում են օրվա հացի համար: Սա, իհարկե, շատ լուրջ մոտիվացիա է, հատկապես, որ այս նվաստացած մարդկանց համար գնալով նվազում են օրվա հացը հայթայթելու հնարավորությունները: Տարօրինակ է, որ քաղաքացիական ակտիվիստներին չեն միանում փոքր խանութատերերը, ովքեր շուկայից դուրս են մղվում սուպերմարկետային ցանցի կողմից: Եթե քաղաքացիական ճակատը հիմնականում պայքարում է իրավական ամենաթողության և կողմնակալության, մշակութային արժեքների ոչնչացման դեմ, երկրորդների մոտիվացիան դասային է՝ Հայաստանում այդպես էլ չձևավորվող միջին եկամտի դասի դժվարությունները թե անձնական, թե հասարակական մակարդակներում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/251356a88349928?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել